Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի հուլիսի 14-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրված 5 թեկնածուներից մեկը համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ-ական Վովա Սահակյանն է:
«Գյուղում աշխատանքային մթնոլորտ է: Առաջադրումն ավարտվել է, գրանցումը կավարտվի վաղը: Հետո չգիտեմ ինչ կլինի, ինչպես կդրսեւորեն այդ ուժերը իրենց, չգիտեմ, բայց այս պահին գյուղում լարվածություն չկա»,- Aravot.am-ին ասաց գյուղապետի թեկնածու Վովա Սահակյանը:
Նրա խոսքերով, 5 թեկնածուներն էլ գյուղի տղաներն են՝ գյուղացիներին լավ ծանոթ:
ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի առաջադրվելու մասին պարոն Սահակյանը չի ցանկանում խոսել: Մեր հարցին՝ նոր լարվածություն այդ թեկնածուն իր հետ կբերի՞, ասաց. «Եթե իմ կարծիքն ասեմ` իմ խոսքը որպես շահագրգիռ թեկնածու կընկալվի: Չեմ կարող ասել, ընթացքը ցույց կտա: Գյուղում հանգիստ վիճակ է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի հետ կատարվածից հետո չի՞ վախեցել իր թեկնածությունը առաջադրել, ասաց. «Դաշնակցականները Սուլթան Համիդից ու Ռուսաստանի Նիկոլայ ցարից չեն վախեցել, ումից պետք է վախենան: Էս պահին մեր գյուղում վախի, հաշվեհարդարի մթնոլորտ չկա»:
Ըստ մամուլի տեղեկությունների, ՀՀԿ-ն մշտապես ձգտել է այս գյուղում իր իշխանությունը հաստատել, մեր հարցին՝ ՀՅԴ-ական սպանված գյուղապետի հետ մշտապես հակասություններ ունեցած ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանն այս անգամ ի՞նչ շանսեր ունի, պարոն Սահակյանն ասաց.«Ցանկացած քաղաքական ուժ ասպարեզ է մտնում իշխանությունը վերցնելու: Չգիտեմ հետո ինչ կլինի: Բայց իմ կողմից չկա անհանգստություն, որովհետեւ մենք հաղթող տեսակն ենք: Երեք ընտրություն հաղթել ենք, այդ պայքարի մեջ ոչ մի բանից չենք վախեցել: Պռոշյանում միշտ արհեստածին մթնոլորտ, քաշքշուկներ ստեղծելով հանդերձ, ի վերջո ընտրությունները եղել են արդար , ժողովրդին չեն կարողացել ահաբեկել: Ժողովուրդը պահի տակ նեղվել է, բայց գնացել ու իր ընտրությունը կատարել է: Հաղթող թեկնածուն եմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ