Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցմահ դատապարտյալներին պետք է բուժել, ոչ թե՝ պատժել». հոգեբան

Հունիս 24,2013 15:19

Հունիսի 19-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանի՝ ծածկոցի բարակ շերտակտորով կատարված ինքնասպանության դեպքից հետո հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունները կրկին բարձրաձայնում են ցմահ ազատազրկվածների խնդիրների մասին, որոնք, ըստ էության, բազմաթիվ են ու տարատեսակ:

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն, որն աշխատում է ցմահ դատապարտվածների հետ, այսօր «Հայելի» ակումբում խոսելով Հազրոյանի ինքնասպանության դեպքի մասին՝ ասաց, որ անձնապես ծանոթ չի եղել դատապարտվածի հետ:

«Ես քաղաքում չէի, բացակայում էի: Եկա, լրատվամիջոցներից իմացա դեպքի մասին: 100 ցմահ դատապարտյալներից մոտ 50-ի հետ անձնական զրույց չեմ ունեցել: Այս տղայի հետ էլ անձնական զրույց չեմ ունեցել»,- ասաց քահանան ու նշեց, որ ցմահ դատապարտյալների հետ հանդիպելու համար ամսվա մեջ ընդամենը երկու օր է ունենում ու չի հասցնում բոլորի հետ շփվել:

«100 մարդ, 100 ճակատագիր, 100 մոտեցում»,- հենց այսպես բնորոշեց տեր Գրիգորը ցմահ դատապարտյալներին:

Ըստ քահանայի՝ նրանք շատ տարբեր են եւ չի կարելի «բոլորին մեկ սանրով սանրել»:

«Նրանց մեջ մտավորական մարդիկ կան, տարբեր են նրանց նպատակները: Մարդիկ կան, որոնք խորը հավատացյալներ են: Բայց նրանց մեծ մասը դեռ հույսեր է փայփայում, որ չորս պատից այն կողմ ապագա է լինելու»,- նշեց քահանան՝ կարեւորելով, որ յուրաքանչյուր ցմահ ազատազրկվածի հանդեպ անհատական մոտեցում պետք է ցուցաբերել:

Ասուլիսին ներկա հոգեբան Սամվել Խուդոյանը կարծիք հայտնեց, որ ցմահ դատապարտյալներին պետք է բուժել, այլ՝ ոչ թե պատժել, քանի որ, հոգեբանի բնորոշմամբ, այնպիսի ծանր հանցագործություններ, որոնք այդ մարդիկ են կատարել, միայն հոգեպես հիվանդ մարդիկ են իրենց կարող թույլ տալ:

Հոգեբանի խոսքով՝ ցմահ դատապարտյալների շրջանում ամենակարեւոր հոգեբանական խնդիր է կյանքի իմաստի կորուստը ու տարիներով դատապարտյալների փակ ռեժիմում պահելը, քանի որ վերջին հանգամանքն, ըստ հոգեբանի, հանգեցնում է անձի հետզարգացման:

Իսկ «Անմեղության հայկական ծրագիր» հ/կ նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանը նկատեց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալների համար պարտադիր կա պատժի տարբեր մեթոդներ, սակայն, խրախուսանքի մեթոդներ գոյություն չունեն:

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ ամսական երկու անգամ այցելության փոխարեն՝ փորձում է դատապարտյալներին այցելել 4 անգամ, հիմնականում աշխատում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալների հետ:

Aravot.am-ի հետ զրույցում քահանան նշեց, որ իր զբաղվածության պատճառով չի կարողանում ավելի հաճախ այցելել դատապարտվածներին:

«Ժամը 12-ից մինչեւ 4-ն եմ լինում դատապարտյալներ հետ: Լինում են այնպիսի դեպքեր, երբ ողջ օրը հասցնում եմ խոսել ընդամենը մեկ դատապարտյալի հետ: Մարդը բանտախցից դուրս է գալիս, ես զգում եմ, որ նա պատմելու շատ բան ունի»,- ասաց տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը:

Մենք հետաքրքրվեցինք, թե եղե՞լ են կյանքի իմաստը կորցրած այնպիսի դատապարտյալներ, որոնց քահանան կարողացել է իր զրույցներով ու խորհուրդներով օգնել:

Տեր Գրիգորը նշեց, որ ավելի լավ կլինի այդ հարցն ուղղել դատապարտյալներին, բայց ասաց, որ կան ցմահ դատապարտվածներ, որոնք հավատի ու խոսելու կարիք միշտ էլ ունենում են:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930