Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ձկնաբուծությունն էլ է մոնոպոլացնում

Հունիս 24,2013 14:52

Միջին ձկնաբուծական տնտեսությունները կործանման եզրին են. կառավարության որոշման հիման վրա հանձնարարական է տրվել այդ ձկնաբուծարաններին ներդնել 700 հազար եվրոյից մինչեւ 1.5 միլիոն եվրո արժողության նոր տեխնոլոգիաներ եւ աշխատել կիսափակ ցիկլով, որը ջրային ռեսուրսների խնայողություն կանի: Սակայն, ինչպես այսօր «Ելակետ» ակումբում ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը, միջին համարվող ձկնաբուծարաններն ի վիճակի չեն նման հսկայական ծախսեր անել, այդ  սարքավորումները ներդնել. «Այդ տնտեսությունները վարկերի տակ են, հացի փող են աշխատում: Մենք խնդրի լուծման համար առաջարկում ենք գոնե էժան վարկեր տրամադրեն, տեղական գիտնականների առաջարկած` էներգախնայողության մեթոդը կիրառել, այլ ոչ թե պարտադիր եվրոպականը»:

Սրանց հետ մեկտեղ, պարոն Աթոյանը, ձկնաբուծարաններին փրկելու համար առաջարկում է նաեւ  ձկան կերի ներմուծումը Հայաստան` առանց միջնորդների, իսկ այս առաջարկությունները կիրառել միայն փոքր եւ էլեկտրաէներգիայով աշխատող ձկնաբուծարանների համար:

Ըստ հ/կ նախագահի. «Մենք հիմա նորից խորքային հորերի հորատման խնդրի առջեւ ենք կանգնած, նորից տրվում են որոշակի թույլտվություններ, ըստ մեր տեղեկությունների, իրենց ուզած մարդկանց  հետին ամսաթվով են թույլ տալիս հորատում անել, բայց հիմա արգելված է»:

Պարոն Աթոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գայ գյուղի բնակիչներից մեկին, որը փոքր ձկնաբուծարան ունի, արգելում են հորատել եւ աշխատել, իսկ ովքեր «բարեհամբույր» մոտեցում են ցուցաբերում համապատասխան լիազոր մարմնի նկատմամբ, հանգիստ թույլ են տալիս. «Այդ ազատամարտիկը անչափահաս երեխաներ ունի, ապրուստի այլ միջոց չունի»:

Այս նոր մոտեցումը, պարոն Աթոյանի ներկայացմամբ` սպանում է նախկինում գոյություն ունեցող ձկնաբուծարանները, քանի որ նոր հորատումներն ավելի ցածրադիր վայրերում են լինում, եւ նախկինում կառուցած ձկնաբուծական տնտեսությունների պաշարները կլանում են:

Պարոն Աթոյանի ներկայացրած տվյալներով 234 ձկնաբուծարաններից 57-ը չեն գործում, այժմ 97-ը, որոնք դիտվում են որպես փոքր ձկնաբուծարաններ,  շատ վատ վիճակում են եւ առայժմ կառավարությունը մի փոքր մեղմ է նրանց հանդեպ, իսկ 83 ձկնաբուծարաններին պարտադրված է մինչեւ 2014 թվականի վերջը ունենալ նորագույն թանկարժեք տեխնոլոգիան, հակառակ դեպքում աշխատելու թույլտվություն չեն ունենա. «Ընդամենը մի քանի հատ ձկնաբուծարաններ, խոշորները կարող են նման ներդրումներ անել»:

Aravot.am-ի այն հարցին, արդյոք կառավարության նման պահանջով ոլորտը մենաշնորհելու միտում չկա՞, պարոն Աթոյանն ասաց.«Մենաշնորհացման միտում տեսել եմ դեռեւս 2 ամիս առաջ, եւ պաշտոնական գրությամբ վարչապետին եւ նախագահ Սերժ Սարգսյանին դիմել եմ»:

Հ/կ-ի ղեկավարն ասաց, որ այս ոլորտի փոքր ու միջին տնտեսվարողներին  անհրաժեշտ է պետական աջակցություն, եթե կառավարությունը չի ուզում, որ այդ մարդկանց գործը քայքայվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930