Այսօր Երևանում բրիտանական դեսպանատանը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը և «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանը այլ ձեւաչափի ասուլիս անցկացրին՝ թեյի սեղանի շուրջ:
Անդրե Սիմոնյանն ու իր ընկերները «Հայսուպերսթար», «The Voice of Armenia» և «X Factor» նախագծի մասնակիցների հետ համատեղ հունիսի 28-ին տիկնիկային թատրոնում հանդես կգան բարեգործական ակուստիկ համերգով՝ այդպիսով աջակցելով բրիտանական դեսպանատան` Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման նախաձեռնությանը:
Դեսպանը նշեց. «Համոզված եմ, որ գիտեք Գյումրիի Բայրոնի անվան դպրոցի մասին, որը բրիտանացիների նվերն էր հայ ժողովրդին, ես մտահոգ եմ այդ կառույցով, որի ողջ նյութը բերվել է Մեծ Բրիտանիայից, իսկ բրիտանացի շինարարները ինն ամիս են անցկացրել Հայաստանում»:
Նրա խոսքով, երբ տիկին Թետչերը բացել է դպրոցը, այն ի վիճակի է եղել հիմնարար անգլերեն կրթություն տալ: Շենքի ջեռուցման համակարգը նախկինում հարմար է եղել, իսկ այժմ պիտանի չէ: Դեսպան Քեթի Լիչն ասում է, որ այժմ մտադիր են նոր ջեռուցման համակարգ ստեղծել. «Կարծում եմ՝ Հայաստանը կայացած պետություն է, եւ կարելի է այդ գումարները երկրի ներսում հավաքել: Ես մարդկանց խրախուսում եմ հանգանակություն կատարել, ամենափոքր հանգանակությունն անգամ խրախուսելի է…Ինձ հուզել են բոլոր արձագանքները, կենդանի օրինակներից մեկն էլ Անդրեն է, որը ազգությամբ հայ է, բայց սովորել է Միացյալ Թագավորությունում, մի դպրոցում, որը նման է Գյումրիի՝ Բայրոնի անվան դպրոցին: Նա մոտեցավ ինձ եւ առաջարկեց համերգի միջոցով գումար հայթայթել»:
Կարդացեք նաև
Անդրե Սիմոնյանն էլ հավելեց, որ դպրոցական ժամանակ էր լսել Բայրոնի անվան դպրոցի մասին, որտեղ եղել է երեք տարի առաջ եւ զարմացել. «Այդքա՜ն անգլիական շունչ ուներ այդ դպրոցը: Մենք պետք է գնահատենք անգլիացիների նվերը՝ հայ ժողովրդին: Քանի որ ես երաժիշտ եմ, պրոդյուսեր, որոշեցի համերգի միջոցով աջակցել նախագծին, նաեւ մարդկանց հնարավորություն տալ լավ համերգ վայելել»: Նախագիծը կյանքի կոչելու համար 14 մլն դրամ է անհրաժեշտ: Որոշ մասը՝ շուրջ 9 մլն-ը արդեն հավաքվել է:
Ինչ վերաբերում է համերգին, մոտ 1000 դոլար է ակնկալվում տոմսերի վաճառքից, նախատեսված է նաեւ աճուրդ: Դեսպանը հույս ունի, որ Բայրոնի անվան դպրոցի շրջանավարտները, որոնք այժմ ՌԴ-ում, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում են ապրում, գուցե կոգեւորվեն եւ իրենց ներդրումը կունենան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ