Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտո՞ւմ է (Տեսանյութ)

Հունիս 24,2013 14:34

Հունիսի 21-ին ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր ելույթում կարեւորելով տեղեկատվական տեխնոլոգիաների դերը մեր երկրի համար, մոտավորապես ասել էր` կարեւորը կառավարությունը չխոչընդոտի եւ չխառնվի այդ գործերին: Այսօր «Հայնյուզ» մամուլի ակումբում Aravot.am-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ դեսպանը, եւ արդյոք ՀՀ կառավարությունը, որը հայտարարում է, թե կանգնած է ՏՏ ոլորտի կողքին, որեւէ ձեւով խանգարո՞ւմ է ոլորտի զարգացմանը:
«Չեմ կարող ասել, դեսպանից հարցրեք: Եթե կառավարության խնդիրն է, կառավարությունից հարցրեք: Իմ կարծիքով՝ կառավարության միջամտությունը ՏՏ ոլորտին պետք է աճեցնել»,-ասաց պարոն Վարդանյանը:

Նա մինչ այդ պատմում էր, թե Բելառուսում, որի մասնագետները մի քանի տարի առաջ դիմել են Հայաստանին օգնության համար, հիմա ինչպես է սկսել արագ տեմպերով զարգանալ ՏՏ ոլորտը, քանի որ կառավարությունը այդ բիզնեսին գրեթե ազատել է հարկային արտոնություններից: Կարեն Վարդանյանի մեկնաբանությունները, մեր հարցին` թե ինչ պետք է աներ կառավարությունը, որ չի անում կամ խոչընդոտում է ոլորտի զարգացմանը` տեսանյութում

Ի՞նչ տվեց հերթական ֆորումը մեր ՏՏ ոլորտի ընկերություններին եւ համագործակցության ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ֆորումի շրջանակներում հարցին, Կարեն Վարդանյանն ասաց, որ իրենք ամփոփելու լծակներ չունեն եւ դրական կամ բացասական արդյունքը տեսնում են, եթե այս կամ այն ընկերությունը հաջորդ տարի նույնպես ցանկություն է հայտնում մասնակցելու միջոցառմանը: Սակայն պարոն Վարդանյանը գտնում է, որ եթե այսպես շարունակվի ՏՏ ոլորտի զարգացման տեմպերը շատ կդանդաղեն, քանի որ հարկային բեռը տեղական ընկերությունների համար` ծանր է:

Բացի այդ, նրա խոսքերով, մեզ մոտ այդ կառուցվածքը դեֆորմացված է. «Դրսում վաճառքի մարքեթինգի, գովազդի վրա աշխատող մարդկանց քանակը մի քանի անգամ ավել է ինժեներներից, դրա համար ավելի հեշտ է իրենց վաճառքն իրականացվում: Մեզ մոտ այդ հատվածը ինժեներներից մի քանի անգամ ավելի պակաս է: Ապրանք ստեղծելու եւ վաճառելու կուլտուրան մեզ մոտ խախտված է: Microsoft-ը 10 հազար ինժեներ ունի, 90 հազար սպասարկող անձնակազմ»:

Պարոն Վարդանյանը մտահոգություն հայտնեց նաեւ, որ եկող 3-4 տարում հայկական բուհերը 3-4 հազար որակյալ ՏՏ մասնագետ են բաց թողնելու, սակայն տեխնոլոգիական ձեռնարկությունների թիվը շատ քիչ է այդ առաջարկը բավարարելու համար, ուստի ոլորտի, պարոն Վարդանյանի կարծիքով, այդ մարդկանց մեծ մասը ստիպված է լինելու «արտահոսել» այլ երկրներ: Նա նաեւ չի ընդունում մեր կառավարության այն մոտեցումը, որ «տնտեսությունում գերակայություն չի կարող լինել», ըստ նրա, զարգացած երկրներում պետությունը ՏՏ ոլորտի բիզնեսի ձեռքից բռնում է եւ առաջ է տանում այնքան ժամանակ, մինչեւ որ այն ոտքի է կանգնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930