Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Ցանկացած գործիչ պիտի կույսի նման իր պատիվը պահի»

Հունիս 24,2013 12:49

«Այս պատմությունը շատ մեսիջներ է պարունակում»,- վերլուծելով օֆշորային գոտում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի ղեկավար Նավասարդ արք. Կճոյանի անվամբ բացված ընկերության հետ կապված սկանդալը, այսօր «Ֆորում» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Ինչին ի պատասխան հետեւեց մյուս բանախոսի՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի առաջարկը՝ «Մի հատ սերիալ նկարեք»: «Վատ միտք չի, կարելի է, վերնագիրն էլ՝ «Օֆշորի զոհերը»,- միանգամից գաղափարին տեր կանգնեց Սաֆարյանը:

Ըստ Ա. Ադիբեկյանի՝ օֆշորային գոտիները հեշտացնում են բիզնես-գործունեությունը՝ հարկային ցածր բեռով, եւ նորմալ է, որ այդ ազատ առեւտրային գոտիներում հաշվեհամարներ ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներից. « Օրինակ, Ռուսաստանից միայն անցյալ տարի 60 մլրդի արտահոսք է եղել տարբեր երկրներ տարբեր կերպ են մոտենում ստվերային գործարքներին, ատկատներին, կաշառքներին: ԱՄՆ-ում, օրինակ, շատ խիստ են, հարկային կարող է գալ հարցնել՝ որտեղի՞ց քեզ այս նոր կահույքը, իսկ Ճապոնիայում թքած ունեն, թե որտեղից, կարեւորը՝ հարկեր մուծես»:

Պարոն Ադիբեկյանը համոզված էր, որ Տիգրան Սարգսյանի անունը օֆշորային սկանդալի հետ կապում են նրա չուզողները, որոնք լուրջ թիվ են կազմում ե’ւ ընդդիմության մեջ, ե’ւ իշխանության.«Այ, եթե այդ տեղեկատվության մեջ, որ մեզ ներկայացնում են, լինեին թվեր, թե որքա՞ն գումար կա այդ հաշվի վրա, որքան է եղել, որքան է հանվել, ես կհավատայի, որ դա իրոք լուրջ քայլ է լուրջ մարդկանց կողմից: Բայց եթե ինչ-որ մեկը սադրանքի, մուռ հանելու նպատակով մտնի բանկ եւ նրա անունով հաշվի բացի… Մի հատ Գուգլով նայեք, թե քանի հատ Տիգրան Սարգսյան կա, էդ Ահարոն Ադիբեկյանն է միայն մի հատ»: Առարկությանը, որ դա քիչ հավանական է, եւ իր հարցազրույցում օֆշորային սկանդալը բացահայտած «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ է վստահեցնում, որ հնարավոր չէ օֆշորում ուրիշի անունով հաշիվ բացել, պարոն Ադիբեկյանը չհամաձայնվեց, հիշելով, որ երբ ինքը իննսունականներին երկրաշարժից տուժածների համար օգնություն էր բերում ԱՄՆ-ից, իրենց ոչ մի լուրջ փաստաթուղթ չպահանջեցին՝ հաշիվ բացելու համար:

Սակայն, ավելի ուշ, նա պնդում էր, որ հնարավոր չէ այդքան հեշտությամբ գործարքներ կատարել մեծ փողերի հետ՝ չեն կարող միլիոններ փոխանցել Երեւանից Կիպրոս, հետո՝ հակառակը, դրա համար բազմաթիվ փաստաթղթեր են պետք, որ այդ փողերը մաքուր են, քրեական հետք չունեն, սերտիֆիկատներ են պետք եւ այլն:

Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նշեց, որ արդեն իսկ հրապարակված Աշոտ Սուքիասյանի՝ օֆշորային սկանդալի երրորդ գլխավոր գործող անձի, նամակը կասկածի տեղ չի թողնում, թե կոնկրետ ո՞ր Տիգրան Սարգսյանի մասին է խոսքը .«Այս դեպքն իսկապես սկանդալային է եւ նախադեպ է, որ դրա կիզակետում հայտնվում է երկրի վարչապետը, եւ որ ավելի զավեշտալի է՝ հոգեւորականը, Մայր աթոռի կարկառուն ներկայացուցիչը: Ով պատահական չէ, որ նման սկանդալից հետո հրաժարական չեն տալիս, ներողություն չեն խնդրում, բայց շատ ավելի վտանգավոր է, որ դրա հետ կապվում է նաեւ հայ գործարարի ունեզրկումը՝ ռուսական բանկի միջոցով նրա գույքի սեփականումը: Ստացվում է, որ բացի այն, որ վարչապետը եւ հոգեւորականը բիզնես-գործունեությամբ են զբաղվում, դրան գումարվում է նաեւ հանցագործությունը, հետեւաբար մեղադրել, թե դա արվում է վարչապետի բարի համբավը գետնով տալու համար՝ այնքան էլ համոզիչ չէ: Ավելին, եթե օֆշորում հնարավոր լիներ ուրիշի անունով հաշիվ բացելը՝, որպես վնասելու միջոց, Հայաստանը չէր լինի առաջին երկիրը, որտեղ նման բան կանեին: Օբամային հեղինակազրկելու համար նման բան կանեին»:

Ադիբեկյանն էլ հակադարձեց, որ վարչապետը կամ արքեպիսկոպոսը իրենց նման բան թույլ չէին տա, քանի որ «ցանկացած գործիչ իր պատիվը պիտի կույսի նման պահի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930