Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Երեւան քաղաքի բնակիչ,1979թ. ծնված Հայկ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա աշխատելով «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակում, որպես վարչական գործունեության ավագ տեսուչ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 2010-2012 թվականներին կեղծ անդորրագրեր կազմելու միջոցով յուրացրել է վարչական իրավախախտումներ կատարած անձանցից գանձված եւ պետբյուջե վճարելու համար ի պաշտոնե նրան վստահված 5 միլիոն 216 հազար դրամը:
Տոնոյանը մեղադրվում է նաեւ այն բանում, որ նշված ժամանակահատվածում ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չի կատարել, այն է` տուգանքները բռնագանձելու համար ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած վարորդների վերաբերյալ կազմված, սակայն չվճարված, վիճահարույց 174 արձանագրությունները սահմանված կարգով դատարան չի ուղարկել, ինչի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց եւ պետության օրինական շահերին՝ այդ կերպ ոտնահարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու հեղինակազրկելով իշխանության մարմիններին:
Հ. Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով( «Յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարությունն ընթանում է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ