«Առաջիկայում հնարավոր պաշտոնանկություններ չեմ դիտարկում: Մանավանդ ամռան ամիսներին քաղաքական գործընթացները կարծես ոչ ընդգծված են լինում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով հնարավոր պաշտոնանկություններին՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Խնդիրն այն է, որ խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունից հետո մամուլում հրապարակումներ եղան հնարավոր պաշտոնանկությունների մասին:
Ըստ Գալուստ Սահակյանի, քաղաքական մեծամասնությունն ամռան ընթացքում պետք է պատրաստվի աշնանային նստաշրջանին: Լինելու են մի շարք օրենսդրական փոփոխություններ եւ տնտեսական եւ քաղաքական իմաստներ պարունակող, որոնք, ըստ Սահակյանի, էական արտահայտություն կստանան մեր կյանքում:
«Եվ մենք , եւ կառավարությունը հետամուտ ենք լինելու, որ չարաշահումների հետ կապված խնդիրները իրավական դաշտի քննարկման առարկա դառնան»,- ասաց Սահակյանը`հավելելով, որ ՎՊ-ի զեկույցի շուրջ քաղաքական ուժերի քննարկումներն, ըստ էության շարունակվում են եւ այսօր խնդիրը հենց իրավական հարթություն տեղափոխելն է: «Եթե կան մեղադրանքներ, ուրեմն, այդ մեղադրանքները կամ պիտի հերքվեն, կամ տարբեր աստիճանի պատիժներ պիտի լինեն»,- ասաց Սահակյանը`պարզաբանելով, որ խնդիրը յուրայիններից որեւէ մեկին քավության նոխազ դարձնելը չէ, այլ գողացողներին պատժելը:
Պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ինքն այլեւս չի ցանկանում վերադառնալ նախկին պաշտոնին: Իսկ թե ե՞րբ կնշանակվի Սյունիքի նոր մարզպետը, Սահակյանն ասաց, որ դա վարչապետի իրավասությունն է եւ երբ վարչապետը հարմար գտնի, այն ժամանակ էլ նոր թեկնածուին կներկայացնի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ