Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ «ծախված» պատվիրակները վիճարկում են Հայաստանի`ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության փաստը

Հունիս 24,2013 11:29

Այսօր մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: ԵԽ Նախարարների կոմիտեն նախագահում է Հայաստանը: ԵԽԽՎ կայքէջում տեղադրված է «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ փաստաթուղթ, որտեղ մեր երկրի հասցեին, մեղմ ասած, ոչ հաճելի արտահայտություններ կան՝ «ագրեսոր պետություն» և այլն: Այն ստորագրված է Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի 31 պատվիրակների կողմից:

Փաստաթուղթը առաջարկություն է, որպեսզի հարցը դառնա քննարկման առարկա, ուղարկվի հանձնաժողով, հետագայում պատրաստվի զեկույց և այլն:

Փաստաթղթում մասնավորապես նշված է. «12 տարի առաջ ԵԽԽՎ-ն Հայաստանին ընդունեց որպես նոր անդամ: ԵԽ-ի, ինչպես նաև միջազգային հանրության սպասելիքները Հայաստանից վերաբերում էին նրան, որ Հայաստանի անդամակցությունը հանուն ժողովրդավարության իրականացվող եվրոպական ֆորումին կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը: Միջազգային հանրության կողմից ներկայացված մի շարք բանաձևերում Հայաստանը բնութագրված է` որպես ագրեսոր պետություն, որը բազմիցս, ինչպես նաև ԵԽ-ի կողմից դատապարտվել է ռազմական ագրեսիայի իրականացման համար, քանի որ Հայաստանի դիրքորոշումը այս հարցում հակասում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հիմնարար սկզբունքներին»:

Փաստաթուղթը ստորագրած պատվիրակները այս համատեքստում վիճարկում են Հայաստանի` ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության հարցը. «Պատվիրակները այնքան են մտահոգված Հայաստանի նման վերաբերմունքով, որ ունեն լուրջ վերապահումներ 2013-ի մայիսի 16-ից սկսած Հայաստանի ներկա նախագահության կապակցությամբ: Կարծում ենք, որ ճիշտ կլինի Նախարարների կոմիտեին առաջարկել լրջորեն վերանայել Հայաստանի դիրքորոշումը առաջիկա նախագահության շրջանակներում և դիմել հնարավոր ճնշումների ՀՀ իշխանությունների վրա` ապահովել և անհապաղ քայլեր ձեռնարկել վերացնել Հայաստանի դիրքորոշումը, որպես ագրեսոր պետության»:

Այնուհետև պատվիրակները  Բյուրոյին առաջարկում են պատրաստել զեկույց և քննարկման առարկա դարձնել  ՀՀ-ի` Նախարարների կոմիտեի նախագահության ձախողման հարցը: Ըստ նրանց` զեկույցը պետք է ընդգրկի նաև գնահատման նախաձեռնությունները, որոնք ներկայացվել են Վեհաժողովի կողմից: Այն պետք է հստակորեն արտահայտի խոչընդոտները, քաղաքական դերակատարներին ու պատասխանատվությունները և սահմանեն համապատասխան եզրահանգումներ: Պատվիրակներն առաջարկում են այս հարցը մտցնել օրակարգ:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փաստաթղթի տակ ստորագրած պատգամավորների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես էր արտահայտվել.  «Այդ պատգամավորները հայտնի են իրենց ադրբեջանամետ պահվածքով: Որևէ մեկի մոտ դա հարց չի առաջացնում, և, թերևս այդ պատճառով է, որ անգամ քարտուղարությունն առաջարկում է, որպեսզի Բյուրոն այս փաստաթղթին որևէ ուշադրություն չդարձնի, համարելով, որ այն որևէ հետագա քայլ չի պահանջում»:

Դ. Հարությունյանը վստահեցրել է, որ փաստաթղթին ընթացք չի տրվելու, ինչից հետևում է, որ այն ունենալու է «մաքուր թղթի» կարգավիճակ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930