Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյանի պաշտպանը մեկ առ մեկ հերքում է Հայրիկյանի ասածները

Հունիս 24,2013 11:13

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի Հ1-ի եթերում արած պնդումները, թե իր հարցին՝«կարո՞ղ է վախի ազդեցության տակ եք ցուցմունքներ փոխում» իր մահափորձի գործով ամբաստանյալները չեն ժխտել, Aravot.am-ի հետ զրույցում հերքեց գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի պաշտպանը: «Նման բան չի եղել, ինքը նման հարց չի տվել»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Անդրադառնալով ամբաստանյալների ցուցմունքները փոխելու Հայրիկյանի ասածներին, պարոն Սիրունյանն ասաց. «Հա ցուցմունքները փոխել են, հիմա էլ ճիշտն են ասում, որ Վարդան Սեդրակյանը կապ չունի կատարվածի հետ, ասում են՝ մենք իր նկատմամբ սպանություն ենք փորձել կատարել»: Պարոն Սիրունյանը վստահեցրեց՝ վախի ազդեցությամբ ցուցմունք փոխելու մասին խոսք լինել չի կարող:

Հիշեցնենք, որ «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրասրահում Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե ամբաստանյալները փոխում են այնպիսի ցուցմունքներ, որոնց մեջ կային մանրամասներ: «Ես հարցրի ամբաստանյալներին՝ կարո՞ղ է վախի ազդեցության տակ եք ցուցմունքներ փոխում, նրանք չժխտեցին»: Եվ հավելել էր. «Ես զարմանում եմ, թե ազգային անվտանգության ծառայությունը ինչպես է իր կալանավորներին կապի նման հնարավորություններ տալիս: Իրար հետ համաձայնեցված ցուցմունքներ են փոխում: Չորս ամիս ասել են բոլորովին այլ բան՝ վստահ, մանրամասնորեն պատմել են, ցույց են տվել, ներկայացրել, հիմա փոխում են ցուցմունքները»:

Ալեքսանդր Սիրունյանը նաեւ հերքեց Պ Հայրիկյանի այն պնդումները, թե Վարդան Սեդրակյանին 100.000 դոլար են ուղարկել Ռուսաստանից եւ այդ փաստ գործում էլ կա. «Նման բան գործում չկա»:

Պարույր Հայրիկյանը նշել էր, թե իրեն հայտնի են դատական գործին առնչվող որոշ մանրամասներ. «Օրինակ, Վարդան Սեդրակյանը վերադարձել է Պետերբուրգից: Պետերբուրգի իմ գործընկերները ինձ ուղարկել են նյութեր, թե ռուս շովինիստները ինչ են գրում Հայրիկյանի մասին: «Հայեր, գիտե՞ք, եթե Հայրիկյանը դառնա նախագահ…». դա շատ կարևոր փաստաթուղթ է, որը ես, իհարկե, հրապարակելու եմ: Բացի դրանից Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից ուղարկել են 100 հազար դոլար: Նոյեմբեր ամսին: Սա գործի մեջ կա: Եվ Վարդան Սեդրակյանը չի ասում, թե այդ 100 հազար դոլարը ինչու են իրեն ընդամենը երկու ամսվա գործընկերները տվել: Ինչպե՞ս դա իմացվել. հատուկ ծառայությունները լսել են, որ Վարդան Սեդրակյանից գումարը հետ են պահանջում. Հայրիկյանը չի մահացել, գումարը հետ տուր»:

Վ. Սեդրակյանի պաշտպանն ասաց՝ անհամբերությամբ սպասում են Պարույր Հայրիկյանի հրապարակելիք փաստաթղթերին. «Թող հրապարակեն, մենք էլ իմանանք»

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930