Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի 7-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով խաղաց Լիտվայի լավագույն շախմատիստուհի Վիկտորիա Չմիլիտեի հետ:
Մրցաշարի կայքէջը, մեկնաբանելով պարտիան, նշում է, որ խաղարկվել է թագուհու գամբիտի Տարաշի բարելավված տարբերակը, որում սեւերը սկզբնախաղում հավասարեցրել են դրությունը եւ խաղային տեսանկյունից ավելի հարմարավետ դիրք ստացել: Սակայն Էլինան գործել է շատ ակտիվ եւ հավերժական շախի միջոցով 63-րդ քայլում հասել ոչ-ոքիի:
Այսօր կայանալիք ութերորդ տուրից առաջ, որում Էլինայի մրցակիցը աշխարհի չեմպիոնուհի, Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Ուշենինան է, Դանիելյանը 2,0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Իսկ այն միանձնյա գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Համփի Կոներուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ