Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Հունիս 23,2013 10:45

   Սարմեն Ղահրամանյան

«Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

Դյուամել

 

Ու Լյովան ասաց` ես քո հետ առանձին կխոսեմ՝ հիմա տեղը չի՝ Ռոբիկին ասաց, ու հետո, ափսոսանքով-խեղճացած ասաց՝  չկարողացա բարձրագույն կրթություն ստանալ՝ չստացվեց, բախտ չվիճակվեց  ինձ բարձրագույն կրթություն ստանալ, բայց բոլորդ էլ գիտեք-տեսնում եք, տեսել եք ու տեսնում եք՝ եթե մի ձեռքիս բահն է եղել՝ մյուս ձեռքիս գիրքն է եղել, եթե մի ձեռքիս քլունգն է եղել՝ մյուս ձեռքիս գիրքն է եղել, եթե մի ձեռքիս՝ ավտոյի, տրակտորի ղեկն է եղել՝ մյուս ձեռքիս գիրքն է եղել… Ու հիմա էլ, հիմա էլ՝ եթե մի ձեռքիս ինքնաձիգն է, մյուս ձեռքիս՝ գիրքն է: Գի՛րքն է իմ ձեռքին: Ու տեսնում եք, ու գիտեք՝ էսքա՜ն կարդում եմ, կարդո՜ւմ եմ էսքան. մեր պատմությունը, մեր գրականությունը, ուրիշների պատմությունը, ուրիշների գրականությունը… Ու Էդգարը կողքիններին կամաց-շշուկով ասաց՝ մի հարցրեք՝ բնագրո՞վ է «ուրիշների գրականությունն ու պատմությունը կարդում ու կարդացել: Ու Ռոբիկը տղերքին դառնալով, բայց Լյովային լսելի-բարձրաձայն ասաց՝ ամենավտանգավոր մարդու տեսակը՝ ո՛չ գաղափարով-սկզբունքով, կարդացած-խելացի-համակերպվողն է, հլու-հնազանդ-կարդացած-խելացին, որ գլուխը կախ-խղճի հետ գործարքի մեջ մտած՝ համակերպվում է ամեն-ինչին: Համակերպվում է ամեն-ինչին:  Սկզբունքով-գաղափարովը մեռնի էլ՝ պատվի հարց է՝ իրեն հանձնարարված գործը գլուխ է բերելու, իսկ անսկզբունք-անդեմը՝ գործն անելու է, բայց վա՜յ այդ գործին՝ իր նման վախվորած-մեռած է լինելու: Ու վա՜յ այդ միջոցներին, որ մեռած գործի համար է վատնվելու՝ չաներ՝ ավելի լավ է: Որ, նախ, գործը մեռցնում, ու նոր են գործի պոչից բռնում վախվորած: Կամ, ասենք, քանդած փոսի կողքը՝ մի նոր փոս են փորում վախվորած-կողքի փոսի չափումներն անընդհատ չափչփելով՝ հո մի թիզ վերեւ-ներքեւ չեղա՞վ, հո գլխներին բռունցքի հերթական բամփանքը չե՞ն ստանալու. ծո՜ւյլ, ալարկո՛տ ստանդարտների մեջ պիտի լինի ամեն-ինչը: Ու տխրում են, որ «լավ» ստացվեց: Ու տխրում են, որ բամփանք չեն ստանում ու բամփանք չեն ստանալու: Որովհետեւ՝ վերեւինից գլխին ստացած բամփանքը՝ Աստծուց ստացած շնորհ են համարում մոր ամենօրյա փաղաքշանքի նման՝ բամփում են, ուրեմն՝ գնահատում են՝ ուշադրություն են դարձնում վրան: Ու լավ է զգում իրեն, շոյված է զգում: Ու շոյված, ու խիղճը կորցրած-լա՜վ կամակատարի հապճեպությամբ գնո՜ւմ ու վախվորած՝ կնոջ վրա է պառկում՝ վերեւինից ստացած բամփանք-շոյանքը՝ կնոջն էլ փոխանցի. այդպես լավ է ապրելը: Իսկ ոգեղեն-ըմբոստը՝ մեռած գործն էլ է կենդանացնում, կողքիններին էլ է կենդանացնում, կյանքն էլ է կենդանացնում ու՝ կյանքն առաջ է տանում: Թեւավորում է: Ջերմություն է սփռում: Հույս է ներշնչում: Հավատ է բերում: Ու դա ձեռքբերովի չէ՝ ի ծնե է՝ տվովի՝ Աստծո ձեռքն է գլխին ու՝ Աստծուց է: Ի ծնե է՝ ժառանգականության հարց է: Տեսակի հարց է: Ու պետք չէ, որ ձեռքը բռունցք արած-վեր պարզած երդում տա, ամբողջ օրերով-գոռգոռալով ման գա, պարտադիր չէ: Ուղղակի՝ մարդկության չկոտրվող տեսակն է: Ու մարդիկ սիրում են էդ տեսակներին, սիրում են: Նույնիսկ՝ կոտրված-հաճկատար-կամակատարները: Անիմաստ-կամակատարները: Որովհետեւ՝ «առյուծի» իրենց մանկական-կոտրված երազանքները՝ սրանց մեջ են փնտրում-փայփայում ինչքան էլ երկա՜ր-ձգվող, սակայն արդեն ավարտուն-կոտրված իրենց կյանքի մայրամուտ-հեղհեղատներում: Սրանց մեջ են փնտրում: Ու Ռոբիկը տղերքին դառնալով, նորից Լյովային լսելի-բարձրաձայն ասաց, ասաց՝ նաեւ՝ կարդացած-խելացի-քաղքենի-ժուլիկ-խորամանկները… Ու հայացքը հեռուներին տարավ ու հեռուներին առավ ու ասաց՝ սրանք նաեւ: Որովհետեւ,  սրանք մարդու՝ ճկվող-համակերպվող-անդեմ տեսակն են՝ ամենաահավորը՝ ուզում ես, թեկուզ գլխներին ձու կոտրիր՝ միայն թե՝ լավ ապրեն: Էս տեսակները շատ շուտ են ոգին ու կյանքը մեռցնում: Իրենցը՝ ջհանդամը, բայց հենց մեր կյանքն են մեռցնում: Մեր կյանքն են մեռցնում, ու հենց էդ կարգի-ոգին մեռած-քաղքենիների հետ շփվում ես, ասես՝ կյանքդ իզուր ես ապրում ու, ասես՝ կյանքդ իզուր ես ապրել, եւ, ասես՝ էս կյանքը մեռած լինի՝ ինչո՞ւ եմ ապրում. մարդու վտանգավոր տեսակն են էդ կարգի մարդիկ՝ Աստված հեռու փախցնի: Ու հայացքը նորից հեռուներին տարավ ու հեռուներին առավ ու ասաց, ասաց… ու սա՝ Մստոն է՝ անցած օրն էլ էր խոսում՝ նույն բանը: Սա Գստոն է՝ անցած օրն էլ էր տնքտնքում՝ նույն տեղից: Սա Հուռին է՝ ծամերը նորից շաղ տվել-փռել է նույն ջրի մեջ: Սա Զուլոն է՝ ձվերի հետ է խաղում նորից: Սա զանգն է՝ կախող չկա նորից: Սա ամոթանքն է՝ շա՜տ տեղին ծածկել է մեզ բոլորիս: Ու ասում ես, ինքդ-քեզ ասում ես՝ գնամ՝ քնեմ՝ կյանքը մեռած է: Ու ծեծված խոսք կա, ասես, ինքդ-քեզ ասում ես՝ հոգնել եմ ես հոգնելուց: Ու տղերքը փռթկացին ու Մեսրոպն ասաց՝ գոնե, մի անգամ «չէ՛» ասա, Լյովա՛, էս-սաղ-տղերքս քո թիկունքին ենք, քո թիկունքին կանգնած ենք՝ մի անգամ «չէ՛» ասա: Ու տղաները միաբերան ասացին՝ հա՛, Լյովա՛, գոնե մի անգամ «չէ՛» ասա՝ էս-սաղս թիկունքիդ կանգնած ենք՝ մի մարդու նման: Ու Լյովան ասաց՝ ես քո հետ առանձին կխոսեմ՝ հիմա տեղը չի՝ Ռոբիկին ասաց, ու, ասես՝ ոչինչ էլ չի եղել, եւ շարունակեց կիսատ մնացած-կիսատ թողած խոսքն ու ասաց՝ գիտեք ու տեսնում եք, տեսնում եք՝ էսքա՜ն կարդում եմ մեր դասականներին, ուրիշների դասականներին, մեր գրականությունը, ուրիշների գրականությունը՝ կարդում եմ, եւ մեր  պատմությունը՝ լրի՛վ, լրի՛վ՝ գրաբար, թե աշխարհաբար, լրիվ կարդացել եմ ու անգիր արել ու անգիր գիտեմ: Վեր լուծել՝ թեր ու դեմ արել, ու անգիր գիտեմ… եւ մի հարց է միշտ ինձ անհանգստացրել: Մի հարց է միշտ ինձ անհանգստացրել. շա՜տ վատ է, բայց պիտի ասեմ՝ մենք  նախանձ ազգ ենք, ավելի ճիշտ, ազգը՝ չէ, բայց մենք նախանձ  հասարակություն ենք։ Ի՞նչ է՝ ասաց՝ մենք քի՞չ՝ Նժդեհ, Անդրանիկ, Արամ  փաշաներ ունենք, որ կռիվը ծնեց մեզ համար, որ ժամանակն ու պատերազմը ծնեց մեզ համար: Քի՞չ են, դե մի տեսեք՝ Մոնթե-փաշա, Վազզեն-փաշա, Սերժ-փաշա, Լեւոն-փաշա, Ռոբերտ-փաշա, Սամվել-փաշա, Կոմանդոս-փաշա, Վանո-փաշա, Բակո-փաշա, Սեյրան-փաշա, Վիտո-փաշա, Լեոնիդ-փաշա, Ասկոլկա-Աշոտ-փաշա, Մարտակերտի Նորիկ-փաշա, Էջմիածնի Սեյրան-փաշա, Մանվել-փաշա, Աղաբեկյան Արտուր-փաշա, Ամարասի Արտուր-փաշա եւ շատ ու շատ փաշաներ։ Եւ շատ ու շատ փաշաներ։ Եւ թուրքերը շատ կուզենային, շատ կուզենային՝ մի փաշա ունենային, որ՝ Մոնթե-փաշայի, Վազզեն-փաշայի, Սերժ-փաշայի, Լեւոն-փաշայի, Ռոբերտ-փաշայի, Վանո-փաշայի, Սամվել-փաշայի նման պինդ լիներ ու սրանց գծերն՝ իրենց փաշան ունենար: Սրանց գծերն՝ իրենց փաշան ունենար, իրենց փաշան ունենար սրանց գծերը, որ մեծարեին, դեմը պորտապար տային, տափին կքանստած-գլխներից վեր բռնած սինիներով-յուղոտ-չամիչով փլով հյուրասիրեին։ Որ պատմության մեջ մնացածը սուտ ու փուչ է, պատմության մեջ մնացածը սուտ ու փուչ է, սակայն «խայտառակ բան է». «գյավուրներն այդքա՜ն փաշա տվեցին» ու «պատմության մեջ Ղարաբաղի հողում» «գյավուրներն իրենց ջարդ տվեցին-Հաղթանակ տարան», ու պատմությունը փաստագրում է. եւ «գյավուրի սերունդն այլեւս 15 թիվ չի ասելու եւ հեծկլտալու ու հեծեծալու», այլ, որ պատմության մեջ Արցախ-Ղարաբաղի հողում «իրենք հայի տղաներից»՝ «ամեն մեկը՝ մի-մի պատրաստի զորավար-փաշա», «ծեծ կերան ու լաց դրեցին եւ լաց եղան»։ Ու Լյովան շարունակեց ու ասաց՝ ու որ,  հայոց մայրերը 10-ից՝ 5-ը՝ փաշա են ծնում, 10-ից՝ 5-ը՝ փաշա են ծնում, բայց զարմանալի բան է, զարմանալի բան է՝ տակը մնացած 5-ը՝ ոչ փաշա է դառնում, ու ոչ էլ արժեք է հարգում: Ու Լյովան շեշտեց ու ասաց՝ իր գործին տիրապետողին եմ՝ «փաշա» ասում-անվանում, հիմա էլ ձեր բնավորությամբ՝ սխալ չհասկանաք, ու շարունակեց ու ասաց՝ եւ՝ ոչ փաշա են դառնում, ու ոչ էլ արժեք են հարգում. իրենք-իրենց անզորությունից նեղվում եւ դիմացինի հաջողությունն՝ իրենց անհաջողությունն են համարում: Իրենց անհաջողությունն են համարում դիմացինի հաջողությունը: Եւ՝ նեղվում են, պատեպատ են տալիս, տրաքվում են,  դժբախտանում են… Ու տղաները լսում էին ուշադիր ու Լյովան շարունակեց ու ասաց, ասաց՝ յուղ ու փլով պետք չէ, բայց անտեղի իրենց բզբզոցներից, երկիմաստ ու տափուկ խաղերից՝ փաշաներն էլ «խրատվում», ու փաշայի իրենց իմաստնությունն ու լայնախոհությունը կորցնում եւ արդեն միմյանց են խեթում,  մեկը-մեկից զիլ երեւալու՝ կողքի դատողություններին ականջ դնում, եւ  միմյանց են խեթում-խանգարում: Միմյանց են խեթում-խանգարում ու փորձում խանգարել՝ «էս բոստանն իմն էր» ու  «էս բոստանն իմն է» կերտվածքով։ Իսկ «բոստանը» Հայրենիքն է, եւ բոլորի համար տեղ ունի էդ Հայրենիքը, բոլորի համար տեղ ունի էդ Հայրենիքը, եւ պատրաստ է, պատրաստ է բոլորին միահավասար սիրել։ Եւ Լյովան շարունակեց ու ասաց՝ եւ՝ ի՞նչ է եղել, ինչպե՜ս է եղել, որ Նժդեհ-փաշան» Հայրենիքի կարոտը սրտում, հայրենիքից փախել եւ ուրիշի երկրներում՝ գաղթական-նժդեհական-թափառական է դարձել, Անդրանիկ-փաշան հազար անգամ սուրը կողքի շպրտել-խռովել է մանուկի անաղարտությամբ, Արամ-փաշան իր ահեղ-հզորությամբ՝ մեկուսի լաց դրել-լաց է եղել  իր «անզորի»-հզորությամբ։ Ու, որ Թումանյանը մեռած է ու մեր մեջն ու մեր կողքը ու մեր արանքում չէ, էդ դրա համար ենք՝ «Թումանյան-Թումանյան» անում ու մեծարում։ Ուրիշներն աշխարհին՝ Նաբոկով, Այթմատով, Համզատով, Դումբաձե ներկայացրին ու աշխարհով-մեկ դարձրին-մեկ արին ու իրենք էլ աշխարհով-մեկ եղան, իսկ մեր «փաշա» չդարձած-միջակները՝ կենդանի Չարենցին նեղեցին-արհամարհեցին-գլուխը կերան, կենդանի Շիրազին ձեռ առան,  կենդանի Սեւակից ընկրկեցին-ընկճախտ ընկան, կենդանի Մուշեղ Գալշոյանին չճանաչեցին, կենդանի Աղասի Այվազյանին հավասարի պես ընդունեցին, կենդանի Համո Սահյանին ու Հրանտ Մաթեւոսյանին՝ Համզատովից ու Այթմատովից բարձր՝ Համզատով-Այթմատով չդարձրին-աշխարհով-մեկ արին… Ու Ռոբիկն ասաց՝ էս տղան՝ լավ տղա է երեւում՝ ինքը գիտի իր թերությունը՝ Սեւակից է խոսում: Լավ տղա է, բայց չի կարողանում՝ մեջի ստրուկին սպանել: Չի կարողանում մեջի ստրուկին սպանել, բայց լավ-արդար խոսում է, ու՝ ա՜յ, հենց դրա համար էլ՝ հավատ չեմ տածում: Լավ խոսում է, բայց ասածներին հավատ չեմ տածում՝ չեմ հավատում: Եւ ասաց՝ մեր ամեն-ինչն է էսպես՝ ժամերո՜վ՝ Սեւակ ենք արտասանում, Սեւակ ենք սիրում ու ժամերո՜վ Սեւակ ենք արտասանում, բայց ոչ մեկը չի ուզում իր տեղում Սեւա՛կ լինել. գլուխները կա՜խ՝ ճմլկոտում են վախեցած-համակերպված ու՝ էսպես է լինում ամեն-ինչը: Էսպես է լինում ամեն-ինչը, եւ էսպես է լինելու ամեն-ինչը: Այնինչ, եթե ամեն-մեկն իր տեղում Սեւա՛կ լինի՝ հասարակության մարտնչող տգիտությունը չի խժռի ազգի առողջ մասին, եւ հասարակության մարտնչող տգիտությունը չէր խժռի ազգի առողջ մասին՝ չէր խժռի ու չի խժռի: Ու բոլո՜ր ոլորտներում ու ցանկացած տեղում՝ մթնդած ուղեղով-լա՜վ կատարողին՝ ձեռքը լծակ չպիտի տաս՝ նա լա՜վ կատարող է՝ ենթակա՛ է, ու գլխին՝ առաջադեմ-լա՜վ մտածող-ոգեղեն-առաջնորդ պիտի ունենա: Գլխին՝ առաջադեմ-լա՜վ մտածող-ոգեղեն-առաջնորդ պիտի ունենա: Այլապես, բնավորություն դարձած-կամակատարի իր ինքնասիրահարվածությամբ՝ միջավայրն էլ է մեռցնելու իր նման: Ու միջավայր-կյանքն է մեռցնելու-ոգեղենը սպանելու նման. ամեն-ինչը՝ կա՜, ու՝ ոչինչ՝ չկա: Ամեն-ինչը՝ կա՜, ու՝ ոգեղենը՝ չկա: Ու միջավայրում՝ Մարդը՝ սովածությունից-դեպրեսիայից է ալարկոտ զկռտալու, իսկ Տմարդը՝ լիառատությունից-դեպրեսիայից է ալարկոտ զկռտալու: Ու միջավայրի նյութապաշտ-տմարդությունը՝ դեպրեսիայից ալարկոտ զկռտալու է դեպրեսիայի մեջ թաղված միջավայրի ոգեղեն-մարդկության երեսին: Եւ՝ հակառակը: Դեպրեսիան ալարկոտ զկռտալու է միջավայրի մեջ թաթախված: Ու միջավայրը ալարկոտ զկռտալու է դեպրեսիայի մեջ թաթախված: Ու հոսելու է, խեղդված ոգեղենը միջավայրից-միջավայր է հոսելու: Տեղափոխվելու է: Իսկ տակն՝ ի՞նչ է մնալու: Ի՞նչ է մնալու տակը: Ու Ռոբիկը սահմանից էն կողմ, թուրքերին ցույց տալով, ասաց՝ ը՛հը, հենա՛, հենա՛. խայտառակ բան է, շատ խայտառակ բան է, երբ իրեն ժողովրդավար հայտարարած երկրներում՝ այլախոհներ են ծնվում: Խայտառակ բան է, երբ իրեն ժողովրդավար հայտարարած երկրներում՝ այլախոհներ են ծնվում: Ու կապ չունի, կապ չունի՝ պատերազմի մեջ ես, թե չոր ու ցամաք տեղ նստած ես՝ կապ չունի: Եւ հետեւանքներն ու վերջը՝ միայն պատմությանն ու Աստծուն է հայտնի: Միայն պատմությանն ու Աստծուն է հայտնի հետեւանքներն ու վերջը: Իսկ Աստված էլ՝ վերջում է արդարությունը բանեցնում, վերջում է արդարությունը բանեցնում, ու երկուսին էլ՝ երկու քառակուսի-մետր հող: Մարդուն ու Տմարդուն: Երկու քառակուսի-մետր հող: Ու Ռոբիկը հայացքը հեռուներին տարավ ու հեռուներին հառեց ու ասաց, ասաց՝ բա, էլ ինչո՞ւ ենք կռվո՜ւմ, ո՞ւմ համար ենք կռվո՜ւմ: Էլ ինչո՞ւ ենք կռվե՜լ, ո՞ւմ համար ենք կռվե՜լ… Ու Լյովան բորբոքվե՜ց, ու այլայլվե՜ց, ու բորբոքված-այլայլված Ռոբիկին ասաց, ասաց՝ սա քո համար քաղաքացիական կյանք չի, քաղաքացիական կեցվածքի տեղ չի՝ եղա՞վ, եւ՝ անցողակի, «ձեռի հետ» ասաց՝ քո հետ առանձին կխոսեմ՝ հիմա տեղը չի՝ Ռոբիկին ասաց, ու շարունակեց ասելիքն, ու ասաց՝ մերոնք իրենց մեջներին ու արանքում, իրենց հետ կողք-կողքի ապրող կենդանի մեծերին չեն ընդունում: Չեն ընդունում իրենց հետ կողք-կողքի ապրող մեծերին. չեն  կարողանում, չեն ուզում, չեն տանում կենդանի արժեքը։ Ու ասաց՝ կենդանի արժեքը,  քանի մեզ հետ է ու մեր մեջ է՝ չենք ընդունելու ու չենք մեծարելու։ Չենք անելու՝ չէ՛: Մենք-մեր մեծերին ու մեր արժեքավորներին մեզանից՝ կտրում-հեռացնում, մեկուսացնում, բամբասում, ոտի տակ քանդում, ծաղրում, մեր եղած-չեղած դատարկությունից եւ ուռած-փուչ ինքնահավանությունից ու չկամ անգրագետի նախանձից այլասերվում եւ մեր միջի արժեքավորներին ենք քարկոծում: Առերես շողոքորթում ու թիկունքում-թաքուն ամբաստանում ենք, ընդդիմանում ենք,  գալարվում ենք, մեր անճարակությունից՝ ծափ զարկում եւ… մի ծիծաղ է, մի ծիծա՜ղ. հայրենասիրական կեցվածքներից ու փուչ խոստումներից, թալանչիներից ու սոված փորերից կռվի-պատերազմի մեջ գտնվող հայությունը բացասական լիցքերով լցվել ու… մեկը-մեկուն ատում է, իրար գլխի քարով կտան, իրար փոր կթափեն… Ու Լյովան ծանր շունչ առավ ու ծանր շունչ քաշեց ու ծանր ասաց, ասաց՝ ինչքա՜ն՝ գցում-բռնում եմ, գցում-բռնում եմ… բայց վա՜յ թե մեր գրականությունն ու պատմությունը՝ մեր ամեն-ինչը լղոզում-սվաղում-մեզ գեղեցիկ է ներկայացնում: Ասում եմ՝ մեր գրողներն ու մեր պատմաբանները՝ մեր պատմությունը մեզ գեղեցիկ են ներկայացնում… բայց մեր մեծերն ու փոքրերը, մեր ժողովուրդն ու ժողովրդի  ծոցից ելած փաշաները՝ յուրյանց մեջ-կենդանության օրոք՝ ինչո՞ւ են՝ «գնա մեռի-արի սիրեմ»՝ քարկոծվել-սիրվել, եւ իրենք-իրենց վաստակով ու մեծությամբ հանդերձ՝ իրենք-իրենց վաստակն ինչո՞ւ չեն հարգել-փայփայել-պահպանել, եւ իրենք-իրար՝ ինչո՞ւ են ամբաստանել-քարկոծել-մեկուսացրել՝ ո՛չ բոլորը՝ իհարկե՛. մենք Թումանյան ենք ունեցել: Ու մենք՝ Թումանյան ունե՛նք: Մենք Սոս Սարգսյան ու Տիգրան Մանսուրյան ունենք ու մենք՝ Մաքսիմ Հովհաննիսյան եւ Հենրիկ Էդոյան ունենք: Մենք Չարենց ենք ունեցել ու մենք՝ Չարենց ունենք: Մենք Բաժբեուկ Մելիքյան ենք ունեցել ու մենք՝ Բաժբեուկ Մելիքյան ունենք: Մենք Լեւոն Ներսիսյան ենք ունեցել ու մենք՝ Լեւոն Ներսիսյան ունենք: Մենք՝ Բագրատ Ուլուբաբյան ենք ունեցել ու մենք՝ Բագրատ Ուլուբաբյան ունենք: Մենք Խորեն Մուրադխանյան ու Վազգեն Առաջին ենք ունեցել ու մենք՝ Խորեն Մուրադխանյան ու Վազգեն Առաջին ունենք: Մենք Խանջյան ենք ունեցել ու մենք Խանջյան ունենք: Մենք Թեւան ու Նժդեհ ենք ունեցել ու մենք՝ Թեւան ու Նժդեհ ունենք: Մենք Վազգեն-սպարապետ ենք ունեցել ու մենք՝ Վազգեն-սպարապետ ունենք:Մենք Հրանտ Մաթեւոսյան ենք ունեցել ու մենք՝ Հրանտ Մաթեւոսյան ունենք: Մենք Անդրանիկ Իոսիֆյան ու Վիկտոր Համբարձումյան ենք ունեցել ու մենք՝ Անդրանիկ Իոսիֆյան ու Վիկտոր Համբարձումյան ունենք: Շա՜տ են մեր այրերը ու առա՜տ է մեր արգանդը: Առա՜տ է մեր ոգեղեն արգանդը: Ու մենք՝ լայնախո՜հ-մեծահոգի, չճկվող սաղարթով-խորքով-արմատով շա՜տ-շա՛տ իմաստուն մեծեր ենք ունեցել, ու  մենք՝ լայնախո՜հ-մեծահոգի, չճկվող սաղարթով-խորքով-արմատով շա՜տ-շա՛տ իմաստուն մեծեր ունենք:

Շարունակելի…

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930