Երեկ միջազգային օլիմպիական օրվա առիթով ՀԱՕԿ-ի կազմակերպած մարզական-մշակութային միջոցառումներն ավարտվեցին ուշ երեկոյան՝ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական մեծ համերգով:
Ազատության հրապարակում հավաքված հազարավոր երեւանցիների առջեւ հանդես եկան ճանաչված երգիչներ ու համույթներ, իսկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավռում ունեցած բազմամյա ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշաններով ու մեդալներով պարգեւատրեց չորս երախտավորների:
Բազմավաստակ մարզական մեկնաբան Միսակ Նազարյանը, որը երկար տարիներ եղել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի խմբագրի տեղակալը, պարգեւատրվեց ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալով, Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆայել Թորոյանը, որն աշխատում է հանրապետության ազգային հավաքականների հետ՝ ՀԱՕԿ-ի շքանշանով, սահմանամերձ Ոսկեպար գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ժորա Սեփխանյանը, որը տասնամյակներ շարունակ հեռավոր այդ գյուղում աճեցնում է առողջ սերունդ՝ «Տրդատ 3-րդ Արշակունի» մեդալուվ, իսկ բժշկական գիտությունների դոկտոր, Արմեն Չարչյանը, որի այցելուները հիմնականում մեծ ու փոքր վնասվածք ստացած մեր առաջատար մարզիկներն են՝ «Վարազդատ Արշակունի» մեդալով:
Օրվա ավարտին հնչեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նոր օրհներգը, որն ուղեկցվեց շքեղ հրավառությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ