Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ Արուճ գյուղի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Shamshyan.com-ին հայտնել է, որ Երեւանի բնակիչ 57-ամյա Վարդան Լազիկյանը Երեւան-Գյումրի ավտոճանապահի 41-րդ կմ հատվածում Արուճ գյուղի վարչական շրջանում, վարելով Hyundai Elantra մակնիշի Լ 29 70 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա Կարապետ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշիւ 33 VՍ 203 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում, Hyundai Elantra-ն շրջվել է նաեւ գլխիվայր: Վթարի հետեւանքով Կ. Պետրոսյանը եւ նրա ուղեւոր՝ Գյումրիի բնակիչ, 73-ամյա Սուսաննա Պետրոսյանը եւ Hyundai Elantra-ի ուղեւոր՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Արսեն Մասումյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Մասումյանը ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի X զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: