Գործարար Աշոտ Սուքիասյանի գործողություններից տուժած եւ սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին հրավիրել են հարցաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փայլակ Հայրապետյանը:
Ըստ նրա, արդեն 4-րդ անգամն է, ինչ իրեն կանչում են հարցաքննության, սակայն դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ իր ցուցմունքները նույնն է, այնինչ պետք է հարցաքննության կանչեն էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանին եւ նրա տեղակալին, բանկի կառավարչին, 23 կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իր հետ պետք է այդ գործունեությունը ծավալեին: Փայլակ Հայրապետյանի նամակներին ոչ կաթողիկոսն է պատասխանել, ոչ կենտրոնական բանկի նախագահը: «Դրան, այդ Աշոտ Սուքիասյանին պետք է բերման ենթարկեն, քանի որ իր լկտիությունը կապված է մեր երկրի երկրորդ մարդու` վարչապետի եւ կրոնի երկրորդ մարդու` Նավասարդ Կճոյանի հետ: Բացի այդ, նրա գործողություններից միայն ես չեմ տուժել: Բազմաթիվ տուժածներ կան: Մեկը մի ստից գողություն է անում, տանում 5 տարով փակում են, ինչի՞ պետք է նա անպատիժ մնա»,- ասել է սնանկացման եզրին կանգնած գործարարը:
Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: