Ժեստերը կարող են խոսել մեր զգացմունքների, տրամադրության, նաև հոգեվիճակի և բնավորության մասին: Պարտադիր չէ լիովին տիրապետել ժեստերի լեզվին, որպեսզի իմանանք մեզ անհրաժեշտ, և ոչ «հասանելի» ինֆորմացիան: Այս կարծիքին է հոգեբան Աննա Վարդանյանը. «Ժեստերի լեզվին լիովին տիրապետելու համար անհրաժեշտ է համապատասխան կրթություն ունենալ, սակայն մարդկանց ընդհանուր հետաքրքրության տեսակետից կարելի է իմանալ հաճախ կիրառվող մի քանիսի մասին»,-ասում է Աննա Վարդանյանը:
Ինչպես նշում է հոգեբանը՝ մարդիկ, ովքեր շոյում են իրենց գլխի մեջտեղի հատվածը, ձգտում են հանգստանալ՝ մի կողմ թողնելով լարվածությունը: Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց ակնոցի ծայրով թրխկացնում են սեղանին, արտահայտում են իրենց դժգոհությունը. «Անձամբ հասարակական վայրերում հաճախ եմ տեսնում տխուր դեմքով կամ պարզապես ոչինչ չասող դեմքով մարդկանց, ովքեր ձեռքով շոյում են ճակատն ու փակում աչքերը: Դա երկու իմաստ է պարունակում. կամ նրանք փորձում են թացքնել իրենց «ես»-ը՝ իրենց ձեռքի միջոցով, կամ հուսահատ են, հոգնած և թարմանալու կարիք ունեն»,-ասում է հոգեբանը:
Ըստ նրա՝ քթի հետ կապված ժեստերը հիմնականում անորոշություն, կասկածամտություն են արտահայտում: Օրինակ՝ ցուցամատով քթի տակ շոյելը անվճռականության արտահայտություն է: Եթե վերևից ներքև բութ մատով քիթը շոյում են բութ մատով՝ նշանակում է ինչ-որ բան են փորձում պարզել:
Աննա Վարդանյանի խոսքով՝ կան նաև ժեստեր, որոնց վերաբերյալ մարդիկ սխալ պատկերացում ունեն: Օրինակ՝ երբ զրուցակիցը ձեռքերը բռունցք է անում գոտկատեղին, մարդիկ ենթադրում են, թե նա ագրեսիվ է տրամադրված իրենց հանդեպ: Մինչդեռ, ինչպես նշում է հոգեբանը՝ իրականում հակառակ երևույթն է. տվյալ անձը պարզապես փորձում է նվազեցնել իր ագրեսիվությունն ու նյարդայնությունը, որը կարող է պայմանավորված լինել ինչպես տվյալ խոսակցության հետ, այնպես էլ մինչ այդ տեղի ունեցած խնդիրների հետ:
«Մի անգամ լսել եմ, որ նստածդ դիրքը ևս շատ բան կարող է ասել, օրինակ՝ եթե ոտքերդ ուղղված են որևէ մեկի կողմը, նշանակում է ՝ նրա հանդեպ հետաքրքրքություն ունեք: Այդ իսկ պատճառով սկսել եմ ավելի ուշադիր գտնվել հատկապես տղաների կողքին նստելու հարցում, որ հանկարծ սխալ բան չմտածեն. հնարավոր է՝ այլոք ևս իմանան այդ ժեստի նշանակության մասին»,-ասում է 19-ամյա Լիլիթը:
Իսկ 23-ամյա Կարինեն նշում է՝ միշտ ցանկացել է պարզել, թե ինչպես մարդ կարող է իմանալ, թե երբ է դիմացինը ստում. «Տարբեր կարծիքներ եմ լսել, այդ իսկ պատճառով չգիտեմ` որի՞ն հավատամ, բայց ինձ անչափ հետաքրքիր է»,-ասում է նա:
Հոգեբանը սրա վերաբերյալ ասում է. «Սուտը պարզելու վերաբերյալ շատ ժեստեր կան, օրինակ՝ երբ մարդ խոսելիս փակում է բերանը, նույնն է, թե քթի և շրթունքի միջև եղած հատվածն է շոյում: Նաև հայացքը կարող է խոսել այդ մասին, երբ խուսափում է Ձեր հայացքից և այլն»:
Ըստ Աննա Վարդանյանի՝ ժեստերը չպետք է շփոթել սովորությունների հետ, որոնք պարբերաբար են կրկնվում:
Նազենի Բաղդասարյան
Կարդացեք նաև