Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վանաձորցիները հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալ ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Լոռու մարզում ապրող փախստականների մասին:
Այսօր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության կամավորների նախաձեռնությամբ մեկնարկած «Բռնագաղթ-փախստականները Հայաստանում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը փախստականների ճակատագրի վերաբերյալ:
«Ցուցահանդեսի նպատակը միայն ցույց տալը չէ, սա հնարավորություն է հիշեցնելու մարդկանց, որ իրենց կողքին, Լոռիում փախստականներ են ապրում»,-Aravot.am –ի հետ զրույցում ասում է ՀՔԱՎ-ի կամավոր, ցուցահանդեսի նախաձեռնողներից Դանիել Լաբերը:
Նա պատմում է, որ երբ առաջին անգամ փորձել է խոսել Լոռիում ապրող փախստականների հետ, նրանք սկզբում զարմացել են, ապա իրենք են ցանկացել պատմել իրենց պատմությունը. «Անակնկալի էին եկել, զարմացած էին, հետո արդեն ուրախ էին, որ եկել ենք, խոսում ենք իրենց մասին, լսում իրենց պատմությունները»:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կա ավելի քան 15 միլիոն փախստական: Հայաստանը եւս բացառություն չէ: Ադրբեջանում ու Իրաքում եւ վերջերս` նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցած հակամարտությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունում 9900 անձ փախստականի կարգավիճակ ունի:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ