Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Ղարիբյան. «Համատեղել եմ առկա ուսուցումը հայցորդության հետ, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը»

Հունիս 22,2013 18:19

«Առավոտում» հունիսի 19-ին հրապարակված էր Դավիթ Ղարիբյանի՝ բաց նամակը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշտոյանին՝ «Աջակցեք՝ ԲՈՀ-ից հիմնավոր որոշում ստանամ» վերնագրով:

Հաջորդ օրը ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանը,  «Այսօր» էլեկտրոնային կայքին տված հարցազրույցում որոշ մեկնաբանություններ էր արել նաեւ Դավիթ Ղարիբյանի գործի հետ կապված:

Այսօր «Առավոտը» ստացավ Դավիթ Ղարիբյանի պարզաբանումները ԲՈՀ նախագահի մեկնաբանությունների առնչությամբ:

«Ցանկանում եմ մի շարք պարզաբանումներ անել պարոն Ղուկասյանի՝ «Այսօր» էլեկտրոնային կայքին տված հարցազրույցում տեղ գտած որոշ հայտարարությունների առնչությամբ:

Առաջինը վերաբերում է այն փաստին, որ, լինելով ԵՊՀ ասպիրանտ, ես «հանկարծակի տեղափոխվել եմ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան և ձևակերպվել որպես հայցորդ»: Հարկ է նշել, որ ընդունվել եմ ասպիրանտուրա, հանձնելով ընդունելության քննությունները (այդ թվում ստացել եմ «գերազանց» գնահատական հայ գրականությունից), իսկ լինելով ԵՊՀ-ի ասպիրանտ, ես 3 տարվա ընթացքում ծավալել եմ իմ ասպիրանտական գործունեությունը, չեմ հրաժարվել ասպիրանտական պլանով նախատեսված, որևէ պարտականությունից, դասավանդել ԵՊՀ Հայ գրականության ամբիոնում: Զուգահեռաբար կես դրույքով հանդիսացել եմ նաև Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուս և սլավոնական լեզվաբանության ամբիոնի դասախոս, ինչին տեղյակ էին ԵՊՀ-ում: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում հայցորդ ձևակերպվելով՝ ես ընդամենը համատեղել եմ ուսման առկա ձևը հայցորդության հետ, ինչն օրենսդրորեն արգելված չէ:

Մասնագիտությունների տարբերության վերաբերյալ հարկ է նշել, որ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում ես ուսանել եմ «Լեզվաբանություն, ռուսաց լեզու» մասնագիտությամբ, և հենց այդ որակաորումն էլ ինձ իրավունք տվեց դասավանդելու Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուս և սլավոնական լեզվաբանության ամբիոնում և այդ նույն ամբիոնում հայցորդ ձևակերպվել:

Ինչ վերաբերում է, «Հայ գրականություն» մասնագիտությամբ «ԵՊՀ-ում մասնագետ չպատրաստելուն», ապա հարկ է նշել, որ 2012 թ. դեկտեմբերին «Սլավոնական լեզուներ» մասնագիտությամբ թեկնածուական թեզի պաշտպանությունից հետո ԵՊՀ-ի Հայ գրականության ամբիոնի ղեկավարության կողմից իմ հետագա ասպիրանտական գործունեությունը կտրուկ ձեւով նպատակահարմար չհամարվեց, ինչից հետո էլ, սակայն, ես չեմ հրաժարվել ասպիրանտական պլանով նախատեսված որևէ պարտականությունից եւ շարունակել եմ վարել «Հայ գրականության պատմություն» առարկայից նախատեսված դասաժամերը:

Այսպիսով, խոսքը գնում է ոչ թե ԵՊՀ-ն լքելու և այդ հաստատությունում առկա ուսուցման հաշվին այլ մասնագիտություն ստանալու մասին, այլ առկա ուսուցումն ու հայցորդությունը համատեղելու մասին, ինչը, որևէ կերպ չի հակասում ՀՀ օրենսդրությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930