«Երկրները` մեկ հարկի տակ» ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը Երեւանի Հյուսիսային պողոտայում:
Փառատոնի կազմկոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 22-ին տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը Երեւանի դահլիճներից որեւէ մեկում: Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող եւ ներկրող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները եւ Հայաստանում գործող բոլոր դեսպանատները եւ հյուպատոսությունները: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ:
Փառատոնը մեկնարկել է 2012թ.: Հայաստան են ժամանել արտերկրա հայ եւ օտարազգի գործարարներ, մասնակցել են 18-ից ավելի երկրի ներկայացուցիչ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց հետ, կապեր հաստատել, կնքել պայմանագրեր եւ համագործակցել: Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել լավագույնս ներկայանալ եւ ներկայացնել սեփական արտադրանքը:
Այս տարի եւս փառատոնը միտում ունի ավելի զարգացնելու եւ նոր կապեր հաստատելու Հայաստանի եւ արտերկրյա գործարարների միջեւ: Պաշտոնական բացմանը կմասնակցեն ՀՀ նախարարություններ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պետական այրեր, դեսպաններ:
Փառատոնին ներկա կլինեն բոլոր ոլորտների ներկայացուցիչները` մթերք, խմիչք, տեքստիլ, նորաձեւություն, ինովացիա եւ այլն:
Մասնակիցներն են` ՀՀ-ում գործող դեսպանություններ, հյուպատոսություններ, արտասահմանյան երկրներ (Ֆրանսիան, Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը Հայաստանի հանրապետությունում, Բելոռուսը, Թուրքմենիան, Սիրիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռումինիան, Էստոնիան, Ուկրաինան, Ղազախստանը, Հայաստանը եւ այլ դեսպանություններ, հյուպատոսություններ):
Փառատոնի ընթացքում կկատարվի նաեւ հանգանակություն, որի ողջ հասույթը կտրամադրվի բարեգործության:
Փառատոնին կարող են մասնակցել նաեւ սփյուռքահայ գործարարներ: