Էդգար Ղազարյանը նեղսրտած չէ Եղեգնաձորի ընտրությունների արդյունքներով, ավելին՝ դրական է գնահատում դրանք
Անցյալ տարի սեպտեմբերին Եղեգնաձոր քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններն ուղեկցվեցին ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությամբ՝ տեղական մակարդակում: Վայոց ձորի նորանշանակ մարզպետ, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը, ով նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուղեկցում էր Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված, այն ժամանակ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին, խիստ քննադատության է ենթարկում իր նախորդին՝ Սերգեյ Բագրատյանին, ով ԲՀԿ-ն էր ներկայացնում՝ ըստ էության «քար շպրտելով» նաեւ քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Դավիթ Հարությունյանի ուղղությամբ: «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին, ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 ջիպերով կընկնեն ետեւից կգան, դեմը կկանգեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»,- հանդիպումներից մեկի ժամանակ, մասնավորաբար, ասել էր Էդգար Ղազարյանը: Դրան հաջորդեց մարզպետին ուղղված ԲՀԿ առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի հանդիմանանքը: Արդյունքում առաջիկա տարիներին Եղեգնաձորը կկառավարի ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
Օրերս Էդգար Ղազարյանի հետ զրույցում «Առավոտը» փորձեց հասկանալ՝ ընտրական շրջանում ծավալված վեճը որեւէ շարունակություն ունեցա՞վ, իր կուսակցական վերնախավը հանդիմանե՞ց մարզպետին Ծառուկյանի նկատմամբ ոտնձգության համար: «Որեւ քննարկում կուսակցությունում չի եղել»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ ընտրական վեճն էլ շարունակելու խնդիր չի եղել. «Յուրաքանչյուր պաշտոնյա գործում է իր իրավունքների շրջանակներում: Մեր երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով տեղական ինքնակառավարումը պետական իշխանության մաս չի կազմում, տեղական ինքնակառավարման մարմինները գործում են ինքնուրույն, սեփական պատասխանատվությամբ, հաշվետու են իրենց բնակիչներին, եւ մարզպետների հետ փոխհարաբերությունները սահմանափակվում են նրանով, որ մարզպետներն իրականացնում են ֆինանսական, իրավական եւ վարչական հսկողություն ՏԻՄ մարմինների գործունեության նկատմամբ: Ես օրենսդրությամբ ինձ վերապահված լիազորությունները պատշաճ կերպով իրականացնում եմ, եւ որեւէ խնդիրներ չեն առաջանում»: Էդգար Ղազարյանը պնդում է, որ իր անձնական հարաբերությունները որեւէ պաշտոնյայի հետ չեն կարող պաշտոնական հարաբերությունների հետ խառնվել: Մի խոսքով՝ հայտնի ֆիլմի հայտնի խոսքը վերափոխելով՝ կստացվի, որ մարզպետը չի խառնում «սեփական բուրդը պետականի հետ»: Նա վստահեցնում է, որ մարզում ՀՀԿ-ԲՀԿ հակադրություններ էլ չկան, ու ընտրական շրջանում եղած մրցակցությունը պայմանավորված է եղել զուտ քաղաքական գործընթացներով, որոնք ինքը նորմալ է համարում: «Քննադատությունները եղել են զուտ քաղաքական, դրանք անձնավորված չեն եղել եւ վերաբերվել են զուտ կուսակցական գործունեությանը: Ես դրան նորմալ եմ վերաբերվում: Այդ քննադատությունը չէր կարող վերաճել այնպիսի ատելության կամ ինչ-որ բանի, որոնք պետք է պատճառ հանդիսանան, որ ես իմ պարտականություններում սահմանափակումներ դնեմ, չկարողանամ կատարել, նման բան գոյություն չունի: Ես իմ լիազորություններն իրականացնում եմ շատ վստահ եւ փորձում եմ բարեխիղճ գտնվել»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Մարզպետն այն կարծիքին է, որ ընտրությունների արդար ընթացքն է ձեռք բերումը՝ անկախ նրանից, թե որ թեկնածուն է հաղթել. «Օրինակ՝ Եղեգնաձորի ընտրությունները ցույց տվեցին նախեւառաջ Եղեգնաձորի հանրությանը, որ որեւէ մեկը որպեսզի ընտրվի համայնքի ղեկավար, նա պետք է վայելի համայնքի ղեկավարների վստահությունը եւ ոչ թե իշխանության կոնկրետ ներկայացուցիչների: Կարող է, այո, մարզպետը պաշտպանի թեկնածուի, դա անի հրապարակայնորեն, անի շատ մեծ ակտիվությամբ, բայց ընտրվի այլ թեկնածու: Դա պարտավորություն է առաջացնում եւ ընտրված մարդու նկատմամբ, եւ հետագա հավակնորդների: Ինձ գոհացնում են Եղեգնաձորի ընտրությունների արդյունքները՝ իրենց ժողովրդավարական արդյունքի իմաստով. հասարակությունը տեսնում է, որ իր կատարած ընտրությունը եւ արդյունքն ուղղակիորեն համապատասխանում են: Դա վստահություն է բերում եւ ընտրված իշխանավորի, տվյալ դեպքում՝ քաղաքապետի, եւ մեր նկատմամբ, որ ընտրությունների արդյունքների վրա անօրինական միջամտելու փորձեր չենք արել: Հաշվի ենք նստել մեր հանրության կարծիքի հետ, իսկ դա մենք միշտ ենք անում»: Դիտարկման հետ, որ փաստորեն Եղեգնաձորում հանրությունը իշխող ՀՀԿ-ին չվստահեց, մարզպետը չհամաձայնեց. «Չեմ կարծում, որ դա կուսակցության նկատմամբ անվստահություն է, որովհետեւ տեղական ընտրություններում, ի տարբերություն համապետական ընտրությունների, թեկնածուի անձնական ֆակտորի ազդեցությունն ավելին է, քան քաղաքական: Մնացածը ժամանակը ցույց կտա. որոշ մարդիկ կհաստատվեն, որոշները կզղջան իրենց ընտրության համար»: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների արդյունքներով էլ Եղեգնաձորում հաղթել էր ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մարզի սոցիալական խնդիրներին վերաբերող զրույցի մանրամասները՝ առաջիկա համարներից մեկում
«Առավոտ» օրաթերթ