Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանական վճարներով ալյուր են բաժանում ու լուսավորության հարց լուծում

Հունիս 22,2013 13:03

Մեծ Այրում եւ Ճոճկան գյուղական համայնքների մեջտեղում գտնվող Լոռու մարզի ամենամեծ պոչամբարը լուսանկարելու համար ընդամենը մի քանի րոպե կանգ առանք այդ տարածքում: Թափոնաջրերի լճից եկող տհաճ հոտը, անգամ Լոռվա փարթամ բնության առկայությամբ, օդը ծանրացնում էր: Շրջակա գյուղերի բնակիչների կողմից «Նահատակ» անունը ստացած պոչամբարը, որտեղ տարիներ ի վեր թափվում են Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատի թունավոր թափոնները, շարունակում է ավելի ու ավելի ընդլայնել իր սահմանները՝ մոտակա գյուղական համայնքներին պատճառելով վնասներ:

Մերձակա գյուղի բնակիչները պոչամբարից արձակվող տհաճ հոտին արդեն վարժվել են, բայց սրտխառնոց, գլխապտույտներ ու շնչառական խնդիրներ ունեն գրեթե ամեն օր: Մեծ Այրում գյուղի գյուղապետ Սահակ Նազարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ պոչամբարը բացասաբար է անդրադառնում հատկապես գյուղի ներքեւի հատվածում բնակվող գյուղացիների առողջության վրա, որոնց տները թափոնների գերեզմանոցից ընդամենը մեկ ճանապարհ է բաժանում: Որեւէ լուրջ կազմակերպության հետազոտություն չկա, թե այդ հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած նյութերն ինչ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար, եւ այս կամ այն պոչամբարն ինչ քանակությամբ ծանր մետաղներ է պարունակում, բայց անզեն աչքով էլ է երեւում, որ վնասակարությունն առկա է: «Տարիների ընթացքում շրջակա տարածքների մշակովի հողերը սկսեցին քիչ ու անորակ բերք տալ, մոտակայքում արածող անասուններն էլ՝ սատկել»,- պատմում են տեղաբնակները: Կենդանի չի մնում թափոնաջրերի մեջ հայտնված եւ ոչ մի ծառ: Այդպիսիք «Նահատակ» պոչամբարում շատ կային:

Հանքավայրերի շահագործումից առաջացած թափոնների գերեզմաններն այսօր համար առաջին բնապահպանական խնդիրների թվում են Հայաստանում, սակայն պետությունը չի ընդունում, որ դրանք իսկապես վնասներ են հասցնում շրջակա միջավայրին: Վերջերս «Ընդերքի մասին» օրենսգրքում տեղի ունեցած փոփոխության արդյունքում պոչամբարները դիտարկվեցին որպես տեխնածին հանքեր՝ պոչամբարների սեփականատերերին ազատելով շրջակա միջավայրին հասցրած վնասը փոխհատուցելուց: Հանքերի սեփականատերերը պոչամբարների համար բնապահպանական տուրքեր կվճարեն այն դեպքում, երբ սկսեն դրանք որպես հանք շահագործել: Ներկայումս հանքարդյունահանող ընկերությունները պետբյուջե են վճարում բնապահպանական վճարներ, որից կատարվող մասհանումներն օգտագործվում են այն համայնքների բնապահպանական եւ առողջապահական խնդիրների լուծման համար, որտեղ այդ ընկերություններն իրենց գործունեությամբ համայնքի վրա թողնում են վնասակար ազդեցություն:

Այս հարցը կարգավորվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով:

Լեռնահարստացուցիչ կոմբինատի կատարած բնապահպանական վճարներից անցյալ տարի Ախթալա համայնքին փոխանցվել է 1 միլիոն 500 հազար դրամ, այս տարի նախատեսված է հատկացնել 3 միլիոն 500 հազար դրամ գումար: Այսօր մի շարք մասնագետներ ահազանգում են, որ այդ գումարները նպատակային չեն օգտագործվում, եւ որ համայնքները առողջապահական եւ բնապահպանական ծրագրերի անվան տակ այդ գումարներն ուղղում են համայնքի այլ կարիքները հոգալուն՝ ճանապարհներ են վերանորոգում, մանկապարտեզներում երեխաների սնունդն են ապահովում, բնակիչներին ալյուր են բաժանում, շենք-շինություններ վերանորոգում եւ այլն:

«Այդ գումարների նպատակայնությունը որոշում է տվյալ համայնքի ավագանին: Ծրագիրը հաստատվելուց հետո ուղարկվում է բնապահպանության եւ առողջապահության նախարարություններ, եւ եթե ծրագիրը չի բխում առողջապահական կամ բնապահպանական ծրագրերից, մերժվում է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը: Քաղաքապետի տվյալներով՝ Ախթալայում բնապահպանական վճարների 30%-ը հատկացվում է առողջապահական, իսկ 70 %-ը՝ բնապահպանական ծրագրերի համար: Ախթալայում առողջապահական ծրագրով 2 մանկապարտեզների երեխաներին լրացուցիչ սնունդ է հատկացվում, իսկ բնապահպանական ծրագրով քաղաքապետարանն աղբամաններ է ձեռք բերել, բակերի խաղահրապարակների համար՝ ճոճանակներ, զբոսայգու տարածքն է ցանկապատել, նախատեսում են նաեւ վերանորոգել թիվ 3 մանկապարտեզի շենքը:

«Համայնքը ապրող, շնչող օրգանիզմ է, եւ անընդհատ կարիքներ են առաջանում»,- պարզաբանում է պարոն Խաչիկյանը: Մեր հարցին, թե համայնքի ճանապարհները բնապահպանական վճարներով վերանորոգելը նույնպե՞ս նպատակային ծախս է, Հ. Խաչիկյանն ասաց. «Այդ ճանապարհներից հիմնականում օգտվում են հանքարդյունաբերության ձեռնարկության ծանրաքարշ մեքենաները, ու եթե այդ ճանապարհները լավ վիճակում չեն, այդ ճանապարհահատվածն անցնող ավտոմեքենաներն ավելի շատ վնասակար նյութեր են արտանետում մթնոլորտ, եւ դա առաջացնում է բնապահպանական խնդիր»:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» համայնքային հ/կ տնօրեն Օլեգ Դուլգարյանը գտնում է, որ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանը շրջակայքի՝ Հաղպատ, Աքորի, Ալավերդի համայնքների բյուջե բավականաչափ մեծ գումարներ է փոխհատուցում, սակայն այլ հարց է, թե այդ համայնքները որքանով են նպատակային ծախսում դրանք: Օ. Դուլգարյանի համոզմամբ՝ մեր երկրում ավագանու ինստիտուտի ոչ կայացած լինելը նույնպես նպաստում է, որպեսզի այդ գումարները հասցեական չօգտագործվեն. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ համայնքներում նախապատվությունն ավելի շատ տրվում է սոցիալական խնդիրների լուծմանը, օրինակ՝ ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ավագանին կարողանում է հիմնավորել, որ դա եւս բնապահպանական խնդիր է: Համայնքի լուսավորության հարց են լուծում, աղբահանության վրա են ծախսում: Դրանց մի մասն է միայն օգտագործվում ծառատունկի, առողջապահական հիմնարկների վերանորոգման, վերազինման, բուժհիմնարկների ծառայությունների որակի բարելավման համար, ինչը, ենթադրում եմ, շատ կարեւոր է:

Հաղպատ համայնքում բնապահպանական վճարների գումարներով ազգաբնակչությանն ալյուր են բաժանում, ասում են՝ մարդկանց սնունդը պետք է տեղը լինի, բայց եթե խոսքը գնում է, որ մարդու օրգանիզմը պետք է այս կամ այն սնունդով հագեցվի, որպեսզի նա դիմակայի վտանգներին, պետք է ուսումնասիրվի, թե տվյալ մարդուն ի՞նչ սնունդ է պետք, եւ ըստ այդմ էլ համապատասխան սնունդ հատկացվի»:

Ախթալայի քաղաքապետը գտնում է, որ հանքարդյունաբերող ընկերությունների՝ պետբյուջե վճարելիք բնապահպանական վճարների դրույքաչափերը պետք է բարձրացվեն. «Բնապահպանական վճարների մասին օրենքն ընդունվել է դեռեւս այն ժամանակ, երբ Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները մասնավորեցված չէին, եւ մինչ օրս էլ օրենքը փոփոխություններ չի կրել դրական առումով: 2002-ին, երբ մասնավորեցվեցին հանքարդյունաբերական ձեռնարկությունները, պղնձի գների 1 տոննան տատանվում էր $2400-2600-ի սահմաններում, վերջին տարիներին պղնձի գները հասել են $7-9 հազարի: Պղինձը թանկացել է, սակայն հանքարդյունաբերողների դրույքաչափերը մնացել են նույնը: Այս առումով օրենսդրական փոփոխություն պիտի կատարվի: Բացի այն, որ պղնձի գներն են բարձրացել, առհասարակ ժողովրդի սպառման համար առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկացել: Այդ դրույքաչափերը պետք է բարձրացվեն եւ համապատասխանեցվեն բնապահպանական վճարների միջազգային դրույքաչափերին»: Պարոն Խաչիկյանը գտնում է, որ հանքարդյունահանողները պոչամբարների համար էլ պետք է մասհանումներ կատարեն պետբյուջե, քանի որ դրանք նույնպես մեծ վնասներ են հասցնում շրջակա միջավայրին: Ամերիկյան համալսարանի վերջերս կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ախթալա եկեղեցու մերձակայքում գտնվող պոչամբարում ծանր մետաղ համարվող արսենիումի չափաքանակը թույլատրելի սահմանը գերազանցում է 1,2 անգամ, կադիումը՝ 1,1 անգամ, քրոմը՝ 2,4 անգամ եւ այլն: Հ. Խաչիկյանի կարծիքով՝ այդ արտանետումներն առաջացնում են քաղցկեղածին նյութեր, եւ, ըստ նրա, պատահական չէ, որ Ալավերդու տարածաշրջանում քաղցկեղով հիվանդների ցուցանիշը բարձր է:

Որ քաղցկեղածին հիվանդությունների ցուցանիշները այս տարածաշրջանում միշտ էլ բարձր են եղել, «Առավոտ»-ի հետ զրույցում նաեւ հավաստեց Ախթալայի առողջության կենտրոնի տնօրեն-բժիշկ Կարեն Ազարյանը. «Հիմնականում այստեղի հիվանդությունը հանքափորներին հատուկ հիվանդություն է, բացի այդ՝ եթե այստեղ կա սվինեց, մոլիբդեն, որոնք ուրանի շղթայական ռեակցիայի վերջնական մասն են, ապա ռադիացիայի ֆոնն այստեղ փորք-ինչ բարձր է: Վերջին շրջանում բնակչության մոտ ալերգիաներն են շատացել, որոնք հիմնականում երեխաների մոտ են նկատվում, 2-3 երեխա արդեն բրոնխիալ ասթմայով է հիվանդ: Չեմ կարող ասել, թե ալերգիաները որքանով են կապված հանքերի հետ եւ միանշանակ այն կապել հանքարդյունաբերության հետ չի կարելի, բայց աղտոտված մթնոլորտը, անհայտ ծագման սնունդը նպաստում են ալերգիաների ի հայտ գալուն»: Բժիշկ Ազարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մանկապարտեզներում երեխաներին լրացուցիչ սնունդ տալով՝ մանուկներին փոխհատուցվո՞ւմ է առողջությունը, որը վտանգի տակ է դրվում հանքարդյունահանող ընկերությունների գործունեության հետեւանքով, եւ արդյոք նպատակահարմար չէ՞ բնակչության համար կոնկրետ առողջապահական ծրագրեր իրականացնել, որոնք գոնե հնարավորինս կկանխարգելեն հիվանդությունները:

«Գիտեք, այսօր սոցիալական պայմաններն այնպիսին են, որ մարդիկ կան, որոնց երեխաները մանկապարտեզներում ավելի լավ են սնվում, քան իրենց տանը: Իհարկե, այդ սնունդը մարդու օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնում է, եւ մարդը կարող է որոշ հիվանդություններ շրջանցել»: Մեր այն դիտարկմանը, թե գուցե որոշեն սնունդն է՞լ հասցեական հատկացնել, թե ով ինչի կարիք ունի, բժիշկ Ազարյանի խոսքերով. «Շատ դժվար է առանձին-առանձին որոշել, թե ում ինչ սնունդ տալ, բայց այսպես երեխաները գոնե նորմալ սնվում են: Դա էլ քիչ բան չէ»:

Վորլդ վիժն Հայաստան կազմակերպության առողջապահության ոլորտի քաղաքականության եւ որակի վերահսկման փորձագետ Նաիրա Ղարախանյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր պետք է օրենքում կատարել փոփոխություն եւ հստակեցնել՝ ինչ է նշանակում առողջապահական ծրագրեր եւ ինչպիսի ցանկ պետք է լինի, որի շրջանակներում համայնքապետերը կարող են դրանք դիտարկել որպես առողջապահական ծրագրեր: Ըստ նրա՝ վերջերս իրենց կազմակերպությունն ուսումնասիրություն է կատարել, թե համայնքներն ինչպես են ծախսում բնապահպանական վճարները: Վորլդ վիժն-ը պարզել է, որ որոշ համայնքների ներկայացրած բնապահպանական եւ առողջապահական ծրագրերն ամենեւին էլ բնապահպանական եւ առողջապահական չեն. «Բայց դա չէ խնդիրը, խնդիրը կայանում է նրանում, որ ծրագրերը, որոնք գրված են օրենքում, կոնկրետ բնապահպանական տուրքերի օգտագործման առողջապահության ոլորտում չեն կարող դիտարկվել որպես առողջապահական: Մանկապարտեզներին ապահովել սնունդով. սա համայնքապետերը դիտարկել են առողջապահական ծրագիր, եւ հարց է ծագում՝ եթե չլինեին բնապահպանական տուրքերը, ի՞նչ է, համայնքները չէի՞ն կարող այդ նույն սնունդը ապահովել երեխաներին, այսինքն՝ շատ երկակի, իրեն հակասող բան է ստացվում, թվում է, թե դրանք առողջապահական ծրագրերի համար են օգտագործել, բայց իրականում մաքուր առողջապահական ծրագրեր չեն»:

Ն. Ղարախանյանի ներկայացմամբ՝ օրերս Վորլդ վիժն Հայաստան կազմակերպությունն այս հարցի առնչությամբ կլոր սեղան է հրավիրել եւ որոշել օրենքի բազային տարբերակն ուղարկել բնապահպանության եւ առողջապահության նախարարություններ, որպեսզի յուրաքանչյուր գերատեսչություն իր կարծիքը հայտնի, եւ ըստ այդմ էլ կազմակերպությունը կարողանա օրենքում փոփոխություններ ու լրացումներ անել: Կազմակերպությունը պատրաստվում է «Մոր եւ մանկան առողջության դաշինքի» անունից, որտեղ ընդգրկված են 47 հասարակական կազմակերպություններ, լրամշակված օրենքն ուղարկել Ազգային ժողով:

«Այդ տուրքերը պետք է օգտագործվեն նպատակային: Այդ գումարներով պետք է կատարվեն առողջապահական հետազոտություններ, սկրինինգ, բուժում, քարոզչություն, հանրային առողջության տարբեր այլ-այլ էլեմենտներ»,- ասում է Ն. Ղարախանյանը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ուսումնասիրելով միջազգային փորձը՝ նկատել է, որ նույնիսկ ամենազարգացած երկրներում առողջապահությանը տրվող ֆինանսավորումը բավարար չէ բոլոր ծախսերը հոգալու համար, եւ ըստ նրա՝ նույնիսկ զարգացած երկրները դիտարկում են այլընտրանքային ֆինանսավորման մոդելներ. «Մենք ներկայումս քննարկում ենք բնապահպանական վճարների նպատակային օգտագործաման մասին օրենքը եւ դրա շրջանակներում հավաքագրվող միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու հարցը: Մեր կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ համայնքները հիմնականում դրանք ծախսում են մի շարք ծրագրերի վրա, որոնք մասնակիորեն են առնչվում առողջապահությանը: Մինչդեռ պետք է այդ ծախսերն անմիջական կապ ունենան այդ ընկերությունների գործունեությամբ պայմանավորված համայնքի բնակիչների առողջության պահպանման խնդիրներին, այսինքն՝ պետք է պատճառահետեւանքային կապը լինի, եւ ծրագրերն ավելի շատ առողջապահական ուղղվածություն ունենան:

Մտածում ենք օրենսդրական փոփոխություններով հանդես գալ, մասնավորապես՝ այդ գումարները որտեղ են ծախսվում, ինչ ձեւով են ծախսվում, եւ ինչ քայլեր կարող ենք անել՝ թե օրենսդրական, թե գործնական, որպեսզի բարելավենք այդ գումարների ծախսման արդյունավետությունը»:

Թե ինչու բնապահպանական վճարները նպատակային չեն ծախսվում՝ մեր հարցին պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը պատասխանում է, որ հիմնական խնդիրն այն է, որ համայնքները համապատասխան կարողություններ չունեն՝ գնահատելու համար, թե իրենց համայնքներում ինչ առողջապահական կամ բնապահպանական խնդիրներ կան. «Այդ կարողություններն ունեն առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները, եւ հավանաբար ճիշտ կլինի, որպեսզի նրանք այդ վճարները ստացող համայնքներին օգնեն կողմնորոշվել մեթոդական վերլուծական նյութերով, օգնեն կողմնորոշվել, թե որ խնդիրներն են այդ համայնքներում առաջնահերթ, որպեսզի փորձեն այդ խնդիրներին լուծում տալ»: Պարոն Քյուրումյանի ներկայացմամբ՝ իրենք 7 համայնքում ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են օգտագործվում այդ միջոցները. «Յոթից վեց համայնքում այդ միջոցներն օգտագործվում էին նախադպրոցական տարիքի երեխաներին սննդի համար, շատ կարեւոր խնդիր է, բայց այդ սննդի ապահովումը համայնքի պարտավորությունների շրջանակում է: Պետք է համայնքն իր պարտականությունը կատարի իր միջոցների հաշվին, իսկ այն գումարները, որոնք պետբյուջեից տրվում են նպատակային հատկացումների տեսքով, պետք է ծառայեն համայնքում բնապահպանական եւ առողջապահական խնդիրների լուծման համար»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930