Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը իրականացնում է «Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնությունը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաեւ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, «Ավելի մաքուր Երեւան»» նախաձեռնության առաջին մաքրման աշխատանքներն իրականացվել են Հրազդանի կիրճում՝ կիրճի ողջ երկայնքով։ Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր մեքենասարքավորում՝ աղբատար ու ջրցան։ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների կոմունալ եւ կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին աջակցել են նաեւ ավելի քան 400 կամավորներ՝ բուհերի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ։
Երեւանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ այս կերպ հնարավոր կլինի մաքրել Երեւանի ամենամարդաշատ կանաչ տարածքները, հատկապես այն, որոնք բնակիչները վերածել են հանգստի վայրերի, որտեղ այդ պատճառով աղբի մեծ քանակություն է կուտակվում։
Կարդացեք նաև
«Ավելի մաքուր Երեւան»-ը ծրագիր է, որի միջոցով, նաեւ կամավորների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականացվելու Երեւանի հանրային օգտագործման կանաչ զանգվածներում։ «Ավելի մաքուր Երեւան» ծրագիրի հաջորդ հավաքը հունիսի 29–ին է`«Հաղթանակ» զբոսայգում։