Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թե ինչպես տուն տարված զազի բալոնը «խոսեց» ՝«մի վախեցիր, շտապ բաց»

Հունիս 22,2013 12:58

Ամենազավեշտալի փախուստը՝ հայաստանյան բանտից

Ես հաճախ եմ առնչվում դատապարտյալների հետ կապված քրեական գործերին: Ինչպես նախաքննության փուլում, դատաքննության, այնպես էլ՝ դատաքննությունից հետո: Բազմաթիվ գործերի մեջ ինձ համար ամենահետաքրքիրը նրանց փախուստներին, «նախափախուստներին» առնչվող գործերն են:

Որպես կանոն, դրանք կապ ունեն շինարարության «նախապատրաստման» հետ, դատապարտյալները փորձում են իմիտացիա ստեղծել, թե անխնամ խցերում՝ իրենց զբաղեցրած անշուք տարածքներում մտադիր են վերանորոգումներ անել:

Եվ լավ օրից չէ, որ քրեակատարողական հիմնարկների վարչակազմը նրանց հատկացնում է շինարարության համար անհրաժեշտ պարագաները, միջոցները:

Այս տարի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, դատապարտյալ Զավեն Մակարյանն իր վրա լուծիչ էր (растворитель) լցրել, ինչի հետեւանքով ստացել էր այրվածքներ եւ տեղափոխվել անգամ քաղաքացիական հիվանդանոց: Զավեն Մակարյանի մոտ այդ լուծիչը հենց այնպես չէր հասել. այն օրինական տրվել էր՝ խցում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով: «Շինարարության» հետեւանքով կալանավորն առժամանակ չկարողացավ մասնակցել դատական նիստերի:

Մեկ այլ քրեական գործ էլ կապված է դեռեւս ընթացող մի դատավարության հետ:

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ, ցմահ ազատազրկման դատապարտվածներ Արտակ Ճաղարյանի, Արարատ Մուրադխանյանի եւ Հովսեփ Սահակյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է խոսքը: Նրանք իրենց խցում դարձյալ վերանորոգում կատարելու պատրվակով, վարչակազմից օրինական կարգով ստացել էին մուրճ, պտուտակահան, «զուբիլ», փորձել էին, ըստ իրենց մեղադրական եզրակացության, բացել խցի սանհանգույցի առաստաղը: Այնտեղից նրանք մտադիր էին դուրս գալ քրեակատարողական հիմնարկի զբոսասրահ եւ փախչել: Սակայն անցյալ տարվա ապրիլին խցում իրականացված խուզարկության ժամանակ խորշը հայտնաբերվել էր:

Դատապարտյալների փախուստների գործերով ամենաուշագրավը, թերեւս, թիվ 62200198 գործն է եղել:

Առաջին անգամ այս գործի մասին լսել եմ մեղադրանքը հաստատած նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանից:

Այն կապված է դատապարտյալ Սամվել Գասպարյանի փախուստի հետ:

«Տուն բերվեց գազի բալոնը: Այն պետք է լիցքավորեի, եւ դարձյալ ուղարկեինք դատապարտյալների հիվանդանոց:

Երեկոյան ժամ էր, երբ դռան թակոցի ձայն լսեցի, մոտեցա դռանը, բացեցի, սակայն մարդ չկար: Տնից դարձյալ ձայն լսեցի: Անցա խոհանոց: Մեկ էլ……գազի բալոնը «խոսեց»՝ բաց արա, մի վախեցիր»,-«Առավոտին» պատմում է այս գործով գազի բալոնի «խնդրանքը» լսած, հետագայում այս գործով դատապարտված տանտիրուհին:

Իրականում, ինչ էր տեղի ունեցել:

Գազի բալոնում պատսպարված Սամվել Գասպարյանը, որն իր պատիժը կրելիս է եղել դատապարտյալների հիվանդանոցում, որոշել է դիմել փախուստի: Նա մտերմացել է ճաշարանի խոհարարի՝ դատապարտյալ Մամիկոն Չատիկյանի հետ: Փախուստն իրականացնելու համար նրանք մշակել են ծրագիր, համաձայն որի՝ ճաշարանի խոհանոցում գտնվող սառնարանը ֆրեոն գազով լիցքավորելու պատրվակով, հատուկ պատվերով պիտի պատրաստվեր:

Արտաքինից մետաղյա տակառ հիշեցնող բալոնի մեջ տեղավորվելով՝ թաքնված վիճակում դատապարտյալը պետք է դուրս հանվեր դատապարտյալների հիվանդանոցից:

Դատապարտյալները հաշվի էին առել այն, որ սառնարանն իրոք վատ էր աշխատում, եւ չի սառեցվում հենց այդ գազի պակասության պատճառով:

Դատապարտյալն իր «մտահոգությունն» էր հայտնել վարչակազմին, ասելով նաեւ, որ իր հարազատները կարող են օգտակար լինել բալոնով, որը, ադմինի համաձայնության դեպքում, կարող են օգտագործել:

«Խեղճ» ադմինիստրացիային այլ բան չէր մնում, քան համաձայնել:

Մեր զրուցակից կնոջ նկատմամբ, որի բնակարանում գազի բալոնը բացվեց, հարուցվում է նույնպես քրեական գործ:

Ըստ քննչական մարմնի, կինը «լավ էլ» տեղյակ է եղել բալոնում գտնվողի մասին:

Նախաքննության մարմնի համաձայն, կինը (որի անուն-ազգանունը չեմ հրապարակում նրա իսկ խնդրանքով) ինչ-որ մի դատապարտյալի խնդրանքով տեսակցության է գնացել Սամվել Գասպարյանին:

Վերջինը խնդրել էր, որ պատրաստվի նման բալոն, տվել էր գծագիրը, չափերը:

Դատապարտյալի խնդրանքի հետ կապված, կինը «Հայէլեկտրո» գործարանում պատվիրում է բալոնը: Տակառի վրա գործարանային  արտադրության փոքր՝ 3-5 կգ տարողությամբ մեկ այլ բալոն էր դրվելու, որն իսկապես լիցքավորված էր ֆրեոն գազով, իսկ տակառի դատարկ մասը պետք է լիներ դատապարտյալի քաշին համապատասխան՝ 40-45 կգ:

Իսկ թե ինչպես էր փակվելու բալոնը, պարզվել է դատական քննության ժամանակ:

Որպեսզի մետաղյա տակառի բացվող մասի պտուտակները եւ դրա ոչ գործարանային արտադրության հանգամանքը չերեւա, դատապարտյալը պատվիրել էր, որպեսզի այն լինի երեսապատված կաշվե պաստառով, որից դուրս կմնար փոքր բալոնի մի մասը՝ գործարանային արտադրության բալոնի:

Ինչպե՞ս իրականացավ հայաստանյան բանտերի պատմության ամենազավեշտալի փախուստը:

Խոհարարն ու Սամվելը գնում են խոհանոց, ըստ այս գործի նյութերի: Վերջինը տեղավորվում է բալոնի մեջ, կանչվում է մեկ այլ բանվոր՝ դատապարտյալ, որի օգնությամբ այդ թանկարժեք ավարը դրվում է երկանիվ սայլակի վրա, տարվում հսկիչ անցագրային կետ:

Այն հանվում է հսկիչ անցագրային կետից էլ, հետո՝ ռեժիմային գոտուց, հանձնվում……մեր զրուցակից կնոջ որդուն՝ լիցքավորման տարվելու նպատակով: Կինն ասում է, որ իսկապես տեղյակ չի եղել, թե ինչո՞ւ է դատապարտյալը, որին տեսել է մեկ-երկու անգամ, տեսակցության ժամանակ նման բալոն պատվիրել, մինչդեռ, նրան դատապարտելով ազատազրկման, ապացուցում էին, որ նա նախապես իմացել է այդ մասին, անգամ հագուստ է գնել… բալոնի համար: Երբ բալոնը դատարկվել է՝ այսինքն, երբ մարդը դուրս է եկել այնտեղից, հագել է իր շորերը եւ հեռացել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930