Անդրադառնալով Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի բարեկարգման ծրագրին՝ «Առավոտը» հանդիպեց արարատցիների հետ:
Ըստ արարատցիների՝ Արարատյան զանգվածը բոլորովին անտեսված է եւ որքան էլ բարեկարգման աշխատանքներ են կատարվում Արարատում, ապա այդ թաղամասում բոլորովին ոչինչ չի փոխվել: Զանգվածի մի մասը բարեկարգվել է, որոշակի ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել, կառուցել են մեկ բակային խաղահրապարակ, որը գտնվում է զանգվածի սկզբում, սակայն դրանից այն կողմ՝ ամեն ինչ անմխիթար վիճակում է: Չնայած նրան, որ Արարատի քաղաքապետարանը լուծել է աղբահանման խնդիրը եւ ժամանակին աղբահանություն է տեղի ունեում, սակայն քայլելով զանգվածում` ակամայից մտաբերում ես ժամանակաշրջանները, երբ քաղաքավարությունը դեռ չի կազմավորվել: «Երկու տարի առաջ քաղաքապետարանից հայտարարեցին, որ բարեկարգման աշխատանքներ են արվելու նաեւ Արարատյան զանգվածում, սակայն, որը մենք դեռ չենք տեսել: Լուծվել է միայն աղբահանության խնդիրը, իսկ ասֆալտից նմուշ անգամ չի մնացել: Ասֆալտի փոխարեն, պարբերաբար, հող են բերել լցրել, որը մեծ նեղություն է տալիս, երբ անձրեւ է տեղում: Անձրեւից հետո տնից դուրս գալ հնարավոր չէ կամ հնարավոր է այն դեպքում, երբ պատրաստ ես մի լավ ցեխոտվելու»,-անհանգստանում է Արարատյան զանգվածի բնակիչը: Մեկ այլ բնակչի պատմելով՝ բացի ասֆալտապատման աշխատանքներից, չի լուծվել նաեւ գիշերային լուսավորության հարցը կամ այն լուծվել է մասնակի՝ զանգվածի սկզբի մասում, իսկ սկզբից դեպի վերնամաս՝ լուսավորության մասին խոսելն անգամ անիմաստ է: Բնակիչների բողոքների համաձայն՝ «Առավոտը» այցելեց Արարատի քաղաքապետարան:
Քաղաքապետարանում տեղեկացանք, որ Արարատյան զանգվածում աշխատանքներ են սկսելու կատարել, եւ ասֆալտապատման, գիշերային լուսավորության հարցը գտնվում է այս տարվա ծրագրի մեջ: Ինչպես հայտնեց փոխքաղաքապետ Խաչիկ Մնացականյանը, երկու ամսվա ընթացքում Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի ջրագծերն ամբողջովին պետք է փոխվեն: Նա նաեւ ասաց. «Ջրագծերն ամբողջովին ենթական են փոխման, իսկ առանց դրա՝ ասֆալտապատման աշխատանքներ չեն կարող կատարվել, քանի որ ջրագծերի հիմքն անցնելու է գետնի տակով: Պետք է պատրաստել նաեւ ջրահեռացման խողովակներ, որոնք անձրեւաջուրը կհեռացնեն ասֆալտի վրայից, իսկ դա կատարվելու է 2 ամսվա ընթացքում, որից հետո անմիջապես անցնելու ենք ասֆալտապատման, գիշերային լուսավորության եւ բակային խաղահրապարակներ կառուցելուն: Մենք չենք կարող առանց ջրգածեր տեղադրելու՝ ասֆալտապատման աշխատանքներ կատարել, քանի որ դա նույնը կլինի, որ ասֆալտ անել, հետո դա քանդել, որպեսզի ջրագծեր քաշվի եւ կրկին անգամ ասֆալտապատել: Արարատյան զանգվածն ամենեւին էլ անտեսված չէ եւ այդ մասին բնակիչներն իրենք փաստացի կհամոզվեն մինչեւ աշուն ընկած ժամանակահատվածը»: Փոխքաղաքապետը ներկայացրեց Արարատյան զանգվածի կառուցվածքային պատկերը, որտեղ հստակ պատկերված է, թե այդ համայնքում որտեղ ինչ աշխատանքներ են կատարվելու: Նա նաեւ շեշտեց. «Այն, որ Արարատյան զանգվածի բնակիչների ոտքը ցեխոտվում է տնից դուրս գալիս, ապա իմ ոտքն էլ է ցեխոտվում եւ այն, որ բնակչի երեխան խաղալու տեղ չունի, ապա իմ երեխան նույնպես չունի: Մենք բոլորս ապրում ենք մի վայրում եւ նույն խնդիրներին բախվում ենք բոլորս: Այդ խնդիրները լուծելի են եւ այդ մասով այս տարի ամբողջապես աշխատանքներ են կատարվելու»:
Թե որքանով խոստացված աշխատանքները կկատարվեն եւ թե որքանով արարատցիներին այլեւս այդօրինակ խնդիրներն անհարմարություն չեն պատճառի` այդ մասով «Առավոտը» հետեւողական կլինի եւ կներկայացնի Արարատի քաղաքապետարանի հետագայում կատարած կամ անավարտ թողած աշխատանքները:
Կարդացեք նաև
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ