Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցիների 53%-ը երջանիկ է

Հունիս 22,2013 12:50

Հարցախույզ՝ ճանաչված արվեստագետների շրջանում

Նիդեռլանդների Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր Ռութ Վինհովենը 1981թ.-ից ամենամյա հարցումների արդյունքում հրապարակում է երջանիկ եւ ոչ երջանիկ քաղաքացիներ ունեցող երկրների ցանկը: Ամեն տարի հարցումներն անցկացվում են շուրջ 100 երկրում: Հարցվողներին տրվում է 10 հարց, որոնցով նրանք 10 միավորանոց սանդղակով գնահատում են տվյալ պահին իրենց տրամադրությունը, ընդհանրապես կյանքից բավարարված լինելն ու երջանկության սուբյեկտիվ մակարդակը: Տարբեր տարիների հարցումների արդյունքում զգալիորեն փոփոխվում են «երջանիկ» եւ «ոչ երջանիկ» երկրների հորիզոնականները եւ, ինչպես փաստում է Ռութ Վինհովենը՝ երջանկություն ասվածը հարաբերական է:

Ավելի քան 30 տարվա տվյալները ամփոփելով, պրոֆեսորը կատարել է ամենակարեւոր եզրահանգումը՝ ժամանակակից աշխարհում երջանկության համար գումարը որոշիչ դեր չունի: Օրինակ, 2008թ. հարցումների արդյունքում ԱՄՆ-ն զբաղեցրել է «երջանկության» ցուցակի 16-րդ հորիզոնականը, զիջելով Գվատեմալային եւ Ուրուգվային: Այդ տարի «ոչ երջանիկների» ցուցակը գլխավորել են ուկրաինացիները:

Վերջին հարցումների արդյունքում «երջանիկ» համարվել է Դանիան, որտեղ հարցվածների 90%-ը իրեն երջանիկ է համարել, իսկ Հայաստանում երջանիկ է 53%-ը:

«Առավոտը» փորձեց որոշ ճանաչված արվեստագետների շրջանում անցկացնել նման փոքրիկ հարցախույզ: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը հայտնեց. «Թող ինձ ների պարոն Վինհովենը, բայց ես երջանիկ բառը կփոխարինեի ինքնաբավով: Երջանիկ չեմ կարող լինել այն պարզ պատճառով, որ մեր երկրում կան մուրացիկներ, գնալով մեծանում է արտագաղթը… Բայց ըստ էության երջանիկ եմ իմ ընտանիքով, հարազատներով, ընկերներով եւ այլն»:

Դերասան, պրոդյուսեր Միքայել Պողոսյանի փոխանցմամբ՝ ինքը երջանիկ է, որ Երեւանում է ու շրջապատված է այն մարդկանցով, որոնց ինքն է ընտրել. «Երջանիկ եմ նաեւ, որ հնարավորություն ունեմ քիչ թե շատ զբաղվել սիրածս գործով»:

Բեմադրիչ Արմեն Մելիքսեթյանի խոսքերով. «Երջանկությունը գոյանում է նման ակնթարթային իրավիճակներից: Օրինակ, եթե տաղանդդ կարողանում ես ռեալիզացնել ու հասկանում ես, որ դու պետք ես հասարակությանը, երկրին, ուրեմն ինքդ քեզ երջանիկ կհամարես: Հակառակ դեպքում՝ երջանկությունդ լիարժեք չի լինի, նույնիսկ եթե երջանիկ ես սեփական ընտանիքով: Մի խոսքով՝ լիակատար երջանկության համար անհրաժեշտ է հազար ու մի գործոն»:

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի համոզմամբ՝ ինքդ պետք է երջանիկ համարես քեզ, նախ այն բանի համար, որ աշխարհ ես եկել եւ ի սկզբանե տրված է աստվածային բանականություն. «Այլ հարց է, թե յուրաքանչյուր մարդ ինչ է պատկերացնում երջանկություն ասելով եւ ինչպես է կառուցում սեփական կյանքը: Այս հարցում կարեւոր է, որ ամեն ոք ինքնախաբեությամբ չզբաղվի եւ իր դժբախտությունը չբարդի ուրիշների վրա»:

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանն ասաց. «Ես ընդհանուր առմամբ երջանիկ եմ, գոնե այն մասով, որ ստեղծագործական տեսիլք ունեմ եւ աշխարհին կարողանում եմ հրամցնել մտքերս: Մարդու կյանքի ֆենոմենը բարդ է. սոցիալական հարցեր, ինտելեկտուալ մթնոլորտ, որոնց մեջ, այսպես թե այնպես, հաճախ էլ առանց քո կամքի, թաթախվում ես… Չեմ կարծում, թե գտնվի մարդ, որ միանգամից բացականչի՝ ես երջանիկ եմ»:

Դիրիժոր Կարեն Դուրգարյանի պատասխանը հակիրճ էր. «Երջանիկ եմ, հակառակ դեպքում, թեեւ Հայաստանն իմ երկիրն է, այստեղ չէի ապրի ու ստեղծագործի»:

Ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը գտնում է, որ մարդը բացարձակ երջանիկ լինել չի կարող. «Չէ՞ որ դա բաղկացած է մի քանի գործոններից՝ նյութական, ֆիզիկական, աշխատանքային, հոգեկան եւ այլն: Այս կոմպլեքսը յուրաքանչյուր անձի մոտ ամբողջությամբ, լիարժեք չի կարող լինել»:

Նկարիչ Շոթա Ոսկանյանն ասաց. «Թու-թու-թու՝ երջանիկ եմ, ունեմ հիանալի ընտանիք, զբաղվում եմ սիրածս մասնագիտությամբ, ինչով էլ կարողանում եմ ապահովել ընտանիքիս: Բայց երբ նայում եմ շուրջս ու տեսնում, որ ժողովրդիս մի ստվար հատվածի վիճակը վատ է, չեմ կարող ինձ լիակատար երջանիկ համարել»:

Դերասան Տիգրան Ներսիսյանի համոզմամբ՝ երջանկությունը հավերժական չէ. «Երջանկությանս փաթեթում ծնողներս են, ընտանիքս ու հայրենիքս, որտեղ ապրում եմ ու զբաղվում սիրածս գործով: Երջանկությունը պետք է ֆիքսել եւ ընկալել, ինչը հաճախ չենք անում»:

Կոմպոզիտոր Արամ Սաթյանը փաստեց, որ մարդ կարող է քչով բավարարվել, բայց իրեն երջանիկ զգալ. «Շա՜տ պրոբլեմներ կան, բայց արի ու տես, որ երջանիկ եմ եւ ամեն բացվող առավոտ Աստծուն շնորհակալություն եմ հայտնում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930