Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնքան թանձր ու չպատմվող, որքան Փարաջանովի կոլաժները

Հունիս 22,2013 12:47

Լեւոն Խեչոյանի գործերն՝ ըստ ուկրաինացի բանաստեղծուհի Օլենա Հալետայի

Ուկրաինական Բուկվոյիդ (ըցՍՉՏiՊ) կայքին տված հարցազրույցում՝ ի՞նչ եք կարդացել վերջերս,  Ձեր տպավորությունները հարցին ի պատասխան, բանաստեղծուհի Օլենա Հալետան ասել է. «Ամենաթարմ ու ամենահուզիչ տպավորությունները ստացել եմ ժամանակակից հայ արձակագիր Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքից (ուկրաիներեն թարգմանությունը` Անուշավան Մեսրոպյանի): Դա վիպակի ու պատմվածքների ժողովածու է, որ պատմում է վերջին տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին: Ոչ թե պատմական, այլ մարդկային տեսանկյունով, առանց խանդավառ ու հերոսական զգացումների, առանց որեւէ մեկին մեղադրելու, առանց հաշվեհարդարի: Ինչպես ավանդական հայկական «ցավդ տանեմ» խորիմաստ արտահայտությունը: Լեզուն շատ պարզ է, մինչեւ իսկ ինչ-որ տեղ անկանոն. ճեղքվում է, ինչպես հողը երկրաշարժի ժամանակ: Դա, իսկապես, հենց գիրք է հողի սասանման (ուղիղ եւ փոխաբերական իմաստներով), երկրակեղեւի ցնցումների, ինչպես նաեւ էթնիկական, կրոնական եւ աշխարհայացքային բախումների մասին: Փլատակների տակ մահացող փոքր տղայի մասին, որի հայրը, մի քանի փրկվածների հետ լինգով ողջ ուժով ջարդելով բետոնը, որդուն համոզում է, որ նրան այցելում են ոչ թե առնետները, այլ հրեշտակները: Երիտասարդ տղայի մասին է, որն անհաջող սիրո պատճառով ծառայելու է մեկնում Աֆղանստան, իսկ տուն արձակուրդ գալուց հետո ստանում է նամակներ մուսուլման մորից, որի որդուն սպանել է ինքը: Եվ միայն կույր տատն է զգում տան մեջ շրջող պաղ ոգուն այնքան, մինչեւ թոռը վերադառնում է բանակ: Խելակորույս Մարգարի մասին է, որն ուտում է Աստվածաշունչը, որպեսզի սատանային քշի իր ներսից, որովհետեւ չդիմանալով բանակային սպայի ծաղրուծանակին` մահու չափ ծեծել էր իր համերկրացուն: Եվ, վերջապես, թշնամի կողմերի գերիների փոխանակության մասին է, կողմերի, որոնցից ամեն մեկը մինչեւ լուսաբաց դագաղներ է սարքում` խեղդվելով դաժան պատերազմի անելանելիությունից այնպես, ինչպես բանագնացները` նեղ կիրճում: Ես անգամ ռեալիզմ չէի անվանի այդ գիրը, այն ավելի ճիշտ գերռեալիզմ է: Սակայն երազ չէ դա, այլ հայացք է մարդու, որը քնել չի կարողանում, որովհետեւ բանականությունն ու զգացմունքները, երբ այլեւս չեն ընդունում իրադարձությունների ավելցուկը, չեն թողնում փակել աչքերը, որոնց առջեւ հառնում են այդ արտասովոր, ցավագին ու անտանելի պատկերները»: Նա նաեւ նշել է. «Եվ, վերջապես, անչափ դժվար է կարդալ այս շատ պարզ արձակը, նույնքան թանձր ու չպատմվող, որքան Փարաջանովի կոլաժները, որոնք, թվում է, մի ընդհանուր շրջանակում միավորում են առօրյա իրերի բեկորներ: Կամ էլ հայկական խաչքարերը, որոնց պարզ ու անկրկնելի նախշերից անգամ դարեր հետո կարելի է ճանաչել վարպետի ձեռքը»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930