Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Հունիս 22,2013 12:44
mayry

Էդուարդի մայրը:

«Պա՛պ ջան, չմտածե՛ս, կգամ իրար հետ տունը կսարքենք»

«Էդիկս ֆուտբոլ էր պարապում ու շատ էր սիրում այդ սպորտաձեւը: Հետո ֆուտբոլը թողեց ու անցավ խոհարարությանը: Մի օր գործից տուն եկա, ասեց՝ մա՛մ, գիտե՞ս, ես գնում եմ խոհարարություն սովորելու: Դեռ ութերորդ դասարանում էր սովորում, ինքն իրեն որոշել էր, դպրոցից դուրս էր եկել եւ ընդունվել էր ուսումնարանի խոհարարական բաժին», – հիշում է Գայանեն՝ Էդուարդի մայրն, ու հավելում, որ որդին շատ էր սիրում խոհանոցը եւ ամեն ճաշատեսակ կարողանում էր շատ համեղ պատրաստել:

Էդուարդ Մանուկյանը ծնվել է 1991թ. Երեւանում: 2009թ. Էդուարդի ընտանիքը տեղափոխվեց Գեղանիստ գյուղ՝ երկու եղբայրների համար տուն կառուցելու նպատակով: Ծնողները նշում են, որ Էդուարդն ու կրտսեր եղբայրը շատ տարբեր են իրենց խառնվածքով:

«Էդիկը շատ տնարար էր: Եղբոր հետ չի կարելի համեմատել. ինքը կմնար տանը, ճաշ կպատրաստեր, անգամ խմորեղեն էր թխում: Շատ էր սիրում հենց պատրաստելու գործընթացը: Ամեն տեսակ սալաթ կարողանում էր պատրաստել, ինձ էլ նկատողություն էր անում, որ սիրուն կտրատեմ: Տոլմա էր շատ սիրում ու գեղեցիկ փաթաթում էր: Էն, ինչը ես չէի հասցնում, ինքն անում էր: Շատ էր սիրում կեքս, բայց ես էլ աշխատում էի ու միշտ չէր, որ ժամանակ էի ունենում թխելու համար: Շատ էր պատահում, որ գործից հոգնած գալիս էի տուն, տեսնում էի ինքը տները հավաքել ա, հացը սարքել ա, որ ես գայի տուն, դրանցով չզբաղվեի ու ժամանակ ունենայի կեքսը թխելու համար: Մածունը, չամիչը, ամեն ինչը դնում էր, որ ես թխեմ: Ինձ շատ էր օգնում»,- պատմում է մայրը:

Հայրը՝ Սուրենը, հիշում է, որ անհնարին էր Էդուարդի կողքին տխուր կամ բարկացած լինել՝ ընդամենը հինգ րոպեում Էդուարդը կարողանում էր լավ տրամադրություն հաղորդել ու բոլորին իր շուրջը հավաքել, բոլոր ազգականների հետ միշտ շփման մեջ էր: Ընկերների հետ, ինչպես ինքն էր ասում, «քեֆեր» էր կազմակերպում. տանից ուտելիքներ էին վերցնում ու հավաքվում մոտակա ֆուտբոլի դաշտում:

Ամառային արձակուրդներին Էդուարդն աշխատում էր խոհարարի օգնական, շինարարական աշխատանքների էր մասնակցում եւ իր աշխատած գումարով փորձում էր օգնել ծնողներին՝ թեթեւացնելու ընտանեկան հոգսերը. հագուստներ էր գնում իր եւ եղբոր համար, տան համար կենցաղային իրեր:

«Շատ հաճախ գնում էր բուսաբանական այգի: Հորաքույրը մի ընկերուհի ուներ, ով խոտաբույսեր էր հավաքում այնտեղից, Էդուարդն էլ նրա հետ գնում էր: Խոտաբույսերը բերում էր, ասում էր՝ մա՛մ, էս ատամի համար ա լավ, էս՝ ականջի, սրանով պիտի թեյ խմենք: Անընդհատ ստիպում էր, որ սարքեմ»,- սառած արցունքն աչքերին պատմում է Գայանեն:

Մայրը նաեւ պատմում է, որ Էդուարդը շատ էր սիրում հեռուստացույցով ֆիլմեր, հաղորդումներ դիտել եւ հատկապես՝ ֆուտբոլ: Հայրն էլ հիշում է, որ նրանք միշտ տարբեր ֆուտբոլային ակումբների էին երկրպագում. «Ես «Բարսելոնայի» թիմն էի սիրում, ինքը՝ «Ռեալի», որ դրանք երկուսն իրար հետ խաղում էին, մեր տանը կռիվ էր լինում: Մի անգամ էլ հատուկ խաղի համար «Ռեալ»-ի շապիկներ էր ճարել: Առանց Էդուարդի՝ ընկերները ֆուտբոլ չէին խաղում, առաջինն իրան էին կանչում, որ խաղ էին կազմակերպում»:

Իսկ տոներից ամենից շատ Էդուարդն Ամանորն էր սիրում: Մայրը պատմում է, որ Էդուարդը նույնիսկ ամանորյա գնումների ցուցակն էր կազմում: «Նոր տարվա օրերն էին. մի օր եկա տուն, տեսնեմ խոհանոցի ամբողջ առաստաղը փայլում ա. ֆոլգայից աստղեր էր կտրատել ու կախել: Հատիկ-հատիկ կտրատել էր, թելով անցկացրել ու կախել»,- հիշում է Գայանեն:

2009-ին Էդուարդը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության: Սակայն բանակում չի ցանկանում շարունակել խոհարարի մասնագիտությունը:

«Էդուարդս երբեք չէր մտածում Հայաստանից գնալու մասին: Մինչեւ իր զինծառայության անցնելը, տունն էինք սարքում, մինչեւ տանիքը միասին կառուցեցինք: Բանակից զանգում էր, ասում էր՝ պա՛պ ջան, չմտածե՛ս, կգամ իրար հետ տունը կսարքենք: Հիմա սարքում ենք, բայց առանց իրա», – թախիծով ասում է հայրը:

Էդուարդ Մանուկյանը մեկն է այն չորս երիտասարդներից, ովքեր զոհվեցին 2010թ. հունիսի 18-ին ադրբեջանական կողմի զինվորականների դիվերսիայի հետեւանքով: Նա 19 տարեկան էր։

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Յուրաքանչյուր հայ զինվորի մահը տխրեցուցիչ բան է, թե պատերազմի եւ թե հրադադարի ժամանակ. վերեվի հոդվածը ինձ համար մի ավել հատկանշական եղավ, քանի որ 2010-ի հունիսի 21-ին հյուսիսային ուղիով Արցախ ճամբորդել մտադրած էինք, պատրաստությունները մեր տնից՝ Մոնտրեալից, ամիսներ առաջուց անելով: Ինձ համար անհասկանալի էր հունիսի 20-ի առավոտը՝ Կոմիտաս թաղի Արցախի մշտական ներկայացուցչական գրասենյակում մեր առաջարկած ուղիով վիզա ստանալու մերժվիլը: Միայն շաբաթներ, ամիսներ վերջ պատահարը պարզվեց մանրամասնություններով: Լույսերի մեջ պառկի մեր երիտասարդ հայրենակիցը:

  2. Նախկին ում իմ անունը սխալ եմ գրել, բնականաբար պետք էր լինի Misirliyan:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930