ՀՀ քաղաքացիներ. Հենո, մենք քեզ հետ ենք
Հունիս 22,2013 12:39
Հենրիխ Մխիթարյանի ուկրաինական «Շախտյորից» անգլիական «Լիվերպուլ» չտեղափոխվելու, տրանսֆերի ձախողումից հետո ՀՀ քաղաքացիների մի խումբ իրենց դժգոհություն են արտահայտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Համացանցում ստեղծվել է խումբ` ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի, որի մասնակիցները մտադիր են բողոքի ցույց կազմակերպել ՀՖՖ-ի շենքի դիմաց:
Ակցիայի մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ մյուս քաղաքացիներին. «Ողջույն բոլորին. կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց՝ ոչ միայն ֆուտբոլասերերին: Մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր փայլուն խաղով մեզ բազմաթիվ երջանիկ պահեր եւ հպարտություն է պարգեւել, այսօր ունի մեր օգնության կարիքը: Նա այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ եւ գերի: Այս հրեշի անկուշտ ախորժակի պատճառով մեր փայլուն կիսապաշտպանը չի կարողանում տեղափոխվել եվրոպական լավագույն ակումբներից մեկը՝ Լիվերպուլ: Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ եւ ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ:
Հենրիխի կարիերան վտանգի տակ է, բազմաթիվ մասնագետներ նշել են, որ այսպիսի էմոցիոնալ հարված եւ հիասթափություն ստանալուց հետո, որոշ ֆուտբոլիստներ կարող են կորցնել իրենց լավագույն հատկանիշները եւ ֆուտբոլ խաղալու ցանկությունը: Օգնենք Հենրիխին միասին ազատվել մեր ֆուտբոլի ոլորտը սեփական բիզնես դարձրած Ռուբեն Հայրապետյանից՝ Նեմեցը պետք է հեռանա: Երբ ռուսական սպորտային հաղորդման մեջ հարցրեցին Հենոյին, թե որն է նրա երազանքը, նա ասեց, որ երազում է հայտնի դառնալ եվրոպական ֆուտբոլի ասպարեզում, որպեսզի բոլորը ճանաչեն Հայաստանը, մեր երկիրը:
Թե ում են իրականում պատկանում Հենրիխի տրանսֆերի իրավունքները կարող եք կարդալ անգլիական եւ ռուսական մամուլում (այս դեպքում մեր հանցագործները չեն կարող նրանց ստիպել չհայնրայնացնել իրական խայտառակ պատկերը: Այսպիսով բոլորս միասին երկուշաբթի օրը, ժամը 13:00-ին հավաքվում ենք ՀՖՖ-ի շենքի դիմաց եւ պահանջում ենք Նեմեց Ռուբոյի հրաժարականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեն է՝ Խանջյան 27: Հ.Գ. FAF եւ Red Eagles ֆանակումբները ծպտուն չեն հանել այս դեպքի հետ կապված, մի անգամ ակնարկ էլ չեն արել խայտառակ իրավիճակի վերաբերյալ )) Դիմում եմ այդ անդամների ոչ ծախու մարդկանց, Դուք կարող եք, նույնիսկ պարտավոր եք մասնակցել երկուշաբթի օրվա բողոքի ակցիային: Հենո մենք քեզ հետ ենք…»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: