Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով ազատամարտիկների իրավունքները սահմանափակվում եւ ոտնահարվում են

Հունիս 22,2013 12:11

Կամավորական ազատամարտիկների խորհրդի հայտարարությունը

 

 

Հայրենիքի պաշտպանությանը կամավոր հիմունքներով մասնակցած մարդիկ եւ նրանց ընտանիքների անդամները բարոյական, իրավական, սոցիալական եւ նյութական առումներով համարժեք վիճակում չեն: Ավելին՝ նրանք հաճախ անտեսված եւ մոռացված են, ապրում են ծանր սոցիալական ու նյութական պայմաններում:

 

Իրենց նախաձեռնությամբ կամավոր կերպով հանուն ազգային ու մարդկային արժանապատվության ոչինչ չխնայած հայրենակիցների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ոչ միայն անբարոյականություն է, այլեւ հղի է ազգային անվտանգության ապահովման համար առաջնային նշանակություն ունեցող բարոյահոգեբանական գործոնի զրոյացման վտանգով: Դժվար չէ հասկանալ, թե Հայաստանի նման քիչ նյութական ռեսուրսներ ունեցող երկրի համար մեր տարածաշրջանի պայմաններում ինչպիսի աղետալի հետեւանքների կարող է հանգեցնել այդ գործոնի կորուստը:

 

Այս իրավիճակի հաղթահարման առաջին քայլը պետք է լիներ կամավորական ազատամարտիկների կարգավիճակի մասին օրենքի ընդունումը, որի շնորհիվ հնարավոր կլիներ ձեւավորել առաջացած պրոբլեմների լուծման իրավական հիմքերը:

 

Ի պատասխան նման օրենք ընդունելու վերաբերյալ ազատամարտիկների պահանջին, ՀՀ Ազգային ժողովը հապճեպ կարգով օրակարգ մտցրեց եւ 20 օրվա ընթացքում առանց լուրջ քննարկումների ու հանրային լսումների 2013 թ. հունիսի 19-ին ընդունեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը վերը նշված բարոյական, իրավական, սոցիալական եւ նյութական առումներով որեւէ նոր բան չի պարունակում:

 

Ավելին՝ այս օրենքով նրանց իրավունքները սահմանափակվում եւ ոտնահարվում են, քանի որ նրանք պարտավորեցվում են սահմանափակ ժամկետում ձեռք բերել եւ ներկայացնել իրենց կամավորական լինելն ապացուցող փաստաթղթեր, հակառակ պարագայում չեն ստանա այդ կարգավիճակը: Մինչդեռ այս պարտականությունը պետք է դրվեր պետության, այլ ոչ պատերազմում իրենց առողջությունը կորցրած, մեծավ մասամբ հաշմանդամ դարձած եւ/կամ արդեն տարիքն առած ազատամարտիկների վրա: Օրենքին կողմ քվեարկած պատգամավորներն այնքան են շտապել, որ անգամ անտեսել են զոհված կամ մինչեւ դիտարկվող օրենքով սահմանված ժամկետը մահացած ազատամարտիկներին: Նրանց, ինչպես նաեւ օրինագծի նկատմամբ առարկություն չներկայացրած ՀՀ կառավարության մտքով անգամ չի անցել, թե ինչպես կարող են զոհված կամ մահացած ազատամարտիկները ձեռք բերել եւ օրենքով նախատեսված միջգերատեսչական հանձնաժողովին դիմումով ներկայացնել իրենց վերաբերյալ փաստաթղթեր:

 

«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հայտարարագրային փաստաթուղթ է, այն ոչ մի շոշափելի իրավական հարաբերություն չի նախատեսում ու չի կարգավորում: Այդ օրենքով կամավորական ազատամարտիկները բարոյական գնահատանքի, սոցիալական  կարգավիճակի ու նյութական ապահովության առումներով իրավականորեն չեն զատվում ու չեն զանազանվում մարտական գործողությունների մյուս մասնակիցներից: Եղածի համեմատությամբ միակ տարբերությունն այն է, որ Հայրենիքի պաշտպանությանը կամավորական հիմունքներով մասնակցած անձանց այդ օրենքն այսուհետեւ անվանում է «երկրապահ կամավորական» եւ որպես ենթակատեգորիա նրանց ձեւականորեն առանձնացնում է գործող օրենսդրությամբ սահմաված «մարտական գործողությունների մասնակից» կատեգորիայի շրջանակում՝ չսահմանելով որեւէ առանձնահատկություն:

 

Ի դեպ, մարտական գործողությունների մասնակիցները գործող օրենսդրությամբ համարվում են զինծառայողներին հավասարեցված անձինք, որոնց շարքին են դասվում նաեւ քրեակատարողական ծառայողները, հարկադիր կատարողները, պաշտպանության, քրեակատարողական ծառայության եւ ոստիկանության համակարգերի քաղաքացիական հատուկ ծառայողները: Կամավորականների եւ մարտական գործողությունների մյուս մասնակիցների նկատմամբ նման մնացորդային ու համահարթեցնող մոտեցումը պետության անվտանգության եւ մեր ազգային ու մարդկային արժանապատվության հանդեպ պետական կառավարման համակարգի պաշտոնական վերաբերմունքի հերթական ապացույցն է:

 

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ազատամարտիկները եւ նրանց օրինական ու բարոյական պահանջներն առնվազն անտեսվում են, դրանց նկատմամբ պետական կառավարման համակարգը որդեգրում է իմիտացիոն եւ մարդու արժանապատվությունը վիրավորող վերաբերմունք, ինչպես նաեւ նկատի ունենալով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման եւ ընդունման ընթացքում ակնհայտորեն դրսեւորված շահերի առկայության եւ պետական կառավարման համակարգի շահերի հետ դրանց փոխկապվածության հանգամանքները, հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս օրենքի ընդունմամբ օրենսդրական ճանապարհ է բացվում բոլոր կամավորական ազատամարտիկներին նույնանուն կազմակերպության տանիքի տակ հավաքելու եւ նրանց կառավարելի դարձնելու համար:

 

Վերը նշվածի հաշվառմամբ, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է», ՀՀ Նախագահից պահանջում ենք.

 

  1. Կատարել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված ՀՀ Նախագահի պարտականությունը եւ չստորագրելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թ. հունիսի 19-ին ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ այն վերը նշված առարկություններով ու դրանցից բխող առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

 

  1. Օրենքի նկատմամբ առարկությունների եւ առաջարկություների շարքում կարեւորել.

 

2.1.  կամավորական ազատամարտիկներին որպես մարտական գործողությունների մյուս մասնակիցներից եւ, առավել եւս` զինծառայողներին հավասարեցված մյուս անձանցից, տարբերվող ու բարոյական, իրավական, սոցիալական եւ նյութական առումներով հատուկ կարգավիճակ ունեցող անձանց կատեգորիա սահմանելու անհրաժեշտությունը,

 

2.2.  կամավորական ազատամարտիկների կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ հիմքերի ստեղծման պարտավորության բեռը պետության վրա դնելու հանգամանքը,

 

2.3.  օրենքի անվանման վերանայումը կամ դրանում այնպիսի նորմերի սահմանումը, որոնք կբացառեն հետագայում կամավորական ազատամարտիկների նույնացումը որեւէ կազմակերպության հետ եւ/կամ կախյալությունը դրանից:

 

Մեր պահանջներն անտեսելու եւ/կամ դրանց նկատմամբ մինչ օրս դրսեւորված իմիտացիոն վերաբերմունքի պարագայում մենք բոլոր հիմքերն ունենալու ենք ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգը որպես ապազգային ու հակամարդկային որակելու եւ  հանուն ազգային ու մարդկային իրավունքների ծավալված մեր պայքարը համապատասխան ուղղությամբ տանելու համար:

 

Կամավորական ազատամարտիկների խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930