Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը վստահությունն է

Հունիս 22,2013 12:07

45 հազար դրամով Հայաստանում չի կարող ապրել նույնիսկ ամենահամեստ, ամենաժուժկալ մարդը: Չի կարող ապրել միայնակ, առավել եւս` հոգ տանել իր երեխաների մասին: Դա բացառված է: Չգիտեմ, թե ինչ միջազգային ստանդարտներով է հաշվարկած այս շեմը, ասում են՝ իբր աշխարհում կան երկրներ, որտեղ մարդիկ ապրում են շաբաթը երկու դոլարով: Չգիտեմ, չեմ ուզում վիճել, գուցե այդ երկրներում գներն ավելի ցածր են, կամ մարդկանց ստամոքսներն են այլ կերպ կառուցված: Բայց Հայաստանում, վստահ եմ, այդպիսի մարդ չկա:

Բայց, ինչպես վերջերս ասաց արդարադատության նախարարը, ամենաէժան բանը պոպուլիզմն է: Եկեք հարցին նայենք այլ կողմից. 10 հազարով նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է որոշակի դրական արդյունքի բերել: Բանն այն է, որ բազմաթիվ մասնավոր հիմնարկներում մարդիկ ստանում են «սպիտակ» եւ «սեւ» աշխատավարձ: Հիմա ենթադրենք, որ վարձու աշխատողի իրական աշխատավարձը 100 հազար դրամ է. առաջ նա ստանում էր 35 հազար «սպիտակ» եւ 65 հազար «սեւ»: Հիմա գործատուն նրա աշխատավարձը չի բարձրացնի, բայց նա կստանա 45 հազար «սպիտակ»  եւ 55 հազար «սեւ»: Տվյալ աշխատողը ոչինչ չի շահի: Բայց  պետությունը կարող է շահել, որովհետեւ ստվերը, գոնե տեսականորեն, կկրճատվի, եւ 45 հազարից մուծած հարկը ավելի մեծ կլինի, քան 35 հազարից:

Այդ ամենի մասին թեական եմ ասում, որովհետեւ բացարձակապես վստահ չեմ, որ բյուջե գնացող գումարները նպաստում են իմ պետության բարգավաճմանն ու հզորացմանը, որ հավելյալ հարկը, որը ես՝ որպես գործատու, վճարելու եմ բյուջե, կօգնի մեր թոշակառուներին, մեր չունեւորներին, մեր բանակին: Վարչապետը վիրավորվում է, երբ մենք՝ քաղաքացիներս, նման կասկածներ ենք հայտնում, բայց ինչպե՞ս չհայտնենք, եթե չկա Հայաստանում, ասենք, որեւէ շինարարություն, որը պատվիրել է որեւէ պետական մարմին, որտեղ այս կամ այն ձեւով չի գործում «ատկատ» կոչվող երեւույթը: Կա՞ մեր երկրում որեւէ միամիտ, որը կարծում է, թե դա այդպես չէ:

Խնդիրը, հետեւաբար, ոչ այնքան նվազագույն աշխատավարձն է, որքան վստահության դեֆիցիտը: Իհարկե, մարդիկ չեն վստահում նաեւ հասարակական ինստիտուտներին, այդ թվում նաեւ` լրատվամիջոցներին, եւ, անշուշտ, դրա համար հիմքեր ունեն: Բայց առաջնայինը պետության նկատմամբ անվստահությունն է, որը, խոստովանենք, կար նաեւ կոմունիստների ժամանակ, կրկնապատկվել, եռապատկվել է անկախության շրջանում: Եվ մեղավորը ոչ թե լրատվամիջոցներն են, որոնք «սխալմամբ ընկել են սենսացիոն լուրերի» հետեւից, այլ պետական համակարգի ոտից գլուխ փտած լինելը:

Ինչպե՞ս վերականգնել այդ վստահությունը: Շատ պարզ` ձերբակալելով եւ դատելով 10-20 բարձրաստիճան չինովնիկների: Բայց ինչպե՞ս անել դա, եթե, ժողովրդի լեզվով ասած, մեկի պոչը մյուսի տակն է:

Հենց որ վստահություն լինի պետության եւ, մասնավորապես, պետական բյուջեի ծախսման մեխանիզմների վերաբերյալ, նվազագույն աշխատավարձը կարելի է բարձրացնել մինչեւ 100 հազար: Պետությունը եւ, հետեւաբար, քաղաքացիները դրանից միայն կշահեն:

 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (31)

Պատասխանել

  1. Karo says:

    Շնորհակալություն՝
    պաշտոնապես աշխատավարձի մակարդակը ցածր պահելը ձեռնատու է միայն օլիգարխներին ինչը հնարավորություն է տալիս նրանց քիչ հարկեր մուծել:
    Նրանք «ԱԺ-ում բազմած հիմնականում զբաղված են այնպիսի օրենքներ ընդունելով որոնցից կշահեն միմիմիայն իրենք:

    Հարցը դրված է այպես՝
    պիտի շահի կամ ժողովուրդը կամ իրենք, իսկ նրանք աշխատում են ուրագի պես՝
    միշտ դեպի մեզ … միշտ դեպի մեզ …. և չեն կարող ու չեն ուզում լինել՝

    … սղոցի պես մեկ դեպի քեզ մեկ դեպի մեզ (ժողովուրդը):

    Նրանք ամենաբարձր ախորժակով ուտում են, լափում են, ժողովրդից գռփած, ժողովրդի բերանի չոր հացի գռոշները՝

    Իրենց միլիարդները, իրենց համար՝

    … միշտ կան ու կան:

    • Karo says:

      Իրենք հարկեր որ շատ մուծեն՝ թոշակները կբարձրանան սովածները կքչանան՝

      բայց նրանք «օլիգարխները»

      իրենց լավ են զգում, «բարձր/էլիտա» են զգում միայն այն ժամանակ երբ շրջապատված են հացի կարոտ մարդկանցով, դա նրանց «էլիտա» լինելը, որը ըստ էության, ըստ իրենց պատկերացումների, նշանակում է կուշտ լինել:

      • Բոնժ says:

        «Էլիտա»-յի հիմնական առավելությունը այլոց նկատմամբ «կուշտ» լինելու մեջ է: Մնացած բոլոր ասպարեզներում չքավորները նրանց հիմնականում գերազանցում են:

  2. Մարկարյան says:

    Դուք գրում եք՝ «Հիմա ենթադրենք, որ վարձու աշխատողի իրական աշխատավարձը 100 հազար դրամ է. առաջ նա ստանում էր 35 հազար «սպիտակ» եւ 65 հազար «սեւ»: Հիմա գործատուն նրա աշխատավարձը չի բարձրացնի, բայց նա կստանա 45 հազար «սպիտակ» եւ 55 հազար «սեւ»: Տվյալ աշխատողը ոչինչ չի շահի:»։

    Հիմա Դուք հարգելի Արամ պատկերացրել, որ գործատուն նվազագույն աշխատավարձի բարցրացման պայմաններում կանչում է իր մոտ այդ աշխատողին (որը ստանում էր 100 հազ. դրամ = 35 հար. «սպիտակ» + 65 հազ. «սև») և ասում է իրեն, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման պայմաններում ինքը կարող է աշխատողին առաջարկել հետևյալ տարբերակները.

    ա. Աշխատողի ընդհանուր աշխատավարձը նվազեցնում է մոտ 5000 դրամով (95 հազ. դրամ = 45 հազ. «սպիտակ» + 50 հազ. «սև»), որ դրանով կոմպեսացնում է «սպիտակ» աշխատավարձի պատճառով պարտադիր վճարումների բարձրացումը.

    կամ

    բ. Առաջարկում է աշխատողին աշխատանքային գրքույկը վերցնել և աշխատել միայն «սև» աշխատավարձով։ Եվ այս դեպքում հնարավոր է աշխատավարձի կրճատում։

    Այսինքն՝ առաջին դեպքում միայն նրա համար որ նվազագույն աշխատավարձը բարձրացնում են աշխատողը իսկապես կարող է կորցնել իր աշխատավարձի 5%-ը, իսկ երկրորդ դեպքում այդ գործատուն շահագրգռված կլինի ինչ-որ չափով ևս դուրս գալ օրինական հարկային դաշտից։

    Այսինքն, աշխատավարձի նվազագույն չափի մեծացումը անշուշտ բացի դրական սպասումներից ունի նաև լուրջ վտանգներ։ Ես կարծում եմ, որ կառավարությունը անշուշտ շահագրգռված է ավելացնել հարկային մուտքերը, սակայն կառավարությունը հասկանում է նաև, որ ցանկացած «շարժում» փոփոխել կայացած բիզնես-կարգերը և ավանդույթները անհապաղ կհանդիպեն հակադրության բիզնեսի կողմից։ Իսկ եթե բիզնեսի ներուժը չբավականեցնի, ապա ուղղակի կգրանցվեն որոշ ոլորտներում աշխատատեղերի կրճատումներ և նույնիսկ բիզնեսի փակում։

    Այսինքն, ռուսների ասած «Хотели как лучше – а получилось как всегда».

    Ես իհարկե չեմ կարող վստահ լինել, քանի որ չեմ աշխատում կառավարությունում, սակայն ինձ թվում է, որ բոլոր երկրներում կառավարությունները մշտապես հաշվարկում են բիզնեսի իրական պաշարների չափը («подкожный жир») և երբ այդ պաշարները լինում են ավելի քան բավարար, նոր մտցնում են փոփոխություններ հարկային քաղաքականության մեջ։

    Նորից կրկնեմ։ Բոլոր կապիտալիստեկան երկրներում կառավարությունները աշխատում են հետևյալ կարպ. Մի որոշ ժամական հնարավորություն են տալիս բիզնեսին լավագույնս զարգանալ և կուտակել հզորություն, և հետո մտցնելով ոչ հաճելի հարկադրույքներ բարելավել պետական մուտքերը և աշխատավորների և թոշակառուների վիճակը։ Եվ այդպես քայլ առ քայլ։

    Դա չի կարող լինել շատ արագ։

    Եվ վերջինը։ Չինաստանը իր բոլոր տնտեսական նվաճումները ապահովում է նրանով, որ աշխատում է հնարավորին ցածր նվազագույն և նույնիսկ իրական աշխատավարձեր ունենալ իր իսկ երկրում։

    • Գործարար says:

      Մեզ մոտ հիմնական գործատուները «99%» օլիգարխներն են՝

      Նրանք չեն սնանկան մի վախեցեք:
      Իսկ մանր և փոքր բիզնեսները կվարվեն Արամի ասածի պես և շատ չեն տուժի ու կդառնան առավել մրցունակ:

      • Մարկարյան says:

        99%-ը…………. 🙂

        Օլիգարխները իհարկե չեն սննկանալ… Բայց եթե դուրս գա, որ օլիգարխները 99-%-ը չեն այլ օրինակ 39% են ապա շատ-շատ գործատուներ խնդիրներ կունենան։

        Ամենա ծիծաղելին նա է, որ ես գրեցի իմ մեկնաբանությունը միայն այն պատճառով, որ այս տարի ինձ իմ գործատուն կանչեց և այն առաջարկեց, որը ես պատմեցի պրն Արամին։ Ես գրքույքս վերցրերի։ Հետո պարզվեծ, որ չնայաց որ աշխատավարձը 100 հազ.դրամ էր գործատուն ինձ իրականում վճարում է մոտ 50-60 հազ.դրամ։ Եվ դա այս տարվա Հունվարից է։ Զարմանալի էր որ հարգելի պրն Արամը ըստ էության պատմեց մի տարբերակ որը ինձ հետ իրականում եղել է։

  3. Լավատես says:

    Նրանք քիչ են, բայց միաբան են, կարգ ու կանոն, բարձր ու ցածր կա, իրենց ներքին օրենքներին երթարկվել գիտեն, այդ օրենքնեը հսկող արդյունավետ ուժեր ունեն.. Մենք շատ ենք, բայց.. վերոհիշյալը, միայն ՛չ՛ մասնիկով: Դրա համար էլ նրանք դանակ են, իսկ մենք՝ կարագ: Միավորվենք, ադամանդ դառնանք՝ դանակ պատառաքաղների հարցերը լուծենք, մենք էլ մեզ հարգված ազգ զգանք:

  4. Արմեն Սարգսյան says:

    95-ին ես սկսեցի աշխատել 10 դոլար ամսեկան աշխատավարձով: Ձեր ասած շաբաթը 2 դոլարով: 2 տարի անց արդեն ստանում էի 100-ավոր անգամներ շատ, ու ըտենց արդեն 15 տարի: Չեմ կարծում,որ էտ ընթացքում վստահությունն ավելացավ երկրի նկատմամբ: Ուղղակի ես հասկացա, որ ԲՈՒՀ-ի տված մասնագիտական հմտությունները 10 դոլարի են, ու փորձեցի կատարելագործել իմ հմտություններն էնքան, որ համապատասխանի էն գումարին, որն ինձ կհերիքի:

    Եթե մարդիկ սրան-նրան վստահելուց առաջ իրանց հնարավորություններն ու կարողությունները սկսեն անկեղծ ու ադեկվատ գնահատել, երկրում շատ բան կփոխվի, աշխատավարձերն էլ էտ թվում:

    • Գործարար says:

      Համաձայն եմ որ մեր բուհերն «ավարտածների» 90%-ի դիպլոմները միայն որպես «օժիտ» կարող են ծառայել, բայց այն մնացած 10%-ը իսկապես արժանի են այդ դիպլոմին իրենց գիտելիքներով:

      • Գործարար says:

        Դո կոոպերատիվ բուհերին ընդհանրապես չի վերաբերվում: Նրանց դիպլոմները միմիայն «օժիտի» նպատակով կարող են ծառայել:

        • Արմեն Սարգսյան says:

          Համաձայն եմ: Բայց պատկերացնենք թե ինչ կլինի, եթե ինչ-որ մի ուրիշ պետական կամ մասնավոր հիմնարկ աշխատի 10% արդյունավետությամբ: Խայտառակ կանենք էտ մարդկանց, գիշեր-ցերեկ կխոսենք թալանի մասին (պետականի դեպքում), իսկ մասնավորն էլ դե կփակվի: Բայց բուհերի ու ընդհանրապես կրթության դեպքում հասարակության վերաբերմունքը տարօրինակ ու ոչ ադեկվատ ա: Մարդիկ ծախսում են ժամանակ, գումարներ, ոչ մի բան չեն ստանում ու հիմնականում գոհ են: Այնինչ մարդկանց պրոբլեմների հիմնական մասը հենց էտ անորակ կրթությունից ա սկսում:

          • Գործարար says:

            Ճիշտ է բայց մեր հասարակությունը հիմար նախապաշարումներ ունի և անկախ նրանից թե իր զավակը բուհում սովորելու համար անհրաժեշտ գիտելիքներ ունի թե ոչ նրա համար կոոպերատիվներից ուսման վարձը վճարելով, իսկ պետական ինստիտուտներում և վարձը և կաշառք տալով դիպլոմ է ձեռք բերում միմիայն այլոց մոտ գլուխ գովելու համար: Իսկ երբ տարիներ հետո թոշակառու դառնալով տեսնում է որ իր երեխան էլ չի աշխատում՝ քանի որ համարում է որ «բարձրագույն» կրթություն ստացած մարդը պետք է «համապատասխան» աշխատանք ունենա՝ չգիտակցելով որ ինքը այդ գիտելիքը չունի:

            Այդ ժամանակ նոր թոշակառու ծնողը հասկանում է որ ինքը իր մեծամտության պատճառով կործանել է իր սեփական երեխայի կյանքը՝ բայց արդեն շատ ուշ է՝ զավակը արդեն դարձել է երիտասարդ թոշակառու և կյանքից զուր տեղը բողոքող «աբիժեննիկ»:

  5. Մհեր says:

    Նրանք էլիտա չեն, նրանց համար փող աշխատելու ձևի մեջ տարբերություն չկա: Երբ Հայաստանում կլինեն խոշոր գործարարներ որոնք կգիտակցեն որ իրենց չի “սազում” արևածաղիկ վաճառելը, կարտոֆիլ աճեցնելը, մարշուտկի գիծ կամ գազալցակայան ունենալը, զարտուղի ճանապարհներով բյուջեն լափելը, որ իրենք պետք է զբաղվեն ինվեստիցիոն հիմնադրամներ , բրենդներ և այլ՝ ժողովրդի 99 անհասանելի բիզնեսներ ստեղծելով, այդ ժամանակ կարելի կլինի օգտագործել էլիտա բառը:

    • Կալաբոկ says:

      Ճիշտ եք ասում բայց մեր օլիգարխների համար «կուշտ» և «էլիտա» գաղափարները նույնն են: Նրանց գաղափարը, հիմնականում, դրանից բարձր/բարդ բան չի ընկալում:

  6. Maxim says:

    Հետո ինչ,՝ հարգելի կտրիճ վերլուծաբաններ: Մենք ճառը ասեցինք, բա զանգը ո՞վ կախի:

  7. Ավետյան says:

    Ես վաղուց գտնվելով Հայաստանից դուրս, հետաքրքրությամբ կարդում եմ ձեր հոդվածներն ու հաջորդող մեկնաբանությունները, երբեմն չհամարձակվելով միջամտել, լավ տեղյակ չլինելով Հայաստանի ներքին հարաբերություններին: Բայց ինձ համար զարմանալի ու երբեմն էլ զայրացուցիչ է հայկական թերթերում կարդալ միայն ու միայն բացասական հոդվածներ Հայաստանի վերաբերյալ: Իսկ հատուկենտ մարդիկ, որոնք փորձում են Հայաստանի առաջխաղացումներից ինչ-որ բան նշել, անմիջապես քարկոծվում են մեր «դեմոկրատ» մամուլի կողմից, կարծես թշնամի երկրի մասին էր գրված այդ դրականը: Այնպիսի տպավորություն է, թե մրցութ է հայտարարված մեր լրագրողների միջև, թե ով ավելի շատ բացասական երևույթներ կարող է հայտնաբերել Հայաստանում և դրանով ավելի դեմոկրատ կերևա:

    Առաջարկում եմ լրագրողների համար հայտարարել միշաբաթյակ՝ գրել միայն դրականը Հայաստանի մասին: Երդվում եմ, որ տասնյակ դրական փոփոխոթյուններ կարող եք գտնել մեր երկրում, համեմատելով անգամ Խորհրդային հզոր ժամանակների հետ: Համոզված եմ դա բավականին դրական ազդեցություն կունենա մեր ժողովրդի վրա, անգամ ձեր նշած օլիգարխ-մեծահարուստների հոգեբանության վրա:

    • ani says:

      Իհարկե, երբ որ դրսում ես ու ամեն օր մաշկիդ վրա չես զգում այստեղի բացասականը ու որպես հայրենասիրության վերջին նշույլներ միայն հայրենիքի հանդեպ կարոտաբաղձության սենտիմենտալ զգացմունքներդ են մնացել, ապա շատ ցանկալի է այդ զգացմունքներին հագուրդ տալու համար սիրուն ու լավ վերջաբանով հեքիաթներ լսել հայրենիքի մասին

    • Albert says:

      Հարգելի Ավետյան, ես մամուլի աշխատակից չեմ, բայց ցանկանում եմ Ձեզ և մեզ բոլորիս ուրախացնելու համար, գրել դրական փոփոխությունների մասին …
      1. Սերժիկը, կառավարության հետ միասին հրաժարական են տվել
      Ձ. Նախագահը ընտրվելու է ազնիվ ընտրություններով, առանց թաղի խուժանների և հաստավիզների օգնությամբ
      3. Կառավարությունում ընդգրկվելու են գրագետ և անկաշառ մարդիկ
      4. Թալանչիների, կաշառակերների հանդեպ քրեական գործեր են հարուցված
      5. Օլեգարխիան՝ ազնիվ բիզնեսմեններ են
      6. Ոստիկանությունը, դատախազությունը և դատարանները պահպանում են ժողովրդի և պետության շահերը
      7. Բուջեի և աղքատ ժողովրդի գումարնեը չեն թալանվում, ժամանակավորապես դադարեցվել հայկական արբանյակ թռցնելու գաղափարը
      8. Բացվել են բավականին աշխատատեղեր, դադարել է արտագաղթը և մարդիկ արդեն հետ են վերադառնում
      9. Հայաստանի պատմամշակույթային հուշարձանները չեն վաճառվում, թալանվում, բարբարոսաբար քանդվում, այլ հակառակը վերցվում է պետության հսկողության տակ, իսկ մեղավորնեը պատժվում են:Օրինակ ասենք Երևանի «Փակ շուկան»
      1Օ. Երևանի կառուցապատումը արդեն կատարվում է համաձայն գլխավոր հատակագծի
      11. Հանրապետության հրապարկը չի վերածվելու ավտոկայանատեղի…և այլն
      Աղմուկից զարթնեցի, զգացի երազ էր, շատ տխրեցի, հիշեցի, որ ինքնաթիռի թռիչքից եմ ուշանում…
      Երևի Ձեր նմանները ահագին հրճվեցին և ուրախացան…. համախմբվելու, խելքի գալու և պայքարելու փոխարեն…

    • Գործարար says:

      Եկեք չմոռանանք որ Ավետյանն էլ մասսամբ ճիշտ է: Չի կարելի տեղին անտեղի Հայաստանի և Հայի կերպարը ներկայացնել միմիայն միապաղաղ սև գույներով՝ եկեք լավն էլ բարձրաձայնենք որ Երկրի և մեր մասին օբյեկտիվ պատկեր ստացվի:

  8. Maxim says:

    Ես չգիտեմ թե՛ Գործարարը ու՞մ նկատի ունի ասելով,՝ -Այ դրա համար իսկապես մի կտրիճ պակասում էր: Եթե խոսքը իմ մասին է,՝ ապա ես եկել եմ, տեղում եմ, և պայքարում եմ: Եթե խոսքը իր
    մասին է, ապա թող գա, ո՞վ է ձեռքը բռնել չի թողում որ գա, կամ ով է ձեռքից բռնելու, բերելու:
    Երրորդ տարբերակը մնում է ասել առաջնորդի խոսքերը,՝ ,,գալիս ես, որ ի՞նչ անի,,:
    Իսկ Ավետյանին կցանկանայի հետևյալը ասել, -,,որ շաքար ասելով բերանդ չի քաղցրանա,,:
    Իսկ լրագրողներին պետք է մինչև նրանց ոտքերը խոնարհվեն, հատկապես նրանք, ովքեր անամոթաբար նույնիսկ արտագաղթը կապում են նրանց ազնիվ աշխատանքի հետ: Նույն տրամաբանությամբ կարող են կապել երկու բեվեռների սառցահալքի հետ, կամ մեկ այլ հիմարություն
    մտածել:
    -Եկեք միասին փրկենք մեր երկիրը խորտակումից, այն՝ ազատենք հանցագործներից: Հունիսի 28-ին
    ուրբաթ օրը ժամը 19-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ հանդիպումը քաղաղացիների հետ: Եկեք, մի խնայեք Ձեր թանկարժեք ժամանակը, որը հաստատ ավելի թանկ չէ քան հայրենիքը:

  9. Ավետյան says:

    Maxim – ո՞վ է այն «մեսիան», որը պատրաստվում է փրկել մեր երկիրը կործանումից ))): Նախորդ դարի 20-ականներին նույնպես հայտնվեցին «փրկիչներ», որոնք օգտվելով երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, ՝՝մուժիկին հարկավոր է մի զույգ կոշիկ՛՛ կարգախոսով «փրկեցին» երկիրը և արդյունքում 110 հազար ք.կմ-ից մնաց ընդամենը 30 հազար, այն էլ օտար երկրի տիրապետության տակ: Ինչո՞վ համոզվենք, որ պատմությունը չի կրկնվելու: Ես համաձայն եմ քո հետ, որ ՝շաքար ասելով բերանդ չես քաղցրացնի՛, բայց դու էլ համաձայնվի որ ՝՝եկեք երկիրը փրկենք կործանումից՛՛ պոպուլիստական հայտարարությունով նույնպես երկիր չես փրկի:

  10. ara says:

    Լավ մարդը երբ սոված մարդ է տեսնում հացը կոկորդին է կանգնում, բայց կան մարդիկ որ իրենց ավելի լավ են զգում ու ախորժակը ավելի է բացվում:

  11. Armine G says:

    Նույնիսկ եթե մեսիա էլ գա աստծու կողմից ինչպես Քրիստոսը եկավ, առանց ժողովրդի համախմբման ու միասնության, Քրիստոսի ժամանակ էլ չէր ստացվի, հիմա էլ ոչինչ չի ստացվի: Քրիստոսի ժամանակ նրա ուսմունքն ու առաքելությունը տարածվում էր տնից տուն, մարդիկ իրենք մեկ առ մեկ հասկանում ու ընդունում էին նրա գաղափարները: Հայերն էլ նույն ձևով պետք է մեկ առ մեկ հասկանան որ իրենք պետք է փոխվեն, իրենք պետք է մերժեն վատը, անարդարությունը, գողությունը: Մեզնից յուրաքանչյուրը էլ չպետք է հանդուրժի անազնվությունը, խաբեությունը, թալանը, նույնիսկ եթե վախենում է հետևանքներից: Հենց սա ի նկատի ունենք երբ ասում ենք «եկեք համախմբվենք ու փրկենք մեր երկիրը»: Դրա ո՞ր մասն է անհասկանալի կամ պոպուլիստական:

  12. Մարկարյան says:

    Հարգելի Արմինե։

    ա. Ուզում եմ իմ շնորհակալությունը ասել Ձեզ այդ գրության համար։ Իհարկե ոչ մի պոպուլիզմ, ոչ մի անհասկանալի բան։ Ավելի քան հասկանալի է այդ ամենը։

    բ. Դուք գրում եք. «Նույնիսկ եթե մեսիա էլ գա աստծու կողմից ինչպես Քրիստոսը եկավ, առանց ժողովրդի համախմբման ու միասնության, Քրիստոսի ժամանակ էլ չէր ստացվի, հիմա էլ ոչինչ չի ստացվի: Քրիստոսի ժամանակ նրա ուսմունքն ու առաքելությունը տարածվում էր տնից տուն, մարդիկ իրենք մեկ առ մեկ հասկանում ու ընդունում էին նրա գաղափարները:»։

    Քրիստոսի ժամանակ, այնուամենայնիվ, քրիստոնեությունը շատ ավելի դժվար ճանապարհով էր գնում, քան Դուք եք պատկերացնում։ Ոչ մի «ժողովրդի համախմբման ու միասնության» մասին խոսք չի եղել։ Քրիստոնեությունը մինչ պետականորեն ճանաչում զարգացել է այն մարդկանց շնորհիվ, ովքեր ստանձնել էին հավատի տարածման առաքելությունը և շատ դաժան պայմաններում քայլ առ քայլ առաջ էին տանում այդ ամենը։

    գ. Դուք գրում եք. «Հայերն էլ նույն ձևով պետք է մեկ առ մեկ հասկանան որ իրենք պետք է փոխվեն, իրենք պետք է մերժեն վատը, անարդարությունը, գողությունը: Մեզնից յուրաքանչյուրը էլ չպետք է հանդուրժի անազնվությունը, խաբեությունը, թալանը, նույնիսկ եթե վախենում է հետևանքներից:»։

    Հարգելի Արմինե։ Ես միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ։ Դուք իրավացի եք։ Սակայն այս ամենը ավելի բարդ է քան Դուք փորձում եք ներկայացնել։

    Հիշենք Մուրացանի «Առաքյալ» գրքի հերոսների երազանքները։ Դա գրքի առաջին մասում է։ Երևի թե հիշում եք։

    Նրանք կարծում էին (և ճիշտ էին անում), որ ժողովուրդը (դա 19-րդ դարի մասին է խոսքը) տգետ է, որ ժողովուրդը իր աղքատության մեջ չունի տարրական հնարավորություններ ապահովել իրենց երեխաների ուսուցումը, որ ժողովուրդը չգիտի իր իրավունքների մասին և չգիտի թե ինչպես պաշտպանի այդ իրավունքները։

    Այդ երիտասարդները համոզված էին, որ գիր ու գրականություն ուսուցանելով մեր ժողովուրդը դուրս կգա այդ անմխիթար վիճակից և ամեն ինչ կկարգավորվի։

    Խորհրդային ժամանակներում մեր ժողովուրդը ստացավ աննախադեպ հնարավորություն կրթվել, զարգանալ, ծանոթանալ նոր մասնագիտությունների, դրսևորել իր տաղանդը և աշխատասիրությունը (խորհրդային ժամանակների մասին եմ գրում, քանի որ մեր ժողովրդի զանգվածային կրթվելը եղել այդ ժամանակ)։ Եվ պատմությունը անշուշտ արձանագրել է այդ ամենը։

    Հետո եկավ 1988 թվականը։ Հայոց Համազգային Շարժման (ես չեմ գրում ՀՀՇ) առաջնորդները (հարգված և գիտակից) մեր ժողովրդին ասեցին մի պարզ բան. «ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՒՆԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԵՐՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։

    Եվ ժողովուրդը ասեց «ԱՅՈ»։

    Ուշադրություն դարձրեք։ Ես չեմ քննադատում։ Ես միայն փաստում եմ այն ինչ եղել է։

    Այսինքն, 1988 թվականին մեր ժողովուրդը շատ լավ հասկանալով (ուզում եմ դրան հավատալ) իր իսկ սեփական դրական և բացասական հատկությունները համարեց, որ ժամանակն է եկել և մենք իսկապես կարող ենք դուրս գալ այլ երկրի և այլ ժողովրդի հովանավորության տակից։

    1988 թվականին նաև ասվում էր, որ մեր ապագա ղեկավարները եթե լինեն մեր ազգի ներկայացուցիչները ապա մնացածը ոչինչ՝ կհարթվի։ Ռուսերեն ասած 1988 թվականին մենք ասում էինք. «Пусть будет сукин сын, но наш сукин сын»։ Մենք անշուշտ կրթված և քաղաքավարի Լոբովին էլ չէինք ցանկանում ունենալ։

    Հիմա մենք 20 տարուց ավել ազատ և անկախ երկիր ենք։ Երևի թե մեր ղեկավարների մեջ կան նաև «Сукин сын»-եր էլ։ Ինչպես և ընդիմությունում։ Բայց մենք հասանք մեր ուզածին. «это наши сукины сыны»։

    Եվ այս ամենից հետո ես կարդում եմ արդեն նոր սերնդի գրությունները, Ձեր, հարգելի Արմինե գրությունը, և չեմ հասկանում։ Դուք ուզում եք ասել, որ մեր ժողովուրդը ՊԱՏՐԱՍՏ ՉԷ՞ ԴԵՌԵՎՍ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼ։

    Թե՞ Դուք ուզում եք ասել, որ ՊԱՏՐԱՍՏ է, սակայն նաև անհրաժեշտ է «գնդակահարել» օլիգարխներին։

    Թե՞ ուզում եք ասել, որ ՊԱՏՐԱՍՏ է բայց միայն ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ պետականություն կառուցելու դեպքում։

    Թե՞ իսկապես ՊԱՏՐԱՍՏ ՉԷ՞։

    Միգո՞ւցե ամեն ինչ նորմալ է, հարգելի Արմինե։ Ուղղակի ունենք մաքսիմալիստ և անփորձ նոր սերունդ, որը շատ-շատ ճիշտ բաներ է ասում և միայն երկու թերություն ունի՝ չունի կյանքի փորձ և ինքնահաստատման բնական գործընթացի պայմաններում ամեն ինչ տեսնում է միայն «սև» և «սպիտակ» գույներով։

    Եվ այդ մաքսիմալիստ սերունդը պատրաստ է բոլորին ով մաքսիմալիստ չէ «ազգի դավաճն» հայտարարել, «սովոկ» համարել, «ապուշ» տեսնել…

    Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես համոզված եմ և ընդունակ եմ ապացուցել, որ մեր երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ և հնարավորին արագ։ Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության հանգամանքները լրջորեն խանգառում են մեր ավելի արագ տնտեսական զարվացմանը։ Բայց այդ գերխնդիրները մենք չէ որ հնարել ենք։

    Նորից օգտվելով ռուս պոետի խոսքից.
    «Лицом к лицу – лица не увидать
    Большое видится на расстоянии»։

    Ապագա սերունդները պարծենալու են մեզնով, հարգելի Արմինե։

    Ես միայն մի բան ավելացնեմ։ Մեծ ցավ եմ ապրում երբ քաղաքական համակարգը իշխանության գալու համար պատրաստ է ոչ միայն «սև» ու «սպիտակ» տեսնել ամեն ինչ, ոչ միայն «ով մեզ հետ չէ՝ նա ՏԱԿԱՆՔ է» կարգախոսով վիրավորել այլոց, այլև իշխանության գալու մոլուցքով ոտնահարել այն երազանքները և կարգախոսները, որոնք համախմբել էին մեր ժողովրդին և ՕՏԱՐԻՆ ուզում են բերել մեր տուն որպես մեր ներքին վեճի ԴԱՏԱՎՈՐ։

    Հարգանքներս։

  13. Armine G says:

    Ի սեր աստծո՝ ոչ մեկին պետք չէ գնդակահարել, նույնիսկ ամենավերջին տականքին: Ժողովրդի արյունը ծծող տզրուկները նույնիսկ չեն էլ պատկերացնում թե ինչ են անում: Նրանց միայն խղճալ է պետք, որովհետև իրեց արդար պատիժը անխուսափելի է:

    Իհարկե մենք կանգնած ենք բարդ խնդրի առջև, բայց ես փորձում եմ լուծումները ներկայացնել ավելի պարզ ձևով: Պարզեցնելով միայն կարելի է լուծել մեր բարդ խնդիրը, որն ունի շատ կողմեր: Դրանք տրոհելով, հատիկ առ հատիկ պետք է լուծենք բոլոր հարցերը:

    Ժողովուրդը իմաստուն է: Նա պատրաստվում է:

    • Մարկարյան says:

      Հարգելի Արմինե։ Ցավալի է, սակայն Դուք 1988 թվականի հարցին խուսափեցիք պատասխանել և ցավալի է նաև, որ լուծումներ չեք առաջարկում։ Ոչ մի առաջարկ։

      Ցավում եմ նաև որ չցանկացաք մաքսիմալիզմի և «սև» ու «սպիտիկի» մասին ասել Ձեր կարծիքը։ Իսկ դա շատ հետաքրքիր կլիներ։

      Գրում եք, որ «Ժողովուրդը իմաստուն է: Նա պատրաստվում է:»։ Շատ հետաքրքիր է դա և միայն անհասկանալի է թե ինչ ի նկատի ունեք։ Շատ հետաքրքիր կլիներ հասկանալ թե ինչ է պատրաստում մեր ժողովուրդը ըստ Ձեզ։

      Հարգանքներս։ Կներեք անհագստության համար։

  14. Armine G says:

    Իմ արդեն արված առաջարկը կարող եմ կրկնել: Մերժել վատը, անարդարությունը, գողությունը: Չհանդուրժել անազնվությունը, խաբեությունը, թալանը: Եվ կարող եմ ավելացնել: Լինել բարի, ազնիվ, արդար: Սա է իմ կարծիքը: Մի՞թե բարդ է հասկանալ: Եթե յուրաքանչյուր անհատ լինի բարի, ազնիվ, արդար, մենք կունենանք ամենալավ երկիրը:

    • Մարկարյան says:

      Հարգելի Արմինե։

      Ինձ կներեք։ Իհարկե այդ ամենի մասին Դուք ավելի շուտ գրել էիք։ Նորից խնդրում եմ ինձ ներել։

      Լիովին համաձայն եմ և միշտ ձգտել եմ ինքս լինել այդպիսին։

      Ցանկանում եմ և Ձեզ և ինձ և մեր ժողովրդին գործել այդ անմար սկզբունքերի հիման վրա։

      Եվ ամեն ինչ լավ կլինի։

      Շնորհակալ եմ և հարգանքներս։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930