Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայռուսգազարդի» 20%-ի վաճառքը տնտեսական գործարք է` քաղաքական հետեւանքով

Հունիս 21,2013 20:41

Հայաստանն այնպիսի խաղացող չէ, որ կարողանա տարածաշրջանում արմատական կեցվածք դրսեւորել, որի համար Ռուսաստանը գազի գործոնը որպես Հայաստանին ճնշելու միջոց օգտագործի: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե «Հայռուսգազարդի» հայկական 20% բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելով եւ դառնալով 100%-անոց սեփականատեր, արդյոք որոշակի թե տնտեսական, թե քաղաքական ճնշումների չենք ենթարկվի:

Պարոն Մինասյանի խոսքերով՝ Հայաստանի արտաքին անվտանգության կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է, որ գազի գործոնը չեն օգտագործի. «20% բաժնեմասը վաճառելու գործարքը տնտեսական շահույթ հետապնդող նախագիծ է, որն անշուշտ ունի քաղաքական հետեւանք: Մասնավորապես, երբ Հայաստանի սոցիալ-տնտեսական վատթարացման պատճառով դատարկվում է Հայաստանը, դրա արդյունքում վտանգվում է Հայաստանի անվտանգության աստիճանը: Մեր իշխանությանը մեղադրում եմ նրանում, որ չեն կարողանում ռազմավարական գործընկերությունը հավուր պատշաճի ներկայացնել»:

Ըստ Արծվիկ Մինասյանի, Հայաստանը առավելագույնս քայլեր պետք է ձեռնարկի իրանական գազի մուտքը մեր երկիր մեծացնելու ուղղությամբ, դա, փաստորեն, ռուսական կողմից գազային կախվածությունից կփրկի:

Պարոն Մինասյանի խոսքերով`«Իրան-Հայաստան գազամուղը թույլ է տալիս մինչեւ 2026 թվականը ներմուծվող գազի ծավալները հասցնել 2,2 միլիարդ խորանարդ մետրի, ինչն ամբողջությամբ բավարար է Հայաստանի ներքին պահանջարկին, սակայն, առ այսօր նախատեսվածից մի քանի անգամ ավելի քիչ իրանական գազ ենք ներմուծում, եւ անհասկանալի է`թե ինչու»:

Մի քանի անգամ պակաս գազ ներմուծելու անհասկանալիությունն էլ, պարոն Մինասյանը հիմանվորեց այն հանգամանքով, որ երկու կողմերի պայմանագրային պահանջներն այլ բան են ցույց տալիս, բայց իրականում այլ բան է կատարվում. «Անհասկանալի եմ ասում, որովեհետեւ պայմանագրերը, որ կնքված է Իրանի գազ արտահանող ընկերության եւ Երեւանի ՋԷԿ-ի միջեւ, թույլ է տալիս մինչեւ 2010 թվականը 1,1 միլիարդ խմ գազ ներմուծել, 2010-12 թվականին`1,5 միլիարդ ու այդպես շարունակ մինչեւ կհասցնեին 2,2-ի: Բայց ինչպես հրապարակումներն են ցույց տալիս, առնվազն 3 անգամ նվազ գազ ենք ներմուծում: Անհասկանալի է, թե ինչո՞ւ, այն դեպքում, երբ իրանական գազը վերածված է էլեկտրաէներգիայի եւ փոխանակման գործակիցը թույլ է տալիս մեզ պնդել, որ իրանական գազը արժենում է ավելի էժան`70 դրամ`1 խորանարդ մետրի դիմաց»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930