Գլենդեյլում հայի խանութից երեքշաբթի օրը գողացել են 300 դոլարի «բախտավոր գումար»-ը, hայտնում է «Սի Բի Էս» հեռուստաընկերությունը:
Անվտանգության տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է մի տղամարդ ոտքով կոտրում Ռուբեն Մարտիրոսյանի «Դվին» մսամթերքի խանութի պատուհանը, վազում դեպի պատից կախված փողը, վերցնում այն ու հեռանում տարածքից:
Մարտիրոսյանը պատմել է, որ այդ գումարը կոչվում էր «բախտավոր գումար»: Այն հայկական ավանդույթ է. երբ ինչ-որ մեկը նոր բիզնես է սկսում, ընտանիքի անդամներն ու ընկերները գումար են նվիրում, որն էլ կախում են պատից:
«Մերձավոր բարեկամները, ընկերները գալիս են ու հաջողություն են մաղթում խանութի կամ բիզնեսի համար»,- բացատրում է նա:
Կարդացեք նաև
Չնայած կատարվածին, Մարտիրոսյանը չի կարծում, որ իր բախտի վրա քար կընկնի. «Գուցե նրանք էլ էին ուզում բախտավոր լինել, այդ պատճառով են գողացել փողը»,- կատակում է նա:
Ոստիկանությունը հանցագործին դեռ չի բացահայտել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ