Դանիա-Հայաստան 0:4 խաղի կապակցությամբ «Արմենիան ռիփորթեր» լրատվականը Ֆեյսբուքով հարցազրույց է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ, որն այդ խաղում երկու գոլ է հեղինակել:
Հարցին, թե արդյոք նա նախկինում խաղացել է Կոպենհագենի մարզադաշտում, երբ հանդես էր գալիս Դանիայի առաջնությունում եւ արդյոք նա այնտեղ գոլ խփել է, Մովիսիսյանը պատասխանել է.
«Այո, ես խաղացել եմ այնտեղ «Ռանդերս»-ի կազմում, բայց գոլ չեմ խփել: Բայց դա ինձ համար էական չէր, որովհետեւ ամեն խաղ նոր խաղ է»:
Արդյոք Դանիայի հավաքականին խփած իր առաջին գոլը (27-րդ վայրկյանում) ամենաարագն է իր խփած գոլերից եւ արդյոք դա ազդեց խաղի վերջնական արդյունքի վրա, հարցին ֆուտբոլիստը պատասխանել է.
Կարդացեք նաև
«Այո, միանշանակ այդ գոլը իմ կարիերայում ամենաարագն էր եւ իհարկե իր ազդեցությունն ունեցավ խաղի վրա, որովհետեւ դրանից հետո Դանիան ստիպված էր բաց ֆուտբոլ խաղալ, ինչն առավելություն տվեց մեզ»:
Հիշեցնելով, որ արդեն 3-րդ անգամն է, ինչ Հայաստանը հաղթում է 4:0 հաշվով եւ այդ բոլոր խաղերում նա կամ առաջին գոլի կամ առաջին գոլային փոխանցման հեղինակն է եղել, լրագրողը հարցնում է, թե արդյոք նրա գոլերը խթանում են, որ թիմի մյուս ֆուտբոլիստները ավելի լավ խաղան:
«Ես հավատում եմ, որ ամբողջ թիմը կախված է հարձակվողների գոլերից: Շատ լավ է, երբ խփում եմ առաջին գոլը, դա վանում է լարվածությունն ամբողջ թիմի վրայից», – ասում է Մովսիսյանը:
Լրագրողը նշելով, որ Հայաստանի հավաքականը շարունակում է հաճախ կորցնել գնդակը ու երկու տարվա ընթացքում այս առումով գրեթե ոչ մի առաջընթաց չկա, հարցնում է՝ ինչպե՞ս եւ ե՞րբ կլուծվի այդ խնդիրը:
«Սա դեռ երիտասարդ թիմ է, երիտասարդ խաղացողներով: Շատերի համար յուրաքանչյուր խաղ իրենց կյանքի մեծագույն խաղն է, այնպես որ նրանք հուզված են լինում: Այս պատճառով կան փորձառու խաղացողներ եւ երբ գործերը նախատեսվածի պես չեն գնում, կարող եք օգտագործել նրանց ու օգնել մյուսներին: Սա միայն կկարգավորվի փորձ ձեռք բերելու եւ ժամանակի ընթացքում», – կարծում է Մովսիսյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ