Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ազատամարտիկ. «Գեներալ Մանվելի երկրապահի օրենքը կոնֆետի թուղթ է, խաբեություն»

Հունիս 21,2013 18:42

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, վերլուծելով օրերս խորհրդարանում առանց որեւէ առարկության, 97 կողմ ձայնով անցած՝ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագծը, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանն ասաց. «Էդ օրենքը իսկական խաբեություն է, էսպես ասած, շոկոլադի թուղթ, քանի որ երկրապահ ազատամարտիկները դուրս էին եկել, պահանջներ են դրել սոցիալական հարցերի լուծման, փորձում են խաբել ազատամարտիկին: Նմանատիպ դեպքեր եղել են հոկտեմբերի 27-ից հետո, երբ որ ազատամարտիկները ոտքի ելան ու Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից պահանջում էին իրենց վարչախմբի հրաժարականը: Այդ ժամանակ էլ նմանատիպ նպատակներով, ոնց որ այս օրենքի նախագիծն է, կազմակերպություն ստեղծեցին, որը կոչվեց «Ազատամարտի վետերանների միություն»: Նույն խոստումներն էին `լավ կլինի, վետերանի կարգավիճակ կստանաք, փառավոր, լուսավոր կյանքով կապրեք, բայց հիմնական նպատակը Վազգեն Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված «Երկրապահ կամավորականների միություն»-ը քանդելն ու ջախջախելն էր, քանի որ այդ ժամանակ էդ ազատամարտիկները միավորվեցին, քոչարյանասերժական վարչախմբի դեմ դուրս եկան`պահանջում էին իրենց հրաժարականը: Հիմա նմանատիպ բան է տեղի ունենում, քանի որ ազատամարտիկները իրենց բնավորությամբ ըմբոստ են, եւ 2008 թվականի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ազատամարտիկներից շատերը իրենց կանտրոլից դուրս եկան, կանգնեցին ժողովրդի կողմը`պաշտպանելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, առ այսօր էլ պայքարում են բռնապետությունից ազատվելու համար, փորձում են ինչ-որ աֆերիստական խաբեությունների, հերթական խոստումների շնորհիվ նորից էդ ազատամարտիկներին վերահսկողության տակ պահել»:

Ըստ մեր զրուցակցի, այս օրենքը նույնն է, ինչ 1999 կամ 2000 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդունված որոշումը «Երկրապահ ազատամարտիկների մասին», որը, ըստ ազատամարտիկների, ավելի շատ սահմանափակում էր ազատամարտիկների իրավունքները:

«Դրանք նույն բանն են`բաժակի փոփոխություններով, եթե իրականում ուզում է էս իշխանությունը փոփոխություններ կատարել, ազատամարտիկի ստատուս, իրավունք տալ եւ այլն, նոր օրենք ստեղծել պետք չէ, կա 1992 թվականի Լեւոն Տեր-Պետրոսյանի 116 հրամանը, որը հստակ ասում է ազատամարտիկի իրավունքների մասին` անվճար բուժման, անվճար ուսման, անվճար տարին մեկ անգամ առողջարան գնալու, 50 տոկոս զեղչեր է նախատեսում եւ այսպես շարունակ: Հիմա փորձում են խաբել, ներկայացնում են այնպես, իբր թե ազատամարտիկը թոշակ է ստանում, եւ այդ թոշակը իրեն քիչ է, ես ուզում եմ շեշտել, որ ազատամարտիկը որպես ազատամարտիկ ընդհանրապես թոշակ չի ստանում: Ամենազավեշտալին էն է, որ օրենքի նախագծում մի այսպիսի մաս կա. 89 թվականից մինչեւ 94 թվականը երկրապահ ազատամարտիկ համարվում է այն անձնավորությունը, ով ասենք հաշվառված է որեւէ ջոկատում, որը կազմված է չգիտեմ պետության կողմից եւ այլն: Հարգելիներս, 89 թվականից մինչեւ 91 թվականը Սովետական միություն էր, սովետական КГБ-ն հլը գործում էր, ЦК-ի հետ միասին ազատամարտիկներին ճանաչելով օրենքից դուրս, անջատողական, եւ ես լավ գիտեմ, որ 89 թվականից մինչեւ 91 թվականը, մինչեւ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գերագույն Սովետի նախագահ եղավ, ոչ մի ազատամարտիկ իրավաբանական այդպիսի փաստաթուղթ չի կարող ներկայացնել: Այսինքն, այդ փաստաթութղը ներկայացնելու համար կամ պետք է դիմի КГБ-ի արխիվներին, դոսյեներ հավաքելու, կամ էլ ЦК КПЕСС: Եվ էդպիսի նախագծից արդեն երեւում է, որ շոկոլադի դատարկ թուղթ են առաջարկում, դրա համար էլ ես ուզում եմ դիմել իմ ընկերներին հանկարծ`չխաբնվեք: Հիմա իշխանությունները լավ գիտեն, թե ինչ ֆորսմաժորային վիճակներ կան, ինչ ներքին ու արտաքին մարտահրավերներ կան եւ եթե հիմա ազատամարտիկների այս բողոքի ակցիաները տարերային բնույթ են կրում, եւ դա իրենց ձեռք չի տալիս, փորձում են խաբել հերթական անգամ: Կոնֆետի թուղթը մի տվեք ազատամարտիկներին, այլ կանֆետը տվեք: Գեներալ Մանվելը փորձում է իր արդեն չեղած ավտարիտետը օգտագործել, որը չի ստացվում», -ասում է գյումրեցի ազատամարտիկը:

Օրենքը, ըստ մեր զրուցակցի, լուրջ բացթողումներ ունի, հաշվի չեն առել ռազմագերիներին: Այս թեմայի շուրջ Գեւորգ Ալիխանյանի մտահոգություններին կանդրադառնանք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930