Լրահոս
Օրվա լրահոսը

«Ու՞մ ա պետք էլիտարը, երբ շնչելու օդ չկա». Երևանի նորակառույցների մասին

Հունիս 21,2013 18:22

 

«Մեր քաղաքը վերածվել է ասֆալտ-բետոնային անապատի նման մի բանի»:
Բնապահպան Կարիեն Դանիելյանի կարծիքն է: Ըստ նրա`վերջին 10 տարվա ընթացքում Երևանում իրականացված շինարարությունը քաղաքը մոտեցրել է կոլապսի: «Մենք ընդօրինակեցինք Մոսկվայի փորձը: Որտեղ ազատ կամ կանաչ տարածք են տեսնում, շենքեր են կառուցում»,-ասում է բնապահապանը:
Ինչպես նշում է տիկին Դանիելյանը, դեռևս 2006 թվականին Երևանի գլխավոր հատակագծի ընդունման ժամանակ հաշվի չառնվեցին էկոլոգիական նշանակությամբ մի շարք խնդիրներ.
«Խարխլելով հին շենքերի հիմքերը`սկսեցին նորերը կառուցել, հաշվի չառնվեց օդափոխության գործոնը, նաև երթևեկության հանգամանաքը, այսնինքն՝ փողոցների անցողիկությունը: Սեյսմիկ ռիսկերն ավելացան, իսկ քաղաքի կենտրոնն ամենախոցելի հատվածն է: Այսօր ամենուրեք խցանում է, ինչը ևս հանգեցնում է օդային ավազանի աղտոտմանը: Մի շարք երկրներում արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում քաղաքները «վերակենդանացնելու» ուղղությամբ, իսկ մենք հակառակն ենք անում»:
Օտարազգի մասնագետների կատարած բազմաթիվ ուսումնասիրությունները ևս մեկ անգամ փաստում են’ Երևանն այսօր էկոլոգիական աղետի գոտի է: «Голос Армении» թերթում ժամանակին տպագրվել է միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետ Սերգեյ Իվանովի հոդվածը Երևանի վերաբերյալ: Ճարտարապետը նշում է.
«Մեզ մոտ շինարարությունը դարձել է քաղաքը սպանելու ձև: Ճապոնացի փորձագետներն էլ եկել են այն եզրակացության, որ Երևանը խիտ է բնակեցված, ինչը կարող է հանգեցնել սեյսմիկ վտանգների աճին: Այս ամենը ակնհայտ է, և Երևանի բնապահպանական վիճակը գնահատելու համար պարտադիր չէ լինել ճապոնացի: Խնդիրների մասին բարձրաձայն սկսեցին խոսել հատկապես վերջին տարվա ընթացքում, բայց արմատները ավելի վաղեմի են»:
«Ինձ դուր էր գալիս հին Երեւանը, երբ կանաչն էր շատ, ու մենք էինք երիտասարդ: Հիմա ամեն քայլափոխի շինարարություն է, դեռ մեկը չավարտած, մի այլ նորակառույց շենք են կառուցում: Չեմ հասկանում՝ ո՞վքեր են էտտեղ ապրելու, երբ Հայաստանում էտքան մարդ էլ չկա: Դե թոռներս ինձ ասում են՝ սիրուն են էտ շենքերը, «Էլիտար»: Բայց ու՞մ ա պետք էլիտարը, երբ շնչելու օդ չկա,- ասում է 63-ամյա Վազգեն Հայրապետյանը, ով իր ամբողջ կյանքը Երեւանից մեկ քայլ անգամ չի հեռացրել:
Շատերը կհիշեն` երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի շինարարությունը, պատկան մարմինները, ի պատասխան հասարակական որոշ զանգվածների բողոքի, հայտարարեցին’ ամեն ինչ արվում է հանրային շահից ելնելով: Իսկ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը խնդրի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց.
«Դա մասնավոր տարածք է: Դա սեփականատերերի գործն է: Նորակառույց շենքեր միայն քաղաքի կենտրոնում չէ, որ կառուցվում են: Նորակառույցները շատ են նաև քաղաքի ծայրամասերում»:
Միևնույն ժամանակ ճարտարապետն ընդունում է, որ քաղաքի կենտրոնը խիտ է բնակեցված, ինչը թույլատրելի նորմերին չի համապատասխանում:
«Աստված չանի` երկրաշարժ լինելու դեպքում դա կբարդացնի մարդկանց տեղաշարժը: Մնացած առումով` վտանգ չկա, քանի որ նորակառույց շենքերը սեյսմակայուն են և համապատասպանում են նորմերին, պատրաստված են շինարարական բարձր որակով»:
Երևանում կարելի է ամենուրեք հանդիպել կիսակառույց շենքերի: Ճարտարապեը դա բացատրում է սեփականատերերի ֆինանսական վիճակի սղությամբ: Մեր հարցին, թե ինչու են նորակառույցների թվում ամենից շատ բնակելի տները և ոչ թե դպրոցները, մանկապարտեզները և այլն, ճարտարապեը պատասխանում է . «Սեփականատերերը շենք կառուցելիս հաշվի են առնում, թե ինչն է արագ վաճառվում, իսկ այսօր պահանջարկ ունեն հենց բնակելի տները: Դպրոցները, մանկապարտեզները պետության հոգածության ներքո են»:
Իսկ այդ դեպքում ինչու՞ է պետությունն ավելի շատ ձեռնամուխ լինում բնակելի տներ կառուցելով: Այս հարցին Մկրտիչ Մինասյանը տալիս է սպառիչ պատասխան. «Բնակելի տների կարիքն ավելի շատ է զգացվում: Իսկ մանկապարտեզներն ու դպրոցներ ինչ-որ առումով համապատասխանում են պահանջներին»:
Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի` ժողովուրդը սկսել է բողոքել. սակայն ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը`այժմ դանակը հասել է կոկորդին:
«Հատակագծի ընդունման ժամանակ միայն էկոլոգներն էին բողոքում, իսկ ճարտարապետներն ու շարքային բնակիչները մեզ չէին միանում: Իսկ հիմա բոլորը ոտքի են կանգնել և հույս ունեն, որ այս ընտրություններից հետո Երևանի ավագանին կպատասխանի բոլորիս մտահոգությանը և քայլեր կձեռնարկի քաղաքը կոլապսից դուրս հանելու ուղղությամբ»:
Խնդրի վերաբերյալ պատասխան ստանալու համար փորձեցինք կապ հաստատել քաղաքապետարանի Քաղաքաշինության վարչության հետ, սակայն մի քանի ժամ շարունակ մեր զանգերին ոչ ոք չէր պատասխանում:
Երևանում բոլոր տեսակի խնդիրները լուծելու համար, նախ պետք է ղեկավար անձինք հասկանան’ ո՞րն է հանրային շահը: Հանրային շահը, ըստ բնապահպանների, առաջին հերթին կանաչ տարածքների պահպանումն է:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930