Այսօր Ռուսաստանի պետական դուման երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենք, համաձայն որի արգելվում է ռուսաստանցի ծնողազուրկ երեխաների որդեգրումը արտասահմանյան միասեռական ընտանիքների կամ զույգերի կողմից:
Ինչպես տեղեկանում ենք Lenta. ru-ից , արգելքը տարածվում է նաեւ չամուսնացած կանանց եւ տղամարդկանց վրա, ովքեր այն երկրների քաղաքացիներ են, որտեղ օրինականացվել են նույնասեռական ամուսնությունները:
«Ծնողազուրկ կամ առանց ծնողների խնամքի մնացած երեխաների խնամակալության հարցերով ՌԴ որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ մտցնելու մասին օրենքի» նախագիծը այս տարվա փետրվարից էր շրջանառության մեջ մտել: Այն նպատակ ունի խթանել որբ երեխաների որդեգրումը ռուսաստանցիների կողմից: Մասնավորապես, այս օրինագծի ընդունումից հետո որդեգիրների նպաստների չափը կբարձրանա, իսկ որդեգրվածները անվճար բուժօգնություն կստանան:
Իսկ ինչ վերաբերվում է միասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրումն արգելող դրույթին, այն օրենքի նախագծում տեղ գտավ այն բանից հետո, երբ Ֆրանսիան օրինականացրեց նույնասեռական ամուսնությունները: Մինչ այդ, դեռ 2012 թ. դեկտեմբերին, Դուման ընդունել էր եւ Պուտինը հաստատել էր օրենք, որով արգելվում էր ռուսաստանցի որբերի որդեգրումը ԱՄՆ քաղաքացիների կողմից: Այս օրենքի հեղինակները եւ կողմնակիցները այն բացատրում էին ամերիկյան որդեգիր ընտանիքներում ռուսաստանցի որբուկների նկատմամբ ծաղրուծանակի եւ նվաստեցման մի շարք արձանագրված դեպքերով: Իսկ այդ օրենքի քննադատները այն գնահատեցին որպես քաղաքական քայլ՝ ի պատասխան ԱՄՆ-ում ընդունված «Մագնիտսկու օրենքի», որով նախատեսվում էին սանկցիաներ այն ռուսաստանցիների հանդեպ, որոնց ամերիկյան իշխանությունները կասկածում են մարդու իրավունքների խախտման մեջ: