«Փառապանծ մարտիկ» կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանը, այսօր կայացած ասուլիսում հարց էր բարձրացրել այն մասին, որ որոշակի խտրականություն կա ազատամարտիկների միջեւ՝ ԵԿՄ անդամները օգտվում են որոշակի արտոնություններից, իսկ մյուսները, անգամ՝ մահապարտները՝ ոչ:
Այս առնչությամբ «Առավոտը» պարոն Սարգսյանից հետաքրքվեց, թե ի՞նչ կարծիք ունի այն տարանջատման մասին, որ այսօր կա մի կերպ ծայրը ծայրին հասցնող ազատամարտիկների եւ ազատամարտիկի անունը օգտագործելով եւ արատավորելով հարստություն դիզած եւ քրեական գործերի մեջ ներքաշվածների միջեւ, խոսքը, մասնավորապես, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին է:
Գրիշա Սարգսյանը պատասխանեց. «Այդ տարանջատումը վերացնելու եւ հավասարացնելու համար պետք է հանձնաժողով ստեղծվի, անկախ հանձնաժողով, որը կենթարկվի միայն երկրի նախագահին: Եվ կարողանան կեղծ ազատամարտիկներին, ովքեր որ չեն մարտչնել եւ ովքեր, որ տարանջատում են, ջրբաժան են դնում ազատամարտիկների միջեւ, փաստաթղթերը հետ վերցնել եւ օրենքով սահմանած կարգով ենթարկել պատասխանատվության, իր կատարած ոտնձգությունների եւ իր կատարած հանցանքների եւ զանցանքների համար, որովհետեւ օրենքի դեմ բոլորը հավասար են՝ երկրի նախագահից սկած մինչեւ շարքային քաղաքացին»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն, դուք կարծում եք, որ Սուրեն Խաչատրյանը չի՞ մասնակցել պատերազմին, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Եթե մասնակցել է, ի սեր աստծո, համապատասխան շքանշաններ կան, համապատասխան պարգեւատրումներ կան, թող պարգեւատրվի մատուցած ծառայությունների համար, ոչ ավելի քան, հարստանալու եւ այլ լծակներ օգտագործելու համար՝ ի շահ իրեն, իր ընտանիքի եւ իր հարազատների»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ