Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր օրենքը գրագողերին կզսպի, բայց խնդիրը միանշանակ չի լուծի»

Հունիս 21,2013 17:36

«Օրենքը իրավական լուծում է տալիս այդ խնդրին, բայց մյուս կողմից, խնդիրն այն է, որ թերթերը ամեն իրենց տպագրածի գողության դեպքում պետք է դիմեն դատարան: Դատարան դիմելուց, ըստ էության, օրենքը չի ասում թերթը իրավունքի պաշտպանության համար դատարանին ի՞նչ պահանջ կարող է ներկայացնել: Նորագույն տեխնիկայի զարգացմամբ պայմանավորված այս խնդիրը նոր երեւույթ է, եւ իմ կարծիքով մենք դեռ երկար ենք առնչվելու այս խնդրին: Նոր օրենքը կարող է  որոշ գրագողերին զսպել, բայց խնդիրը միանշանակ չի լուծվի»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» լրամշակված օրենքը կպաշտպանի՞ թերթերին գրագողերից,

ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Վահագն Հովակիմյանը:
Ազգային ժողովի 8 պատգամավորների հեղինակած  «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մոտ ապագայում կառավարությունից կուղարկվի Ազգային ժողով: Երեկ այս մասին հայտնի է դարձել ՀՀ կառավարության նիստում:
Նախագիծը վերաբերում է թերթերի, ամսագրերի եւ ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքների` այլ տեղեկատվական աղբյուրներում վերարտադրելու հետ կապված հարաբերություններին: Լրամշակված օրենքի նախագիծն առաջարկում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի հոդվածներից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միմիայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին:

Փոփոխությունները նախաձեռնած պատգամավորները օրենքի անհրաժեշտությունը բացատրում են այսպես. «Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրել սկզբնաղբյուր հանդիսացող թերթերի տեղեկատվական, նույնիսկ վերլուծական հոդվածները տարբեր կայքերում: Ընդ որում հոդվածները շատ հաճախ վերարտադրվում են ամբողջությամբ, այլ ոչ թե նպատակը արդարացնող ծավալով, ինչպես դա նախատեսված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, իսկ երբեմն էլ նույնիսկ չի նշվում հոդվածի սկզբնաղբյուրը: Այս խնդիրը առկա է նաեւ լրատվական կայքէջերի համար, քանի որ շատ հաճախ ամբողջությամբ վերարտադրվում են ոչ միայն թերթերի, այլ նաեւ սկզբնաղբյուր կայքէջերի տեղեկատվական, վերլուծական հոդվածները: Այս պարագայում ընթերցողին ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար բավարար է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի հետեւանքով աճում են միայն որոշակի կայքերի այցելությունների քանակը: Ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, քանի որ նրանց կողմից հրապարակված հոդվածները կորցնում են իրենց էքսկլյուզիվությունը, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը, կայքէջերի այցելությունների քանակը»:

Պատգամավորները գտնում են, որ  ՀՀ օրենսդրությամբ առկա ներկայիս կարգավորումը բավարար չէ հոդվածների սկզբնաղբյուրների, իրավունքների եւ օրինական շահերի ամբողջական պաշտպանությունը ապահովելու համար, ուստի նախագծով առաջարկվող լուծումները որոշակի հստակություն կմտցնեն այս ոլորտի կարգավորման հարցում, կնպաստեն հեղինակային իրավունքների առավել համապարփակ պաշտպանությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Նկարը՝ https://www.sciencepresse.qc.ca կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930