ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի համար անհասկանալի է, թե ինչու ՀԱԿ վերաքննիչ դատարանը ՀԱԿ ակտիվիստների գործով դեռ չի սկսել վարույթ:
«Վճռաբեկ դատարանը գործը ուղարկել էր վերաքննիչ դատարան , վերաքննիչը դեռ վարույթ չի սկսել: Անհասկանալի է ` ինչով է զբաղված մեր դատական համակարգը»,- այսօր ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի՝ գլխավոր դատախազության շենքի դիմաց ամեն ուրբաթ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց պարոն Զուրաբյանը:
Հետո շարունակեց, թե Տիգրան Առաքելյանը իրենց կների, եթե թեման ամփոփելով անցնեն քաղաքացիներին հետաքրքրող այլ հարցերի ու նախ խոսեց Վերահսկիչ պալատի` օրեր առաջ հրապարակած բացահայտումներից:
«Բուռն զարգացումներ գրանցվեցին, բոլորը զարմացել են: Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, զարմացել են հանրապետական խմբակցության կարկառուն դեմքերը: Մեկը զարմացած է թալանի պատճառով, մյուսը` այդ զարմանքի վրա, երրորդը զարմացած է, որ այդ թալանի մասին խոսակցություն է գնում: Ինչի՞ վրա եք զարմացել: Իրականում եկեք անաչառ լինենք: 2008-ից սկսած՝ Հայաստանի ՎՊ-ն ամեն տարի ներկայացնում է հաշվետվություն այն մասին` ինչպես է թալանվում պետբյուջեն: 2009-ին, 2010-ին եւ 2011 թվականի հաշվետվություններն ավելի խայտառակ փաստեր են բացահայտել, քան այն, ինչ ներկայացված է 2012 թվականի հաշվետվության մեջ: Իրականում տեղի չի ունեցել արտառոց բան : Հայաստանի պետբյուջեի թալանի մասին ամեն տարի զեկուցվել է ԱԺ-ում: Էդ ի՞նչ տեղի ունեցավ, որ հիմա էդքան զարմացան: Ուղղակի դրա մասին առաջ ԱԺ-ում ոչ ոք չէր խոսում: ՎՊ նախագահը գալիս գլուխը կախ իր հաշվետվությունը կարդում, սեղմում էին կամ չէին սեղմում կոճակները, ի գիտություն ընդունում էին եւ դրանով ավարտվում էր հարցի քննարկումը: Բայց հիմա Հայաստանի ԱԺ-ում հայտնվել է մի անկաշկանդ ընդդիմություն, որը թույլ չի տա, որ որեւէ հարց այդպես արագ անցկացնեն, կոճակները սեղմեն ու անցնեն առաջ»,- ասաց պարոն Զուրաբյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, ՎՊ-ի բացահայտումների մեջ նոր բան չկար, միակ նոր բանն այն էր, որ. «Այդ ռումբը միշտ էլ բերվում էր ԱԺ, բայց այդ ռումբը պայթեցնող չկար: Իսկ մենք այդ ռումբը պայթեցրինք ու սկսեց այդ ամբողջ ղալմաղալը: Իրենք չգիտեն` ինչ անեն, եթե այս փաստերը ճիշտ են, դա նշանակում է, որ պետբյուջեի հիմնական մասն ուղղակի գողացվում է: Էդ մարդիկ տանում, դնում են իրենց գրպանը: Ի՞նչ է հետեւում սրանից, այն է հետեւում, ինչի մասին ստիպված խոսեց ԱԺ նախագահը ու ՀՀԿ պատգամավորներ»:
Մանրամասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ