Անցած նստաշրջանի ողջ ընթացքում ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն անխնա քննադատում էր վարչապետին, նրա վարած տնտեսական քաղաքականությունը եւ կառավարության գործունեությունը: ԱԺ վերջին քառօրյայում, ապա արտահերթ նիստում խորհրդարանում բավականին բուռն քննարկման առիթ դարձավ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը, որը վերաբերում էր հենց վարչապետին եւ նրա գլխավորած կառավարության գործունեությանը: Այդ հաշվետվության բացահայտումներն անգամ իշխող քաղաքական ուժի քննադատությանն արժանացան, մինչդեռ վարչապետի գլխավոր ընդդիմախոս ԲՀԿ-ն ավելի կրավորական կեցվածք ընդունեց:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չհամաձայնեց մեր դիտարկումներին՝ հիշեցնելով ՎՊ-ի հաշվետվությանը վերաբերող իր ելույթը, հարցերը: «Երբեք էլ այնպես չի եղել, որ խմբակցության բոլոր անդամները նախկինում ելույթ են ունեցել: Քանի որ կային տարբեր ասպեկտներ… դրան նախորդեց բյուջեի կատարողականը, կառավարության ծրագրի քննարկումները եւ այլն, դուք կտեսնեք, որ մենք ոլորտային քննարկում ենք անում»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ն ունի գաղափարական եւ ծրագրային տարբերություններ եւ որեւէ մեկը չի հրաժարվում դրանցից:
«Գրավականը մեր քվեարկություններն են: Մեր քվեարկությունները ցույց են տալիս, որ այդ տարբերությունները կան: Այսինքն, մենք մեր քվեարկություններով արտահայտում ենք մեր տեսակետները: Իմ մասով ես կարող եմ ասել, որ ես շատ ակտիվ ելույթներ եմ ունեցել այս քառօրյաներում, հարցեր եմ տվել ՎՊ նախագահին, վարչապետին, մի քանի օրենսդրական նախաձեռնություններ եմ շրջանառության մեջ դրել, որոնք տարբերվում են այսօրվա կառավարության իրականացրած ծրագրերից»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր նախաձեռնությունները վերաբերում են շրջանառության հարկի իջեցման մեխանիզմներին՝ կախված ձեռքբերման փաստաթղթերից, սահմանի վրա ԱԱՀ-ի հետաձգումը սահմանելը, ԱԱՀ-ի երեք տարով հետաձգման շեմի իջեցումը եւ այլն:
«Մենք մեր մոտեցումներն այս կերպ ենք արտահայտում»,- ասաց մեր զրուցակիցը՝ կոնկրետ ՎՊ-ի մասով նկատելով, որ այդ կառույցը եւս ընդհանուր կառավարման համակարգի մաս է եւ պատասխանատվություն է կրում:
Կարդացեք նաև
«Ես հասկանում եմ ձեր մոտեցումները, բայց չի կարող պատահել, որ միշտ նույն տեմպով եւ նույն ուժգնությամբ…չէ որ մենք էլ մեր մոտեցումներն ենք վերաիմաստավորում հիմա, տարբեր բաների, երեւույթների նկատմամբ մեր մոտեցումը ճշգրտում ենք ու կարող են լինել նաեւ կուսակցության ներսում տարբեր մոտեցումներ: Բայց կուսակցությունը ցույց է տալիս իր միակարծիքությունն իր քվեարկություններով: Այնտեղ, որտեղ «ազատ ռեժիմ» է, օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին մենք տարբեր ենք քվեարկել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ