Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբոտ արտադրող տաղավարում վարչապետը հետաքրքրվեց, թե տորթ պատրաստող ռոբոտ չունե՞ն (Տեսանյութ)

Հունիս 21,2013 15:28

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջեց «Արմենա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին:

Vahram Avanesyan DijiteqՎարչապետը մեկ առ մեկ մոտենում էր ընկերություններին` ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծություններին: Ի տարբերություն մյուս երկու նախարարների, որոնք վարչապետին կիպ կպած շրջում էին, էկոնոմիկայի նախարարը «ոտքը կախ» էր գցում ընկերությունների մոտ: Նրան հատկապես հետաքրքրել էր «Symotec LLC» ռոբոտներ արտադրող տաղավարը, որտեղ հանդիպեցինք նաեւ ՍԻՄ կուսակցության հիմնադիր Հրանտ Խաչատրյանին: Տաղավարի պատասխանատուից տեղեկացանք, որ նախկին կուսակցական Խաչատրյանը հիմա ռոբոտներ է նախագծում: Պարոն Ավանեսյանին գրավել էր տորթ կտրող ռոբոտը, որը նախատեսված էր թխվածքը շերտերի բաժանելու համար: Էկոնոմիկայի նախարարը մի քանի րոպե տաղավարը ներկայացնող երեխաներին զարմացած հարցուփորձ էր անում: Վարչապետն էլ այս տաղավարում հետաքրքրվեց` իսկ տորթ պատրաստող ռոբոտ չկա՞:

varchapet naxararnerՏիգրան Սարգսյանին հետաքրքրել էր «Յունիքոմփ» ընկերության տաղավարը, որի ղեկավար Գրիշա Բարսեղյանը բավականին հանգամանալից ներկայացրեց դպրոցականների համար նախատեսված notebook-երը, որոնք ընկնելուց չեն ջարդվում, երեխան կարող է որպես պայուսակ բռնել, թեթեւ են, այսպես ասած` «հայիֆիկացված», բեռնված դպրոցական ծրագրերով:
Վարչապետի կանգառը` «Յունիքոմփ» ընկերության տաղավարի մոտ` տեսանյութում.

Ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ էլեկտրոնային ցուցատախտակների գործում մասնագիտացած «Ազրի» վրացական ընկերությունը, որը ներկայացնում էր մարդու ժամանակը խնայող ապրանք, այսինքն` ցուցանակը հուշում է երթուղիները, եւ թե այս կամ այն համարի հասարակական տրանսպորտը երբ եւ քանի րոպեից է գալու, որ երթուղայինը` ուր է գնում եւ այլն: Այս ցուցատախտակի տեղեկատվությունը կարելի է ստանալ նաեւ հեռախոսից հաղորդագրություն ուղարկելով: Թբիլիսիում արդեն տեղադրված են այս ցուցատախտակները:

Վարչապետը ծանոթացավ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած աշխատանք փնտրողների եւ գործատուների պորտալին: Այն համադրվում է պետական մեկ այլ բազայի հետ եւ եթե աշխատանք փնտրողի տվյալները համընկնում են գործատուի պահանջներին, երկու կողմին էլ էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է գնում, որ տվյալ մարդու համար կա համապատասխան աշխատանք:

Մասնակիցների թվում էր նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որի աշակերտները հանգամանալից ներկայացնում էին, թե իրենց կրթօջախն ինչ ձեռքբերումներ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Կրթահամալիրի միջին դպրոցի սան Լուիզա Ավագյանի խոսքերով, իրենց դպրոցում ամեն ինչ համակարգչով է արվում, տետրերից սկսած մինչեւ գրատախտակ` էլեկտրոնային է: Աշակերտի մեկնաբանությունները` տեսանյութում.

ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀ բուհերը պետք է կարողանան ամենաքիչը տարեկան 1000 մասնագետ մատակարարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Վարչապետը նաեւ ասաց, որ մրցունակ պետություն ունենալու համար պետք է այդ ոլորտում անընդհատ ներդրումներ անել` «ՏՏ ոլորտում ներդրումը հնարավորություն է տվել կրճատել կոռուպցիան»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարեւորեց սինգապուրյան փորձի ցուցադրությունը երեւանյան ցուցահանդեսում. «Սինգապուրում գիտելիքահենք տնտեսություն ունեն, եւ կարեւոր է, որպեսզի Հայաստանը ծանոթանա այդ փորձին: Սինգապուրը Հայաստանի համար լավ օրինակ է»:

varchapetԼուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930