Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկացիները Երեւան կբերեն Ռեջիոյին, լեհերը՝ Զանուսիին

Հունիս 21,2013 15:00

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը համագործակցում է Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների հետ: Այսօր  «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի դեսպանությունների հետ համագործակցության մասին խոսեցին դեսպանությունների ներկայացուցիչները և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Տեղեկացանք, որ ֆրանսիական համագործակցության արդյունքում հնարավոր կլինի Շարլ Ազնավուրի ներկայությունը փառատոնին եւ նրա դերակատարմամբ ֆիլմերի՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընիս դը լա Պատելյիեի «Թոբրուկ գնացող տաքսին» եւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ցուցադրությունը՝ «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում: Ֆրանսիական դեսպանատան հետ համագործակցության  շնորհիվ են մի շարք ֆրանսիացի կինոգործիչներ այցելելու Հայաստան: Նրանց թվում են Սերժ Ավեդիքյանը, Ժան Ռադվանին, Լորանս Պերիգոն եւ ուրիշներ:

Սուսաննա Հարությունյանը նշեց, որ երկարատեւ համագործակցություն ունեն բոլոր նշյալ դեսպանատների հետ:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ ԱՄՆ դեսպանատունը գոհունակությամբ է աջակցում փառատոնին եւ ուրախ է հրավիրել հռչակավոր ռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյին: «Նա երկրորդ անգամ է մասնակցում, 2006-ին արժանացել է Փարաջանովյան թալերի: Ռեջիոն այստեղ նաեւ վարպետության դասեր կանցկացնի: Երկրորդ ներգրավվածությունը փառատոնին հայ-թուրքական կինոհարթակին աջակցումն է, որի շրջանակում տասնմեկ կարճ ֆիլմեր են պատրաստվել հայ-թուրքական հաշտեցման թեմայով: Փառատոնի շրջանակում մի աշխատաժողով կանցկացվի, մյուսն էլ հաջորդ տարի Ստամբուլում կանցկացվի: ԱՄՆ դեսպանատունը ուրախ է իր համեստ ներդրումն ունենալ «Ոսկե ծիրանին»,-նշեց պարոն Հեֆերնը:

Գերմանիայի դեսպանության քարտուղար Կոնստանտին  Ցելենտին ասաց, որ Գերմանիայի դեսպանատան եւ Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հուլիսի 9-ին կկայանա Գերմանական կինոյի օրը, որը կնշանավորվի Մարգարետ Ֆոն Տրոտտայի «Հաննա Անենդտ» ֆիլմի ցուցադրությամբ, իսկ Ֆոն Տրոտտային Փարաջանովյան թալեր կշնորհվի: Նա նաեւ հավելեց, որ թուրքական ծագմամբ գերմանական կինոյի գործիչները մեծ դեր ունեն գերմանական ժամանակակից կինոյում:

Լեհաստանի դեսպանատան առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին «Ոսկե ծիրանը» բնորոշեց որպես Կովկասում ամենամեծ մշակութային իրադարձություն: «Բազմաթիվ լեհական ֆիլմեր ամեն տարի ցուցադրվում են փառատոնին, այս տարին էլ բացառություն չէ: Հուլիսի 8-ին կկայանա Լեհական կինոյի օրը, որի ընթացքում կցուցադրվեն ժամանակակից լեհական ֆիլմեր: Լեհական օրը համատեղ ֆինանսավորվել է Լեհական կինոյի ինստիտուտի կողմից»,-հայտնեց նա:  Սուսաննա Հարությունյանն էլ փաստեց, որ լեհական ֆիլմերն ընդգրկված են նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ի դեպ, հենց լեհական համագործակցության շրջանակներում  փառատոնին կհյուրընկալվի աշխարհահռչակ  կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:

Ֆրանսիայի դեսպանության մշակութային  կցորդ Ֆաբիան Ներան ոգեւորված ասաց. «Այս տարի պատիվ ունենք «Ոսկե ծիրանը» բացել եւ փակել ֆրանսիական ֆիլմերով եւ փառատոնի շրջանակներում հայրենիք «վերադարձնել» Ազնավուրին»:

Հավելենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը այս տարի էլ ձեռնպահ է մնացել փառատոնի հետ համագործակցությունից, եւ «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային  կինոփառատոնի անփոփոխ գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930