shamshyan.com. Այսօր՝ հունիսի 21-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքից Երևան են ժամանել ամուսիններ, 51-ամյա Վլադիմիր Վանեսյանը և 53-ամյա Գայանե Մելքումյանը: Վերջիններս խիստ զայրացած ու անհանգստացած են երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսինները հայտնում էին, որ 2012թ հունվարի 18-ին Բերդ քաղաքի Մաշտոցի 24 շենքի թիվ 5-րդ բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք հափշտակել էին 37 մլն ՀՀ դրամ և 10 մլն դրամի ոսկյա զարդեր:
Նույն օրը կատարվածի մասին ամուսինները հայտարարություն են տալիս ոստիկանության Բերդի բաժին և նույն բաժնի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ: Որոշ ժամանակ անց Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները բացահայտում են հանցագործությունը և ոստիկանություն են բերման ենթարկում ՌԴ Ռոստով քաղաքում հաշվառված, սակայն փաստացի Բերդ քաղաքում բնակվող Կորյուն Ալավերդյանին և Վանաձոր քաղաքի բնակիչ Մասիս Խաչատրյանին:
Ամուսինները պատմում էին, որ խուզարկությամբ Մ. Խաչատրյանի տանը հայտնաբերվում է իրենց ընտանեկան առյուծի գլխով մատանին, որից հետո Մասիսը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, որ գողությունը կատարել է ինքը՝ այս պահին հետախուզման մեջ գտնվող Վահիկ Թովմասյանի հետ, իսկ հանցագործության կազմակերպիչը եղել է Կ. Ալավերդյանը:
Այս ամենից հետո ոստիկանությունը առգրավում է նաև Կ. Ալավերդյանի Brabus մակնիշի ավտոմեքենան, որպեսզի հետագայում դատարանը որպես փոխհատուցում կարողանա օգտագործել՝ տուժած ամուսինների նյութական վնասը վերականգնելու համար:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com կայքում