Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունիս 21,2013 14:50

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ յոթերորդ

ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած ազգ մեզ պես տեղային ու տեղական հայրենասիրության հակումներ ունի, եւ ցանկացած մարդ ուզում է, որ կոնկրետ իր հողի ու ջրի ներկայացուցիչն առավել լինի մյուսներից, եւ եթե վրացին իր Գալակտիոնին Չարենցից ու Տերյանից բարձր է դասում, դա միանգամայն հասկանալի եւ նույնիսկ բնական էլ է, եւ նմանապես հասկանալի ու բնական է, որ գյումրեցի Օրթախ Աբոն գյումրեցի  Իսահակյանին միանշանակ գերադասում է մեր մյուս պոետներից, եւ եթե ծագումով սեւանցի Հարությունյան Հայկունն իր քսանբալանոց սիստեմում պոետներից միայն Նարեկացուն է քսանի արժանացնում, էդ էլ երեւի նրանից է, որ Սեւանի ավազանն ընդհանրապես մեծ բանաստեղծ ու գրող չի տվել, եւ սեւանցի Հարությունյան Հայկունն ստիպված ու ճարահատյալ  օբյեկտիվորեն  է վերաբերվում  արվեստի ու գրականության հարցերին, բայց Հայկունու քսանբալանոց համակարգին դեռ կհասցնենք առավել մանրակրկիտ անդրադառնալ, եւ էս թռուցիկ անդրադարձիս պատճառն էն է, որպեսզի ձեզ եւս   համոզեմ, որ նույնիսկ պոեզիայի, գրականության եւ արվեստի հարցերում են մարդիկ հայրենակցական ու տեղական հայրենասիրության հակվածություն հանդես բերում, ու էդ երեւույթը  հատկապես սպորտի եւ առանձնապես ֆուտբոլի ասպարեզում է ի հայտ գալիս, եւ հենց որ քո հողուջրի թիմն է իսկական ու գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրում, անմիջապես մոռանում ես «Ռեալին», «Միլանին» եւ նույնիսկ «Բարսելոնային», եւ, ընդհակառակը, հենց որ քո  հայրենի ու մայրենի թիմը դադարում է իսկական ու գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել, վերստին վերադառնում ես «Ռեալին», «Բարսելոնային» կամ, ասենք, «Միլանին», եւ հիմա հենց էդ պահն է, եւ հայ ֆուտբոլասերն իր ֆուտբոլային եռանդն ու կիրքը վերստին վատնում է միանգամայն օտար թիմերի վրա, եւ համոզված եմ, որ իգդիրցի դիրիժոր ու «Միլանի» ֆանատ Թոփչյան Էդիկն էլ է վերստին իր «Միլանին» վերադարձել, որովհետեւ Դուբլինի ու Իռլանդիայի էդ չարաբաստիկ խաղից ու պարտությունից հետո մեր հավաքականը պարապուրդի մեջ է հայտնվել, ու մեկ էլ եկող տարվա աշնանն են աշխարհի առաջնության նախընտրական խաղերի առիթով իրար գլխի հավաքվելու, ու պարապուրդի էս ընթացքում յուրաքանչյուրս  ազատորեն որեւէ օտար թիմի հետ է ֆուտբոլային իր հույսերը կապելու, եւ իգդիրցի դիրիժոր Թոփչյան Էդիկն էլ՝  վերստին «Միլանի» հետ, եւ չնայած իրար ընդամենը Տերյանի «Եվրոֆուտբոլի» էդ տարածքից գիտենք, ինձ ազատորեն իրավունք եմ տալիս իրեն Էդիկ ասել, որովհետեւ իր հոր, իր հորեղբոր ու իր ավագ եղբոր մտերիմ կոլեգան եմ, եւ, դրանից էլ բացի, իր հոր՝ Ստեփանի հետ տարիներ շարունակ աշխատել եմ երբեմնի «Սովետական գրող»  հրատարակչությունում, ու էդ շենքի առաջին հարկում հենց էս պահին «Եվրոֆուտբոլի» նշածս  բաժանմունքն է, որին էս վեպիս մեջ բազմիցս եմ անդրադարձել եւ, ըստ ամենայնի, էլի եմ անդրադառնալու, իսկ ինչ վերաբերում է իգդիրցի ճանաչված դիրիժոր Թոփչյան Էդիկին, իրեն էսպես մեծավարի  Էդիկ եմ ասում, որովհետեւ էն թվերին, երբ իր  եղբոր՝ Արամի գիրքն էի խմբագրում, ինքը դպրոցական երեխա էր, եւ երբ Կասկադի մոտի իրենց  բնակարանի հյուրասենյակում Արամի  գրքի հետ կապված որոշ հարցեր էինք Արամի հետ քննարկում, ինքը հյուրասենյակի ամենահեռավոր անկյունում իր դասերն էր սովորում, եւ, իհարկե, ես երբեւէ իրեն չեմ ասել, որ իրեն դպրոցական էդ տարիքում տեսել եմ, ու  նաեւ մեր տարիքային էական տարբերությունն է պատճառը, որ իրեն էսպես ազատորեն Էդիկ եմ ասում, ու ճիշտ էս կերպ Օսան տատս արդեն ճերմակահեր ու տարիքն առած Էդվարդ Իսաբեկյանին էր Էդիկ  ասում, որովհետեւ անցյալ դարի տասնութ թվականին, երբ երկրորդ անգամ Իգդիրից գաղթել էին, տատս տասնութ տարեկան հասուն աղջիկ էր եղել, իսկ Իսաբեկյանը՝ ընդամենը չորս տարեկան երեխա, եւ գեղանկարիչ Էդվարդ Իսաբեկյանն Օսան տատիս համար մշտապես չորս տարեկան էր, ու էդ էր  պատճառը, որ տատս մինչեւ իր կյանքի վերջն Իսաբեկյանին Էդիկ էր ասում, ու հիմա ճիշտ նույն կերպ ինքս եմ իգդիրցի հանրահայտ դիրիժոր Էդուարդ Թոփչյանին Էդիկ ասում, որովհետեւ  հենց իրեն հեռուստացույցով  տեսնում եմ, անմիջապես աչքիս առաջ է գալիս էն ինքնամփոփ դպրոցականը, որն իրենց հյուրասենյակի հեռավոր անկյունում  դասերն էր սովորում, եւ քանի որ Էդիկի ու ֆուտբոլի առումով առանձնապես ավելացնելու բան չունեմ, հիմա արդեն ազատորեն ու միանգամայն հանգիստ խղճով կարող եմ վերադառնալ անցյալ դարի յոթանասունութ թվական ու «Ծիծեռնակ», բայց նախքան «Ծիծեռնակ» հասնելս պարտավոր եմ ավարտել կիսատ թողած  պատմություններս, այն է՝ Ջանիբեկյան Կարենի էս հերթական ու ամենավերջին ամուսնության պատմությունը, ավելի ճիշտ՝ էդ պատմության ավարտը, իսկ ավելի ստույգ՝ իր էս հերթական ու ամենավերջին ամուսնության պատմության հարաբերական  ավարտը, որովհետեւ չնայած որոշ մարդիկ տարածում են թե՝ Կարենն էդ ամենավերջինից էլ է բաժանվել, ես առավել ճշգրիտ աղբյուրներից  հաճելիորեն ճշտել եմ, որ Կարենն իր ամենավերջինի հետ  շարունակում է ապրել ու երջանկանալ՝ ի հեճուկս չուզողների, եւ, եթե հիշում եք, ես սկսել ու դեռեւս չեմ ավարտել Հարությունյան Հայկունու քսանբալանոց համակարգի հետ կապված իմ դիտարկումները, եւ նույնիսկ վերջնականապես չեմ որոշել՝ հետայսու իր անունը Հայկունի՞ պիտի գրեմ, թե պարզապես Հայկուն՝ ինչպես մտերիմներն են իրեն անվանում, եւ քանի որ վերջնական որոշում չեմ կայացրել, իր անվան երկու ձեւն էլ  հավասարապես օգտագործել ու օգտագործելու եմ, եւ նմանապես Ջոնի ու Սեմերջյան Մանուկի պատմությունն եմ անխղճորեն կիսատ թողել, ինչպես նաեւ՝ Ջավախյանի ստացած ադրբեջանական մրցանակի ու Ջավախյանի դեռեւս չստացած Նոբելյան մրցանակի պատմությունը, բայց ինչքան ու ոնց էլ գրեմ, Հայկունու քսանբալանոց համակարգի, Ջոնի ու Սեմերջյան Մանուկի, ինչպես նաեւ Ջավախյանի Նոբելյանի հետ կապված պատմությունները կիսատ են մնալու, որովհետեւ դրանք էս վեպիս պես անսպառ ու անվերջ են. օրինակ, Հայկունու քսանբալանոց համակարգը մանավանդ վերջերս եւ մանավանդ գիտության ու արվեստի գործիչների շրջանում գնալով ավելի հայտնի է դառնում, որովհետեւ բնիկ սեւանցի լինելով՝ գիտության ու արվեստի ներկայացուցիչների հանդեպ մշտապես օբյեկտիվություն է հանդես բերում՝ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելով քսանբալանոց իր համակարգի հանդեպ, եւ եթե նախկինում միայն Հայկունուն էր հայտնի, որ էդ համակարգի ամենավերին  աստիճանները զբաղեցնում են գիտության ու արվեստի էն ներկայացուցիչները՝ ովքեր ոչ թե գիտակցությամբ են առաջնորդվել եւ ուղղորդվել, այլ՝ ենթագիտակցությամբ, հիմա արդեն շատերս ենք էդ պարզ ու հասարակ բանն իմանում ու հասկանում, եւ Հարությունյան Հայկունու էդ, ուրեմն, քսանբալանոց համակարգն ամեն ինչից եւ նույնիսկ Հայկունուց էնքան անկախ իրողություն ու գոյություն է, որ շատ հաճախ նույնիսկ Հայկունուն է ստիպում վերանայել իր նախկին տեսակետներն ու գնահատականները, եւ եթե նախկինում Հոմերոսը, Դանթեն ու Սերվանտեսն էլ էին Նարեկացու հետ միասին Հայկունու քսան բալին արժանանում՝ առաջին չորս տեղերն իրար մեջ հավասարապես բաժանելով, վերջերս արդեն առաջին երեքն ստիպված են իրենց իրական հասանելիք տասնիննուկես բալերով սահմանափակվել ու բավարարվել՝ գրականության բնագավառի բաժին միակ քսանը զիջելով միանձնյա առաջատար Գրիգոր Նարեկացուն, եւ Հարությունյան Հայկունը ժամանակ առ ժամանակ ինքն էլ է խոստովանում, որ շատ դեպքերում իր գնահատականները չեն համապատասխանում հասարակության գնահատականներին ու ճաշակին եւ շատ հաճախ նույնիսկ հակադարձ համեմատական են դրանց, եւ Հարությունյան Հայկունը դա միանգամայն բնական ու տրամաբանական է համարում ու դրանից ամենեւին չի նեղվում եւ մշտապես ասում ու կրկնում է, որ իր առաքելությունը հասարակ ժողովրդի  ճաշակն ու մակարդակը բարձրացնելն է, այլ ոչ թե՝ իջնելն ու հասարակ ժողովրդի մակարդակին հավասարվելը, եւ հասարակ ժողովուրդ ասելով՝ Հայկունը ոչ թե տվյալ մարդու կրթական կամ սոցիալական մակարդակը նկատի ունի, այլ՝ տվյալ մարդու էրուդիցիան, եւ հասարակ ժողովուրդ ասելով՝ Հայկունն առաջին հերթին նկատի ունի էն մարդկանց՝ ովքեր ստեղծագործողի գիտակցությունն են կարեւորում, այլ ոչ թե՝ ենթագիտակցությունը, եւ ենթագիտակցության առումով  Հայկունու հետ ամենից ավելի Սադոյան Արշակն էր համաձայնվում, եւ ենթագիտակցության առումով Հայկունուն ամենից ավելի Օրթախ Աբոն էր հակաճառում, եւ երբ Արշակը ենթագիտակցության առումով Հայկունու հետ համաձայնվում էր, Օրթախն արհամարհական նայում էր Արշակին ու ասում էր՝ «պարզ ա, որ կհամաձայնվես» եւ մի քիչ մտածում ու քամահրանքով ավելացնում էր՝ «որովհետեւ դու էլ քաղաքականության մեջ ես ենթագիտակցությամբ առաջնորդվում» եւ մի քիչ էլ մտածում ու վրդովված ավելացնում էր՝ «Արշակի  ու Հայկունի կարծիքով՝ ենթագիտակցությունը գիտակցությունից բարձր բան ա», եւ բավական ժամանակ Ազգային ժողովից դուրս մնացած Սադոյան Արշակն Օրթախ Աբոյի ասածին արձագանքելով ասում էր՝ «որոշ դեպքերում ենթագիտակցությունն իսկապես բարձր ա», եւ  Օրթախն Արշակին արհամարհական հարցնում էր՝ «դու էս տասնհինգ տարի որ մազութից խոսում ես, գիտակցաբար ե՞ս խոսում, թե՝ ենթագիտակցաբար»,  եւ Արշակը բավական երկար մտածում ու միանգամայն լուրջ պատասխանում էր՝ «համ գիտակցաբար, համ էլ՝ ենթագիտակցաբար»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել