Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իյա, չափդ անցկացնում ես». Ռոբերտ Նազարյանը՝ նիստի մասնակիցներից մեկին (Տեսանյութ)

Հունիս 21,2013 14:37

«Իմ աչքի դեմը մոյկաներ են բացում, մտնում եմ, հարցնում եմ` ջրաչափ ունե՞ք, ասում են` այ ախպեր ջան, ի՞նչ ջրաչափ»,-հ/կ ներկայացուցիչը առաջարկում է բռնել ապօրինի ջրօգտագործողներին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց բնակչությանը մատակարարվող խմելու ջրի սակագինը. 174, 059 դրամ/խմ-ի փոխարեն հուլիսի 21-ից սպառողը կվճարի 170,256 դրամ: Նշենք, ըստ պայմանագրի նախատեսված է սակագնի  աստիճանական իջեցում եւ որ յուրաքանչյուր տարի հաշվարկվում է խմելու ջրի սակագինը հաշվի առնելով մի քանի գործոններ` տարադրամի փոխարժեքը,  ջրամատակարարման ծավալները, սղաճը եւ էլեկտրաէներգիայի արժեքը: Այս գործոնները հաշվարկելով հանձնաժողովը ջրի սակագնի նախնական 8 դրամի փոխարեն, գինն իջեցրեց 4 դրամով:

Այսօր հանձնաժողովի նիստին ներկա էին նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սպառողների աջակցման կենտրոնի նախագահ Աշոտ Միրզոյանը հարց բարձրացրեց ապօրինի ջրօգտագործման մասին, որ ասենք` ավտոլվացման կետերը առանց ջրաչափի են աշխատում, կամ ինչպես պարոն Միրզոյանն ասաց` խալի լվանալու ու բուրդ չփխելու համար «լեւի» գծով են ջուր ստանում:  Ընդ որում, պարոն Միրզոյանը նաեւ նշեց կոնկրետ հասցե, որտեղ ավտոլվացման կետ կա, եւ ինքը նաեւ պարզել է, որ ջրաչափ չեն օգտագործում. «Իմ աչքի դեմը մոյկաներ են բացում, մտնում եմ, հարցնում եմ` ջրաչափ ունե՞ք, ասում են` այ ախպեր ջան, ի՞նչ ջրաչափ»: Աշոտ Միրզոյանն առաջարկեց հանձնաժողով ստեղծել ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ, ու բացահայտել այդ ապօրինի ջրօգտագործողներին:

«Երեւան-ջուր» ընկերության պայմանագրի կառավարման եւ իրավաբանական տնօրեն Արտակ Մալխասյան էլ վստահեցրեց, որ ամիսներ առաջ այս նույն հարցը պարոն Միրզոյանը բարձրացրել է, սակայն մինչ օրս մանրամասն տեղեկություններ չի տրամադրել:

Նիստին ներկա «Հասարակական պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգորյանի հայտարարությունն էլ պարզապես զայրացրեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Հ/Կ-ի տնօրենի խոսքերով` «Մենք հարց ենք բարձրացրել, դուք ասում եք` սակագնի հետ կապ չունի, անմիջական կապ ունի, եթե ընկերությունները համակարգի վերաբերյալ չունեն պատկերացում, դա նշանակում է, որ էդ համակարգը չի շահագործվում, էդ դեպքում սակագին սահմանում եք, որ ի՞նչ անեք»: Հանձնաժողովի նախագահն էլ արձագանքելով այս հայտարարությանն ասաց. «Ես հարգում եմ ձեր խոսքը, չեմ մեկնաբանում»:

«Անցեք առաջ»,-ասաց հ/կ-ի ներկայացուցիչը: Պարոն Նազարյանն էլ զայրացած արձագանքեց` «Իյա, արդեն չափդ անցկացնում ես, Դուք կոռեկտ չեք պահում, եւ մի ուղղորդեք, թե ես ինչպես աշխատեմ»: «Բայց ես  ինչ ասացի»,-պատասխանեց պարոն Գրիգորյանը:

Մանրամասները` տեսանյութում

«Երեւան-ջուր» ընկերության իրավաբանական տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրի սակագնի իջեցումն ի շահ ընկերության է:

Aravot.am-ի հարցին, թե ապօրինի ջրօգտագործողների շրջանում արդյոք հայտնաբերվել են, ասենք, օլիգարխներ կամ այնպիսի անձինք, որոնք, իրենց ջրավազանների ջուրն օգտագործում են, ինչպես որոշ լրատվամիջոցներում է գրվել` առանց ջրաչափի, «Երեւան-ջրի» իրավաբանական տնօրեն Արտակ Մալխասյանն ասաց, որ ամեն օր էլ ստուգումներ են անում, շուրջ 3000 ապօրինի ջրօգտագործող են հայտնաբերել. «Չեմ կարող ասել, դրանց մեջ օլիգարխներ կա՞ն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930