Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ԱՄՆ-ի պետդեպի զեկույցում թրաֆիքինգի առումով 180 երկրների շարքում հայտնվել է 30-ի մեջ ու առաջին խմբում

Հունիս 21,2013 14:07

Այսօր «Հայելի» ակումբում Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետդեպի զեկույցից խոսեցին ՀՀ թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, «Մարդը կարիքի մեջ» (People in need) հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի եւ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արզուման Հարությունյանը եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Կաժոյանի փոխանցմամբ` ՀՀ-ն թրաֆիքինգի բնագավառում համագործակցում է տարբեր կառույցների հետ, օրինակ՝ Միացյալ Նահանգների պետդեպի զեկույցը կրում է ամենամյա բնույթ. «Հայաստանը այստեղ առաջին անգամ զետեղվել է առաջին խմբում, ինչը նշանակում է, որ երկիրը կարեւորում է թրաֆիքինգի դեմ պայքարը, կառավարությունը ուշադրություն է դարձնում եւ այլն, այսինքն՝ այն ամբողջ փաթեթը, ինչը պահանջվում է երկրից, գտնվում է լավ վիճակում: Զեկույցը պատրաստված է պրոֆեսիոնալ ձեւով, Միացյալ Նահանգների գնահատականը` Հայաստանին զետեղել առաջին խմբում `լավագույն գնահատականն է, այս խմբում մոտ 30 երկրներ են ներգրավվել, իսկ ընդհանուր առմամբ անդրադարձ է եղել շուրջ 180 երկրների»,-նշեց Կաժոյանը, հավելելով, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն առաջին խմբում է:

Պետրոսյանի փոխանցմամբ էլ` Ռուսաստանը, Վրաստանը վտանգի առաջ են կանգնած, մինչդեռ Հայաստանը առաջին խմբում է: «Հաճելի է, երբ աշխատանքը գնահատվում է, եւ կրկնակի հաճելի է, որ գնահատականը տրվում է օտար պետության կողմից, բայց դեռ աշխատանքներ ունենք անելու»,- նշեց նա, ավելացնելով, որ, օրինակ, մշակման փուլում է զոհերի մշակման ուղղորդման կարգը: Պետրոսյանը տեղեկացրեց, որ զեկույցը հրապարակվել է հունիսի 19-ին, իսկ վիճակագրական տվյալները տեղադրված են ոստիկանության կայքում:

Կաժոյանն էլ հավելեց, որ թրաֆիքինգը թաքնված հանցագործություն է եւ բնական է, որ կլինեն այդպիսի դեպքեր, մենք խոսում ենք կոնկրետ փաստերի մասին. «Այն, որ իրականում դրանց թիվն ավելի մեծ է` դա ոչ մեկը չի բացառում, բայց մենք ամեն ինչ անում ենք հանցագործներին գտնելու համար: Ի դեպ, Հայաստանը միակ երկիրն է, որ երեխաների մուրացկանությունը եւս համարում է թրաֆիքինգ, մինչդեռ երկրներ կան, որ այդ կարծիքին չեն»:

Հարությունյանն էլ նշեց, որ անցյալ տարի էլեկտրոնային կայքերում հարյուրից ավելի հոդվածներ են եղել, որոնք ներկայացրել են տվյալներ, ինչն իրականում ենթադրությունների մակարդակով է եղել, եւ տասն անգամ ավելի են ներկայացվել թվերը. «Տարածաշրջանում միակ երկիրն ենք, որը այս թեմայով հոդվածների, տեսանյութերի, ռադիոնյութերի մրցույթ է կազմակերպում: Սա մեզ հնարավորություն է տալիս պահպանելու այն, ինչ նվաճել ենք, հետեւաբար խորհուրդ եմ տալիս ակտիվ լինել եւ մասնակցել այս մրցանակաբաշխությանը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930