ՀՖՀ-ի շրջանավարտների մոտ 80 տոկոսն աշխատանք ունի
Այսօր` հունիսի 21-ին, «Ռոյալ Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Շրջանավարտների տեղեկատու»-ի շնորհանդեսը: Ինչպես ՀՖՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժան-Ժակ Մոնտուան ասաց, այն ներկայացնում է համալսարանի շրջանավարտների աշխատանքի տեղավորման աստիճանը եւ զբաղվածության ոլորտները: Նրա խոսքով, նման տեղեկատու կազմելն ընդունված է արտասահմանյան լավագույն բուհերում, եւ այդ օրինակին հետեւել են նաեւ իրենք:
Շնորհանդեսին ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ով իր շնորհավորական ուղերձը հղեց. «Իսկապես շատ կարեւոր է, որ այս շրջանավարտներն արդեն ճանաչված են: Սա ցույց է տալիս, որ բուհը կարողացել է կապ պաշտպանել նրանց հետ եւ աշխատել միասին: Ցանկանում եմ ողջունել նաեւ համալսարանին` այսպիսի շրջանավարտներ պատրաստելու համար: Համալսարանը շուտով նաեւ պայմանագիր կկնքի Եվրամիության հետ եւ կստեղծվի առեւտրային ոլորտ: Հուսանք` այս շրջանավարտները կկարողանան իրենց դերն ունենալ Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցության մեջ»:
Նշենք, որ տեղեկատուն ներկայացնում է գրեթե բոլոր շրջանավարտներին, ներկայացված են նրանց անունները, զբաղեցրած պաշտոնները եւ լուսանկարները:
Իր շնորհավորական խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Ուրախալի է, որ համալսարանի շուրջ 80 տոկոսը գտել է իր աշխատանքը, միայն 6 տոկոսն է, որ արտասահմանում է իր գործունեությունը ծավալում: Ես համոզված եմ, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեր երկրի լավագույն բուհերից մեկն է, որն ուսուցումն իրականացնում է նոր տեխնոլոգիաներով»:
ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի նախագահ Ալեքսի Գովսիսյանն էլ նախ իր շնորհակալական խոսքն ուղղեց Անրի Ռենոյին, Արթուր Բաղդասարյանին եւ Ժան-Ժակ Մոնտուային, այնուհետեւ հայտնեց, որ իրենք միշտ պատրաստ են աջակցել համալսարանին: «Ամեն անգամ մոտ 30 ուսանողի ենք օգնում` նպաստելով նաեւ ազգի զարգացմանը: Մեզ համար շատ կարեւոր է ուղեկցել այն անձանց, որոնք ի վիճակի չեն այս կամ այն պատճառներով բարձրագույն կրթություն ստանալ, մասնավորապես սոցիալական»,- ասաց Ալեքսի Գովսիսյանը:
Այնուհետեւ իրենց շնորհավորական խոսքերն արտահայտեցին նաեւ Ժան-Մուլեն, Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, որից հետո շուրջ 22 շրջանավարտի հանձնեցին գովասանագրեր:
Հիշեցնենք, որ ՀՖՀ-ն գործում է 2000 թվականից:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ