Սխալը գալիս է դեռ նախորդ իշխանություններից
Ռուսական գազը, որն Ուկրաինա է մատակարարում RWE գերմանական ընկերությունը, 100 դոլարով ավելի էժան է, քան «Գազպրոմի» մատակարարած գազը. նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ֆրանսիական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ազարովի խոսքերով՝ միջնորդների երկար շղթան, տրամաբանությանը հակառակ, միայն էժանացնում է ռուսական գազը՝ համեմատած Ռուսաստանից ուղիղ մատակարարումների հետ: «Մենք այժմ գազ ենք գնում RWE-ից, այն անցնում է Լեհաստանի, Սլովակիայի եւ Հունգարիայի միջով: Այդ գազը մենք ավելի էժան ենք գնում, քան ռուսականը, որը գնում ենք Ռուսաստանի հետ սահմանի վրա, RWE-ն մեզ վաճառում է նույն գազը, որն այդ ընկերությունը գնում է Ռուսաստանից: Գազը, անցնելով գազամուղների երկար շղթայով, վերադառնում է մեզ մոտ՝ դառնալով 100 դոլարով ավելի էժան»,- նշել է Ազարովը:
Այս տեղեկատվությունն ուշագրավ է հայաստանյան «գազային» թոհուբուհի ֆոնին: Նախօրեին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հաստատեց, որ «Գազպրոմ»-ի հետ բանակցում են բաժնետոմսերը զիջելու շուրջ տեղեկությունները: Հայաստանի կառավարությունը մինչեւ ամսվա վերջ կավարտի բանակցությունները ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ, որի ընթացքում, ինչպես հայտնի դարձավ, չնայած գազի սակագների բարձրացմանը՝ քննարկվում է նաեւ «ՀայՌուսգազարդում» Հայաստանի Հանրապետությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» զիջելու հնարավորությունը:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչի դիմաց է Հայաստանի կառավարությունը զիջում 20 տոկոս բաժնեմասը՝ Արմեն Մովսիսյանը հրաժարվել է մանրամասնել՝ նշելով, թե դա կխանգարի բանակցություններին: «Սեղանին կա դրված նաեւ բաժնետոմսերը «Գազպրոմ» ընկերությանը հանձնելը, իհարկե, համարժեք որեւիցե ճիշտ լուծում կգտնենք իրենցից ստանալու»,- ասել է Մովիսիսյանը՝ չհերքելով, որ այլընտրանքներ եւս քննարկվում են:
Քաղաքացիների համար մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն հուլիսի 7-ից կարժենա 156 դրամ: Գազի գնի բարձրացման պատճառով 8 դրամով կթանկանա նաեւ 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիան: Ժամանակին Հայաստանի մասնաբաժինն այս ընկերությունում 45 տոկոս էր, սակայն հայրենի իշխանությունները այն հանձնեցին ռուսական կողմին։ Այժմ էլ քննարկվում է վերջին 20 տոկոսը եւս ընկերությանը փոխանցելու հնարավորությունը։ Այսինքն՝ եթե դա իրականություն դառնա, «ՀայՌուսգազարդը» այլեւս չի լինի հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն, այն կդառնա ռուսական ընկերություն, որն էլ կտնօրինի Հայաստանի գազամատակարարման ցանցը։
Ի՞նչ է սպասվում մեր հասարակությանը բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը «Գազպրոմին» զիջելու դեպքում: Օրինակ՝ ռուսական կողմը չի՞ պատրաստվում ամեն տարի բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ պայմանավորված նրանով, թե Հայաստանի իշխանությունները արդարացնո՞ւմ են Մոսկվայի ինչ-ինչ սպասելիքները տարբեր ոչ տնտեսական հարցերում, թե՞ ոչ… Էներգետիկայի նախարարն այս առիթով նկատել է. «Խնդիրը այնպես չի դրված, որ մյուս տարի ինչ ուզեն, այնպես անեն: Բանակցությունները հենց նրա համար են գնում, որպեսզի ոչ թե ինչ ուզեն, անեն, այլ որպեսզի երկարատեւ ժամանակաշրջանի համար ավելի ապահովված գազամատակարարում ունենանք»:
Իշխանությունները նաեւ լռում են այն հարցի շուրջ, թե «Գազպրոմին» հարյուր տոկոսանոց կառավարման հնարավորություն տալու միտքը Հայաստանի իշխանությունների՞, թե՞ ռուսական կողմի մոտ է ծագել: Սակայն մեկ հարցի շուրջ էներգետիկայի նախարարը, այնուամենայնիվ, հստակություն է մտցրել՝ կոնկրետ գազամատակարարման հարցում Եվրասիական միությանն անդամակցելու պարտադրանք Հայաստանի վրա չկա: Կարծես, եթե լիներ այդ պարտադրանքը՝ պետք է խոստովանեին:
Ասել, թե այդ 20 տոկոս բաժնեմասով հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններում կարող էր շրջադարձային որոշումներ կորզել ի շահ մեր հասարակության, իհարկե՝ միամտություն կլիներ: Բոլորի համար էլ պարզ է, որ սխալը գալիս է դեռ Հայաստանի նախորդ իշխանություններից: Եթե որեւէ ոլորտում այլընտրանք չկա՝ պետք է պատրաստ լինել ցանկացած անակնկալի: Եվ եթե նույնիսկ մենաշնորհային դիրք ունեցող ռուսական կողմը որոշի ավելի էժան սակագնով գազ վաճառել, դարձյալ հարց է առաջանալու՝ իսկ ինչի՞ դիմաց է էժանանում գազի սակագինը…
Հետեւաբար Հայաստանի գազամատակարարման ցանցն ամբողջությամբ ռուսական ընկերությանը հանձնելը լուրջ ռիսկեր է պարունակում բոլոր առումներով՝ անկախ այն բանից, թե գազի սակագինը ռուսական կողմը կբարձրացնի՞, թե՞ կնվազեցնի: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի ռազմավարական կարեւորագույն օբյեկտները, այդ թվում՝ գրեթե ողջ էներգետիկ համակարգը տրվեց Ռուսաստանին: Ավելին՝ այդ իշխանությունները այնքան «խելոք» գտնվեցին, որ անգամ Իրան-Հայաստան՝ առանց այդ էլ փոքր տրամագծի գազամուղը հանձնեցին Ռուսաստանին՝ բացառելով ռուսական մենաշնորհային դիրքի թուլացման հնարավորությունը:
Սակայն անկախ ամեն ինչից՝ այս ամբողջ գործընթացներում պետք է նաեւ նկատել քաղաքական միտումը՝ հայաստանյան երեք ընտրությունների փուլի ամփոփումից հետո ռուսական կողմը ավելի բաց է խաղում: Եվ քանի դեռ լծակները կան ու այն էլ այնպիսի ոլորտներում, որտեղ ռուսական կողմը մենաշնորհային դիրքում է՝ դիմակայելը ավելի բարդ է լինելու:
Բայց, ինչպես ասում են՝ դրա մասին պետք էր ժամանակին մտածել:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Երկրորդ նախագահը, ինչպես և երրորդը, որոնց անունները զզվելի է տալ, երկիրը օգտագործեցին
միայն և միայն իրենց անձնական թալանի շահերին, պոչերը դնելով Պուտինի և այլոց ոտքի տակ:
Մի՞ թե՛ իրավիճակը կարող էր այսպես ընդանալ, եթե նրանք իրենց էությամբ լինեին ճիշտ հակառակը:
Մարդիք, որոնք անցնում են իշխանության գլուխ,
չատ արագ հասկանում են, որովհետև նրանց դա հասկացնում են
որ իրենք ոչնչություն են. դրա համար ել մեր գործերն եսպես են:
Դիմում ՀՀ կառավարությանը:
Իրանի գազատարի թողունակությունը ըստ կառավարության հայտարարության կարող է հասնել մինչև 3 միլիոն խորանարդ մետրի բայց անցյալ տարի ընդամենը 1,5միլիոն խորանարդ մետր է օգտագործվել էլէկտրոէներգիայի հետ փոխանակելով:
Խնդրում եմ կառավարությանը այս տարի Ռուսգազարդից կաշառք չվերցնել Ռուսական թանկ գազը ներկրելու համար
և փոխարենը թող գեթ այս մեկ անգամ ժողովրդին լավություն անեն ու 1,5 միլիոն խորանարդ մետրը «մենք ընդամենը օգտագործում ենք 2 միլիոն խմ» ներմուծեն Իրանից՝ Իրանի դեսպանը հայտարարել է որ Իրանական գազը անհամեմատ էժան է Ռուսականից: