Չնայած դրան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանին դուր է գալիս պատգամավոր լինելը
Երեկ արտահերթ նիստի վերջին օրը խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության առաջարկների փաթեթը: Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45 հազար դրամ՝ գործող 35 հազարի փոխարեն: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ելույթում տեղեկացրեց, որ այս փոփոխությունը տարածվելու է շուրջ 160 հազար աշխատողների վրա, որոնց աշխատավարձերը 35-45 հազար դրամի միջակայքում են: Նրանցից 90 հազարը ոչ պետական հատվածի աշխատողներ են, 70 հազարը՝ պետական: Այս անձանցից շուրջ 60 հազարը ստանում է 35 հազար դրամ աշխատավարձ: Խորհրդարանի հաստատած փոփոխության արդյունքում ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվի 3,7 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամը՝ պետական հատվածի աշխատողների, 1,2 մլրդ դրամը՝ համայնքային աշխատողների համար, ինչը կփոխհատուցվի պետբյուջեից: 2014 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն նաեւ պետական կառավարման համակարգի բոլոր աշխատողների աշխատավարձերը, ինչը ենթադրելու է շուրջ 50 մլրդ դրամի լրացուցիչ ծախս:
Նվազագույն աշխատավարձի բարձրացման առիթով «Առավոտը» մի քանի հարցեր ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Արթուր Գեւորգյանին: Վերջինս, ի դեպ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան Է:
– Ձեզ, որպես ՀՀ քաղաքացի, 45 հազար դրամ նվազագույն աշխատավարձը քանի՞ օր կբավականացնի՝ ապրելու համար:
Կարդացեք նաև
– Հարցը ձեւակերպենք ուրիշ ձեւ. ավելի լավ է՝ ավելացնենք 10 հազարո՞վ, թե՞ ընդհանրապես չավելացնենք: Ավելացնողը ես չեմ, ավելացնողը ՀՀ կառավարությունն է, որն այսօր ծրագիր է բերել ներկայացնում, որ այսօր հնարավոր է ավելացնել 10 հազարով: Իհարկե, ես կողմ եմ, որ ավելացնենք: Հարցի մյուս կողմն է՝ դա բավարա՞ր է, թե՞ բավարար չէ: Իհարկե, բավարար չէ: Իհարկե, սա դեռ սկիզբն է, եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որ հետագայում կարողանանք էդ նվազագույն զանգվածը հասցնել այն չափանիշին, որ մարդիկ կարողանան իրենց ամբողջ ամիսը գոնե ապրեն:
– Ձեր հաշվարկներով կամ պատկերացումներով՝ ո՞րն է գումարի այն նվազագույն չափը, որը կբավարարի ՀՀ քաղաքացուն հոգալ իր նվազագույն կարիքները: Շքեղություններին մի անդրադարձեք, դրանք մի կողմ թողնենք:
– Հաշվարկ անողը ես չեմ: Ես հաշվարկներ չեմ անում: Էդ հաշվարկը կա: Ու էդ 10 հազարով ավելացնելը, եթե տան մեջ աշխատում են մեկ-երկու-երեք հոգի, արդեն հնարավոր է, որ մարդիկ իրար օգնելով…
– Բայց նվազագույն աշխատավարձն է ավելացել, որը ոչ բոլորին է վերաբերվում, հստակ խմբերի:
– Ավելի ցածր էր, չէ՞, շեմը: Հիմա ինչի՞ մասին է խոսքը, երբ որ մարդիկ բարձրացնում են շեմը, ու մենք բոյկոտում ենք բարձրացնե՞լը:
– Դուք, իբրեւ ՀՀ քաղաքացի, ունե՞ք սեփական հաշվարկն ու պատկերացումները, ասենք, չորս հոգանոց ընտանիքին որքա՞ն գումար է պետք մեկ ամիս Հայաստանում կյանքի նվազագույն կենսամակարդակ ապահովելու համար:
– Ես այդ հաշվարկը չունեմ:
– Իսկ Ձեր ընտանիքին որքա՞ն գումար է հարկավոր…
– Ես մինիմալ շեմով չեմ ապրում, փառք Տիրոջ: Ժամանակին շատ եմ աշխատել, բավականին հաջող սպորտսմեն եմ եղել եւ վաստակել եմ գումար եւ կարողանում եմ իմ ընտանիքն այսօր նորմալ պահել:
– Սպորտսմեն եղած ժամանակների վաստակած գումարը մինչեւ այսօր բավականացնո՞ւմ է ապրելու համար:
– Այո: Պրոֆեսիոնալ ռինգում վաստակած գումարները դեռ ինձ երկար կբավականացնեն: Ի դեպ, ես այն եզակի պատգամավորներից եմ, ում հայտարարագիրը գնալով նվազել է: Վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ իմ հայտարարագիրը գնալով նվազել է:
– Պատգամավորական գործունեությունը ֆինանսական առումով Ձեզ վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն թողեց:
– Բացասական:
– Այդ դեպքում ինչո՞ւ եք շարունակում մնալ պատգամավոր:
– Ինձ դուր է գալիս լինել պատգամավոր:
– Կհստակեցնե՞ք՝ ի՞նչ է նշանակում՝ ինձ դուր է գալիս պատգամավոր լինել:
– Զբաղվել պատգամավորական աշխատանքով, զբաղվել քաղաքականությամբ: Ինչ-որ մի բանով օգտակար լինել մեր երկրին: Եկեք ճիշտ հասկանանք, կյանքում խնդիրը միայն փող աշխատելը չէ: Եվ որքան շատ՝ այնքան, ի դեպ, սկսում է չբավարարել: Մարդն իրենից պետք է բավարարված լինի:
– Իսկ ի՞նչ պատգամավորական աշխատանք եք անում հիմա: Կա՞ որեւէ օրենսդրական նախագիծ, որի վրա աշխատում եք:
– Այո, կա: Շուտով կլինեն:
– Ո՞ր ոլորտին է վերաբերում:
– Սպորտի, որտեղ շատ թերի է մեր օրենքը, որտեղ ապահովագրված չի ոչ մարզիկը, ոչ մարզիչը եւ ոչ էլ պետությունը գիտի իր պարտավորությունները եւ պարտականությունները:
– Սպորտի ներկայիս նախարարի հասցեին, ով Ձեր կուսակիցն է եւ լավ մարզիկ, բավականին քննադատություն հնչեցվեց արդեն…
– Կարծում եմ՝ դեռ ժամանակ կունենանք թե լավ կողմերով, թե վատ կողմերով քննադատելու եւ գովելու: Ժամանակ տանք, թող նորանշանակ նախարարն իրեն դրսեւորի:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ