Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր 20% բաժնեմասը «Գազպրոմին»՝ սուբսիդավորվելո՞ւ դիմաց

Հունիս 21,2013 14:00

Օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդի» 80% սեփականատիրոջ՝ «Գազպրոմի» հետ բանակցում են հայկական 20% բաժնեմասն էլ զիջելու շուրջ. «Գազպրոմն» ուզում է դառնալ «ՀայՌուսգազարդի» 100%-անոց սեփականատեր: Արդյոք Հայաստանին պատկանող այդ 20%-ն էլ ռուսական կողմին հանձնելով՝ մենք չե՞նք վճարելու Ռուսաստանից ակնկալվող  այն դրամաշնորհի համար, որով կառավարությունը պատրաստվում է 30%-ով սուբսիդավորել եկող ամսվանից թանկացող գազը: Սուբսիդավորման համար  դրամաշնորհ ստանալու բանակցությունները, ինչպես վստահեցնում է կառավարությունը, դեռ շարունակվում են, բայց, ըստ էության, չի բացառվում, որ «ՀայՌուսգազարդի» հենց հայկական 20% բաժնեմասը զիջելով՝ վճարվի ռուսական դրամաշնորհը: Համենայնդեպս, տնտեսագետների հաշվարկով՝ 30% սուբսիդավորման ծավալը համընկնում է հայկական 20% բաժնեմասի գնի հետ:

«Առավոտի» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր վերլուծությունը, ըստ որի՝  հայկական կողմի բաժնեմասի միայն բալանսային արժեքը, այս տարվա հունվարի 1-ով հաշվարկած, կազմում է 150-160 միլիոն դրամ, որը համընկնում է «ՀայՌուսգազարդում» մեր 20% մասնակցությանը. «Սա համապատասխանում է այն թվին, որը «Գազպրոմի»՝ գազի վերջին գնի բարձրացման 30% սուբսիդավորման արժեքն է: Շատ հնարավոր է՝  բաժնեմասը զիջենք, որովհետեւ իմ հաշվարկը ցույց է տալիս, որ նույն թվերն են: 1 տարվա ընթացքում Հայաստան մտնող գազի ծավալները եթե բազմապատկենք ու հաշվենք 30%-ը, ապա գրեթե նույն թվերն են: Եթե սա է բանակցության սեղանին դրված, ապա պետք է ասենք, որ Հայաստանի կառավարության հայտարարությունը նորից չի համապատասխանում իրականությանը, երբ խոսվում էր Ռուսաստանից գրանդ ստանալու մասին: Սա պարզ գործարք է՝ բաժնեմաս գազի դիմաց անվանումով: Բայց այդ սուբսիդավորումն էլ երկարաժամկետ չի կարող լինել՝ ընդամենը 1-2 տարի»: Պարոն Մինասյանի ներկայացմամբ՝ եթե հաշվի առնենք, որ «ՀայՌուսգազարդը» Հայաստանում իրականացնում է, բացի գազի ձեռք բերումից եւ բաշխումից, նաեւ էներգետիկ այլ ծրագրեր, եթե հաշվի առնենք, որ այս ընկերությունը ռազմավարական նշանակություն ունի, մենաշնորհային դիրք եւ ընդլայնող ընկերություն է, ապա  Հայաստանի 20%-ի վաճառքը պետք է դիտվի որպես բիզնես վաճառք, եւ այդ բալանսային 150-160 միլիոնը մի քանի անգամ պետք է բազմապատկվի, եւ այս տեսակետից այդ 20%-ը էական նշանակություն ունի:

Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդում» հայկական 20% բաժնեմասը կորցնելուն, որի հետ բազմաթիվ հնարավորություններ էլ ենք կորցնելու, ապա պարոն Մինասյանի կարծիքով՝ մինչ օրս էլ այդ 20%-ն ունենալով, Հայաստանի կառավարությունը ոչ մի լուրջ հնարավորություն եւ իրավունք չի օգտագործել: Պատգամավորի խոսքերով՝ «ՀայՌուսգազարդը» փակ բաժնետիրական ընկերություն է, բաժնետիրական ընկերություններում 20%-ը տալիս է մի շարք իրավունքներ. «Նա օգտվում է ձայնի իրավունքից բաժնետերերի ընդհանուր ժողովում, որտեղ որոշվում են ընկերության գործունեության ռազմավարական հարցերը, իրավունք ունի խորհրդի կազմում ներկայացուցիչ ունենալու: Բացի այդ, խոշոր եւ շահագրգիռ  գործարքներում 20%-ն ունի վճռական նշանակություն, օրինակ՝ եթե «Գազպրոմն» իր արտադրանքը մատակարարում է «ՀայՌուսգազարդին», եւ վերջինս պետք է որոշում կայացնի, այս դեպքում որոշման կայացման իրավունքը վերապահվում է բացառապես 20%-ին: Իսկ մյուս կարեւոր ու հիմնարար իրավունքը դիվիդենդ ստանալու իրավունքն է: Այս առումով երբ վերլուծում ենք, որպեսզի հասկանանք՝ Հայաստանի կառավարությունն իր իրավունքներն օգտագործե՞լ է, թե՞ ոչ, պարզվում է՝ չի եղել տարեկան կամ բաժնեմասերի ընդհանուր ժողով, որտեղ սկզբունքային հարցերի վերաբերյալ հայկական կողմը դեմ արտահայտվի: Կառավարման խորհրդի կազմում որեւէ արդյունավետությամբ մեր կառավարությունը աչքի չի ընկել, շահագրգիռ որեւէ գործարք չի մատնանշվում եւ չի հրապարակվում, եւ երբ գրավոր հարցում էինք ուղարկել էներգետիկայի նախարարին, նշել էին, որ չեն եղել այդպիսի գործարքներ: Մինչդեռ պարզ է, որ գազի ձեռք բերումն արդեն խոշոր գործարք է, եթե չհաշվենք նաեւ ներդրումային այլ ծրագրերը: Ինչ վերաբերում է դիվիդենդ ստանալու իրավունքին, ապա մենք տեսնում ենք, որ Հայաստանի բյուջեն երբեւէ դիվիդենդ չի ստացել, եկամուտ չենք ստացել, իսկ թե ինչու՝ դա այլ վերլուծության թեմա է»: Այսինքն՝ ըստ պարոն Մինասյանի, ունենալով 20%-ն ու դրան համարժեք կարեւոր իրավունքները՝ մեր կառավարությունն այդպես էլ չի կիրառել դրանք:

Տեսակետ է հնչել, որ մեր կառավարությունը ճիշտ կաներ, եթե այդ 20%-ը վաճառեր Հայաստանի տնտեսվարողներին կամ բնակիչներին: Այս առումով Արծվիկ Մինասյանն ասաց, որ, իհարկե, լավ կլիներ, բայց դրա համար գազամատակարարող ընկերությունը փակ բաժնետիրականից պետք է դառնա բաց բաժնետիրական, ինչն, իհարկե, չի անի:

Պատգամավորի դիտարկմամբ՝ «Հայաստանը չի կարող վաճառել իր 20% բաժնեմասը՝ առանց «Գազպրոմի» նախնական համաձայնության: «Գազպրոմն» ունի գնելու նախապատվության իրավունք, «Գազպրոմի» հրաժարվելուց հետո միայն այլ անձանց կարող ենք առաջարկել: Իսկ այս դեպքում, եթե առաջարկը հրապարակային է լինելու, ապա պետք է փոխվի ընկերության կազմակերպաիրավական ձեւը, դառնա բաց եւ ֆոնդային բորսայում վաճառի: Սա լուրջ քայլ կլիներ, որպեսզի ընկերությունը դառնար հրապարակային: Բայց վստահաբար կարող եմ պնդել, որ ռուսական կողմը չի համաձայնվի»:

Արծվիկ Մինասյանը մեկ այլ խնդիր էլ նշեց՝ Հայաստանի կառավարությունը, ըստ էության, հետայսու պետք է դիտարկի Հայաստան վաճառվող գազի օպերատոր ոչ թե «ՀայՌուսգազարդին», այլ «Գազպրոմին». վերջինս իր դուստր ձեռնարկության՝ «ՀայՌուսգազարդի» եւ վերջինիս պատկանող «Տրանսգազի» միջոցով է ծառայություն մատուցում Հայաստանին. «Եվ որեւէ նշանակություն չունի սահմանին ֆիքսված գինը՝ բացառությամբ, երբ հաշվարկվում է ԱԱՀ-ն: «Գազպրոմի» քաղաքականությունը աննախադեպ է, որովհետեւ նման բարձր ցուցանիշ չկա տարածաշրջանի ոչ մի երկրում: Այստեղ կառավարությունը ի վիճակի է ազդել եւ պահանջել «Գազպրոմից» վերացնել Հայաստանի նկատմամբ խտրական քաղաքականությունը, մնում է միայն ցանկանալ: Այսինքն՝ «Գազպրոմը» շահույթ է ստանում «Տրանսգազից» ու «ՀայՌուսգազարդից», իսկ ռեզիդենտության տեսակետից իրավունք չունի խտրական քաղաքականություն վարել. հային ավելի թանկ գազ վաճառել, քան ասենք՝ ռուսին»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930